
Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև անվտանգության գոտի ստեղծվի, ապա երկու երկրներն աշխարհում առաջին հակամարտող կողմերը կլինեն, որոնց դա հաջողվել է՝ «Ռադիոլուր»-ին ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ գաղափարը կարող է իրականություն դառնալ միջազգային հանրության հստակ պահանջի դեպքում միայն։
Այն առաջին հերթին սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգությունն է երաշխավորելու։ Անվտանգության գոտու մասին առաջինը խոսել է Մարդու իրավունքների պաշտպանը, նրա հետ համամիտ է նաև երկրի նախագահը։ Որքանո՞վ է իրատեսական անվտանգության գոտի ստեղծելու հեռանկարը և ինչպիսին է միջազգային փորձը։
Թե ինչպես են նախօրեին ադրբեջանցիները Սյունիքի մարզի Խոզնավար համայնք հասել, վարչական շրջանի ղեկավարը դժվարանում է ասել։ Վարո Գրիգորյանը միայն գիտի, որ նրանց անասնապահներն են նկատել։ Չորս տասնյակ ադրբեջանցի Իշխանասարի կողմից մոտ 1․5 կմ առաջ է եկել։
«Չենք պատկերացնում, թե ինչ ճանապարհով են եկել։ Ձորի միջով եկել են, ոչ մի կողմից տեսանելի չի եղել։ Անասնապահներն են նրանց նկատել ու բարձրաձայնել։ Ահագին են եղել, մոտ մի 40 հոգի» ։
Թշնամին արդեն ելման դիրքերում է։ Խոզնավարում մինչ պատերազմը 450 հա արոտավայր ու 1000 գլուխ անասուն կար։ Արոտավայրերը պակասել են․ թե որքան, համայնքի ղեկավարը դժվարանում է ասել, բայց արձանագրում է՝ դրանք չեն բավարարում։ Տեղացիների տրամադրություններն ու տրամադրվածությունը լավ են՝ ասում է Վարո Գրիգորյանը։

Հայաստանի հյուսիսում՝ սահմանամերձ Գեղարքունիքում նույնպես տրամադրությունը մարտական է։ Գիշերը միջադեպեր չեն գրանցվել՝ «Ռադիոլուր»-ին ասում է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Ժողովուրդը սպասում է, թե կառավարությունն ինչ է որոշելու։ Մենք չենք կարող հանդուրժել, որ թուրքերն այդ վայրերում տեղակայվեն ու մնան։ Դա կհանգեցնի շատ վատ հետևանքների։ Եթե ռազմական գործողություններ լինեն, ժողովրդի տրամադրվածությունն այնպիսին է, որ մեծից փոքր մասնակցելու են»։
Ադրբեջանցիների՝ հայկական տարածք հատելու փորձերի մասին դեռ լուրեր չկային, բայց սահմանամերձ բնակավայրերում անվտանգության գոտիներ ստեղծելու անհրաժեշտության մասին Հայաստանի ՄԻՊ–ը նոյեմբերի 9–ից հետո խոսել է ոչ մեկ անգամ։ Անվտանգության գոտու անհրաժեշտությունը կարևորում է նաև Հայաստանի նախագահը։ ՆԱրման Թաթոյանն ընդգծում է՝ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը`առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլև նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ է դառնալու, քանի դեռ իրավիճակն այսպիսին է։
«Ադրբեջանական բարձրագույն իշխանությունները ոչ միայն չեն դադարեցրել, այլ ավելի են խորացրել հայատյացության ու ֆաշիզմի հասնող թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Խոսքն իրական ցեղասպան քաղաքականության մասին է ։ Ադրբեջանական զինված ծառայողները անօրինական ներկա են ՀՀ ինքնիշխան տարածքում` Գեղարքունիքում և Սյունիքում` խաթարելով հայաստանյան հասարակության հոգեկան անդորրը»:
Անվտանգության գոտին գրեթե նույն չեզոք գոտին է՝ «Ռադիոլուր»-ին պարզաբանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, բայց նաև նշում տարբերությունները․ եթե չեզոք գոտում կարող են զինված խմբեր, ադրբեջանցիներ հայտնվել, ապա անվտանգության գոտիներում նման իրավիճակ չի կարող լինել։ Անվտանգության գոտին խախտողները ոչ թե գերեվարվում են, այլ՝ վերադարձվում՝ ասում է մասնագետը
«Սա անվտանգության գոտու ամենակարևոր դրույթներից մեկն է։ Ի տարբերություն չեզոք գոտու՝ այս դեպքում կա հստակ բաժանում ՝ հստակեցվում է ՝ կոնկրետ մեկ կմ թե օրինակ՝ 700 մետր է լինելու այն։ Անվտանգության գոտիներից հետո են միայն սահմանապահ ուղեկալներ կամ դիրքեր տեղադրվում»։

Անվտանգության գոտու դեպքում տարածքը կողմերի միջև հավասար է բաժանվում ՝ ասում է փորձագետը։ Օրինակ, եթե որոշվում է, որ այն պետք է 700 մետր լայնություն ունենա, ապա 350-ական մետր առանձնացվում է յուրաքանչյուր կողմից։ Կարեն Հովհաննիսյանն արձանագրում է՝ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև իսկապես անվտանգության գոտի ստեղծվի, ապա երկու երկրները աշխարհում առաջին հակամարտող կողմերը կլինեն, որ կստեղծեն այն։
Շատերն են ցանկացել նման գոտիներ ստեղծել, բայց չեն կարողացել՝ ասում է․
«Եթե մեզ մոտ դա հաջողվի կիրառել, ապա այն առաջին հերթին երաշխավորելու է սահմանամերձ բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև այգեգործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու նրանց հնարավորությունը»։
Հաշվի առնելով սահմանային հարցերի վերաբերյալ ադրբեջանական կողմի ոչ կառուցողական մոտեցումը՝ փորձագետն այս պահին անվտանգության գոտու ստեղծումն իրատեսական չի համարում։ Կարծում է, որ այն կարող է իրականություն դառնալ միջազգային հանրության հստակ պահանջի դեպքում։




