Ինչպե՞ս են ծնվել Առնո Բաբաջանյանի ստեղծագոծություններն ու ի՞նչ ճանապարհ են անցել։ Այս մասին Հանրային ռադիոյի նոր՝ համերգ-դասախոսության ձևաչափում, կպատմեն Հանրային ռադիոյի Էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Մարտին Վարդազարյանը և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը։
Մանկապարտեզի դաշնամուրը կանխորոշեց Առնո Բաբաջանյանի ճակատագիրը: Նա մանկապարտեզ հաճախեց հենց դաշնամուրի համար։ Մի օր էլ դաստիարակչուհին երեխաներին ասաց. «Մի քեռի է գալու, ստուգելու է ձեր լսողությունը»։
Քեռին եկավ, միասին երգեցին, հետո խնդրեց չափով ծափ տալ։ Հերթը Առնոյինն էր։
«Այս երեխան պետք է երաժիշտ դառնա»,- ասաց քեռին։ Երկու տարի անց Առնոն իմացավ, որ քեռու անունը Արամ էր, իսկ ավարտական համերգին արդեն գիտեր, որ քեռին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է: Նա համերգի ժամանակ կրկին մոտեցավ, ձեռքը դրեց ուսին ու ասաց. «Լավ էիր նվագում»։
Ստեղծագործելուց զատ Առնոն ևս մեկ տարերք ուներ՝ սպորտը: Նա երբեք բաց չէր թողնում «Դինամո»-ի խաղերը, մտերիմ ընկերոջ՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հետ երեկոները ուղղակի տոնի էր վերածում։ Սկզբում պարտվում էր շախմատի արքային, հետո բերում էր նարդին, ու այստեղ արքան ինքն էր։ Հպարտանում էր՝ նարդու հարցում ես Տիգրան Պետրոսյան եմ։
Առնո Բաբաջանյանի մասին այսպիսի բազմաթիվ հուշեր են պատմելու մայիսի 29-ին կպատմեն կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը։ Մինչ այդ՝ Հանրային ռադիոյի 6-րդ, լեգենդար ստուդիայում փորձ է:
Մայիսի 29-ին համերգից բացի՝ լինելու է նաև դասախոսություն: Զրո՞ւյց, թե՞ դասախոսություն. մաեստորոներն այս հարցում միակարծիք չեն.
Երվանդ Երզնկյան․ «Մարտին Վարդազարյանի հետ խոսում էինք: Ասում է՝ համերգ-դասախոսությունը լավ չէ, ավելի լավ կլիներ՝ համերգ-զրույց: Ես ասում եմ՝ ում համար՝ զրույց, ում համար՝ դասախոսություն։ Շատ մարդիկ Առնոյին չեն ճանաչել, իրավուքն ունեն որոշ ինֆորմացիա իմանալ նրա կյանքի, գործունեության ու ընկերական շրջապատում նրա պահվածքի մասին»:
«Կպատմեն նաև, թե որ ստեղծագործությունը ինչպես է ծնվել, ինչ ճանապարհ է անցել։ Խիստ մարդ էր»,- նկատում է Երվանդ Երզնկյանը ու հավելում՝ մյուս կողմից՝ նաև շատ բարի էր։
Երվանդ Երզնկյան․«Էդ ձայնագրությունները, երբ Առնոն գալիս էր, վերելքով էին անցնում։ Ինքը ամեն օր չէր գալիս, նոկտյուրնը բերեց, ինքն էլ նվագեց: Ես էլ բաս կիթառ էի նվագում, ես՝ նիհար ու ջահել»:
Մարտին Վարդազարյան․ «Լինելու է համերգ-զրույց, դասախություն կարիք չունի Բաբաջանյանը: Նա այսօր էլ մեզ հետ է: Քանի սերունդ կրթվեց Առնոյի երաժշտությամբ, ու քանիսը գնացին: Պակասել ենք, ախր»։
Առնոն իր ստեղծագործությունները առաջին անգամ կատարում էր Հայաստանում։ Մարտին Վարդազարյանն ասում է, որ նա դաշնամուրի հետաքրքիր զգացողություն ուներ.
«Մի անգամ Դիլիջանում էինք: Բաբաջանյանը նվագեց Ռախմանինովի բոլոր պրելյուդները։ Յուրահատուկ ձեռքեր ուներ»։
Մարդիկ, որոնք սիրում են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, կարող են դրանք վայելել մայիսի 29-ին, ժամը 17-ին, Հանրային ռադիոյի 6-րդ ստուդիայում։





