
«ՀամաԿարգ» հասարակական-քաղաքական ակումբում կարծում են՝ պետության գործողություններն ուշանում են, ուստի ակումբի անդամները որոշել են հայտարարությամբ «հուշել» պետությանը, թե ինչ պետք է անել չդադարող պատերազմի պայմաններում։ Բնակչության համընդհանուր պատրաստություն, զինված ու զենք կիրառելուն պատրաստ ազգաբնակչություն, պաշտպանական համակարգերի ստեղծում․ Հայաստանի երկարաժամկետ անելիքների ցանկն է՝ ըստ «ՀամաԿարգ» ակումբի անդամների։
Կարճաժամկետ առումով «ՀամաԿարգն» առաջարկում է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ներխուժումը և պահանջելու անհապաղ դուրս բերել զինված ուժերը Հայաստանի տարածքից: Հարկ է նաեւ ՄԱԿ-ին խնդրել դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան` արձանագրելու Ադրբեջանի ստորաբաժանումների դուրսբերման փաստը: Ակումբի անդամ, քաղաքագետ Հրանտ Խաչատրյանի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի է հիմա միջազգային իրավունքը գործում, որքանով են ՄԱԿ-ի անդամ երկրների պարտավորությունները մյուսների նկատմամբ կատարվում, պետք է դիմել ՄԱԿ-ին, քանի որ «մեծ ու փոքր»-ի հարաբերություններում միջազգային իրավունքը կարևոր դեր ունի․
«Հայաստանը, ելնելով իր չափերից, հնարավորություններից, հատկապես, երբ արդեն հակամարտությունը դուրս է եկել նեղ իմաստով տարածաշրջանային հակամարտության կարգավիճակից, անպայման պետք է դիմի միջազգային իրավունքին։ Եվ ոչ թե հայցել, այլ պահանջել իրենց կողմից միջազգային իրավունքի նորմերի պահպանումը մեր երկրի, ներառյալ Արցախի նկատմամբ»,- ասում է քաղաքագետը։
«ՀամաԿարգ» ակումբն առաջարկում է նաև ռազմական դրություն հայտարարել։ Այն է՝ զորքերը փոխադրել լիակատար մարտական պատրաստվածության վիճակի, նաև մասնակի զորահավաք հայտարարել: Ակումբի անդամ, ռազմարդյունաբերական փորձագետ Ավետիք Քերոբյանը Ադրբեջանի այսօրվա գործողությունները պատերազմական ակտ է բնորոշում և հավելում՝ թշնամին հիբրիդային պատերազմի սկզբունքով է գործում․
«Մեր թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուղղակի կարիք չեն տեսնում ռազմական գործողություններ վերսկսելու, քանի որ կարողանում են իրենց նպատակներին հասնել փոքր չափերի գործողություններով։ Իրականում նպատակը Հայաստանին ճնշելն ու շանտաժի ենթարկելն է, և այդ շանտաժը հաջողվում է, որովհետև այսօր տեսնում ենք՝ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները հարկադրված են չկատարել իրենց առջև դրված սահմանադրական պարտավորությունները»,- ասում է փորձագետը։
Զորահավաք հայտարարելը, ռազմական դրության հայտարարումը, ըստ քաղաքագետ Հրանտ Խաչատրյանի, կարող է հակասել ներքաղաքական որոշ հարցերի, մասնավորապես, արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Բայց ակումբի անդամները միակարծիք են՝ պետական որոշումներն այժմ պետք են նախ երկիրը պաշտպանելու համար։

«Եթե ներկայիս կառավարությունը, իշխանությունն ի վիճակի չեն՝ անպայման պետք է իրենց տեղը զիջեն մեկ այլ կառավարության, որն ի վիճակի է։ Խոսքը չի գնում իրավիճակային այն դրույթի հետ, որ այս կառավարությունը պետք է հեռանա և հների կողմից կառավարություն ստեղծվի, խոսքը գնում է բառի բուն իմաստով հայակենտրոն մտածողությամբ մարդկանց միջոցով կազմվող կառավարության մասին»,- ասում է Հրանտ Խաչատրյանը։
