ԿարևորՀասարակություն

Գյումրին և ֆրանսիական Մոն դը Մաղսանը քույր քաղաքներ կդառնան

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր` մայիսի 21-ին, ընդունել է Ֆրանսիայի Մոն դը Մաղսան քաղաքի Գաստոնիե թատրոնի տնօրեն Անտուան Գարիելիի գլխավորությամբ Գյումրի ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

Սամվել Բալասանյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, ապա նրանց ներկայացրել Գյումրին իր պատմությամբ, մշակույթով և սպորտով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Անտուան Գարիելին իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կիսվել քաղաքից ստացած տպավորություններով, ապա անդրադարձել իրենց նախաձեռնությանը, որի շրջանակներում նախատեսում են Մոն Դը Մաղսանում անցկացնել հայկական մշակույթի փառատոն` համագործակցելով Ֆրանսիայում բնակվող և ծագումով հայ արվեստագետների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Մոն դը Մաղսանի և Գյումրու միջև քույր քաղաքների հուշագիր ստորագրելու, դրա ընթացակարգերի, անհրաժեշտ աշխատանքների մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության և քույր քաղաքների հուշագրի ստորագրման նախաձեռնությունը հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու:

Հանդիպումից հետո հյուրերը եղել են նաև Գյումրու պատմության թանգարանում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Կարդացեք նաև

Back to top button