Փորձագետն այն դիտարկմանն է, որ Ադրբեջանը փորձում է առանց կրակելու հասնել արդյունքների։ Այդ գործողությունները պետք է արժանի արձագանք ստանան՝ շարունակում է ակումբի անդամ, ռազմարդյունաբերական փորձագետ Ավետիք Քերոբյանը․ չդադարող պատերազմի պայմաններում ընտրությունները երկրորդական են դառնում։
«Ռազմական դրությունը և ընտրական գործընթացն իրար կապելը մոլորություն է։ Ռազմական դրություն կարելի է հայտարարել սահմանափակ ժամկետով, ասենք՝ 20 կամ 30 օրով։ Բայց ռազմական դրություն հայտարարելն է առաջնահերթ, քանի որ մենք գործ ունենք պատերազմական ակտի հետ»,- ասում է Քերոբյանը։
Չդադարող պատերազմի վկայություն է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջների խախտումը, որից հետո Քիսավանում, Խծաբերդում և Հին Թաղերում ռազմական գործողություններ են եղել, զոհեր ու գերեվարված անձինք՝ ասում է Քերոբյանը։ Չի պահպանվել որևէ սկկզբունք՝ հրադադարի պահպանումից մինչև գերիների վերադարձ։
«ՀամաԿարգ» ակումբի առաջարկներն ավելի լայն շրջանակ ունեն։ Օրինակ՝ ավագ դասարանների բոլոր աշակերտների համար պարտադիր զինվորական պատրաստության դաշտային վարժանքներ իրականացնել: Ավետիք Քերոբյանի դիտարկմամբ՝բնակչության զինվորական լիակատար պատրաստությանն այլընտրանք չունենք, քանի որ մեր դիմաց կանգնած է թվաքանակով և տեխնիկապես գերազանցող թշնամի։
«Մեծ մոլորություն է կարծել, թե միայն մեր զինված ուժերը կամ ուժային կառույցների ստորաբաժանումներն են պարտավոր իրականացնել մեր երկրի պաշտպանությունը։ Կարծում եմ՝ մեր երկրի պաշտպանությունը բնակչության, նաև Սփյուռքի գործն է, որովհետև հայրենիքը միայն քաղաքացիներով կամ ընտրական իրավունք ունեցողներով չպետք է բավարարվի»,- նշում է փորձագետը։

«ՀամաԿարգ» ակումբը նաեւ առաջարկում է ԴՈՍԱԱՖ Համահայկական Հայրենասիրական ՀԿ ողջ ենթակառուցվածքը ժամանակավորապես տրամադրել «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ-ին՝ պատրաստելու մարտունակ պահեստազոր Հայաստանի ողջ տարածքում եւ դա պետբյուջեից ֆինանսավորել: Քերոբյանը բացատրում է․
«Ինչու՞ «ՈՄԱ»-ն, որովհետև այն իր գործունակությունը և արդյունավետությունն արդեն ապացուցել է։ 2020թ-ի աշնանն իր կազմակերպվածության, իր համալրվածության և պատրաստության շնորհիվ կարողացել է ռազմաճակատում կարևոր խնդիր լուծել , թույլ չտալ թշնամու առաջխաղացումը խիստ կարևոր ռազմավարական ուղղությամբ։ «ՈՄԱ»-ի նման կառույցները մեր երկրի համար ուղղակի անհրաժեշտություն են»,- բացատրում է Քերոբյանը։
Հայաստանը նման է նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի, որը շարունակում է նույն դիրքում մնալ՝ լրացուցիչ հարվածներ չստանալու համար։ Բայց այդ դիրքում մնալու իրավունք չունենք։ Փորձագետի համեմատությունն է։
«Սա այն վիճակն է, որ լրացուցիչ հարվածները մեզ ոչ թե սպանելու են, այլ հիմնավորելու են կարծիքը, որ պետք է շարունակել պայքարը, պատրաստվենք հաջորդ մարտին»,- նշում է Ավետիք Քերոբյանը։
«ՀամաԿարգ» ակումբի անդամների դիտարկմամբ՝ 21-րդ դարում պատերազմներին դիմակայելու և գոյությունը շարունակելու համար պետք է սահմանափակ տարածքում հզոր, կուռ պաշտպանական համակարգ ստեղծել․ Հայաստանի դեպքում հաջորդ մարտն արդեն ընթանում է՝ զգուշացնում են։




