ԿարևորՀասարակություն

Պատերազմի դաշտում նաև սեր է ծնվում

Պատերազմը բոլորի մոտ միայն վատ հիշողություններ է թողնում։ Սակայն «Ռադիոլուրի» հերոսների համար այն նաև դրական հիշողություններով է ամրապնդվել։ Զինվորականները պատերազմի թեժ օրերին են բացահայտել միմյանց նկատմամբ զգացմունքը։

Նինա Թորոսյանն է։ 25-ամյա աղջիկն արդեն երկու  տարի է, ինչ կրում է սպայի ուսադիրներ։ Վարդենիսի N զորամասում՝ հրետանային դիվիզիոնում, կապի պետ է։ Սեպտեմբերի 27-ին մարտական ընկերների հետ մեկնել է առաջնագիծ։ Գիտելիքներն այստեղ էին պետք։ Պատերազմի օրերն անցկացրել է Քարվաճառի շրջանում՝ Օմարի լեռներում։ Պատերազմը շատ դժվարությունների միջով է անցկացրել կոչումով լեյտենանտին։ Ընկերների մահ տեսել, ամեն պայթյունից ու հարձակումից մազապուրծ  փրկվել, սոված ու անքուն գիշերներ անցկացրել։ Ժամանակ չկար դրանց մասին մտածելու, ասում է։

«Պատերազմի ընթացքում շատ դժվարություններ տեսանք։ Զոհեր տեսանք, ցավոք սրտի։ Այնպիսի իրավիճակ էր, որ մեկս մյուսին պետք է սատար կանգնեինք»։

Արա Զաքարյան։ Կոչումով մայորը նույնպես 44-օրյա պայքարը տարել է  Օմարի լեռներում։ Տեսել նույն դժվարությունները՝ յուրաքանչյուր զինվորի անվտանգությունը համարելով առաջնային խնդիր։ Զինվորի մատը փուշ չպիտի մտնի, ասում է ու շարունակում հիշել պատերազմի օրերը։

Մի կողմից ձեռքն է թրթռացել հակառակորդի դեմ կռվում, մյուս կողմից՝ սիրտը նույն դիրքում կռիվ տվող զինակից ընկերոջ, այդքան զինվորականների մեջ միակ կնոջ՝ Նինայի համար։  Պատերազմի ընթացքում է բացահայտել սրտում թաքնվածը՝ անտարբեր չէ Նինայի հանդեպ։  

«Պարբերաբար հանդիպում էինք, ու խոստովանությունը եղավ էդ ծածկաճեղքում, որտեղ Նինա զինվորների հետ անցկացնում էր։ Ես մարտական  կրակային դիրքերում էի։ Մութ, խոնավ տեղ նստած էի։ Առաջին անգամ շատ զարմանալի էր։ Ես հանկարծակիի եկա։ Մտքովս անգամ չէր անցնի, որ  պատերազմի դաշտում ճակատագրական որոշման առաջ կկանգնեմ։ Առաջարկը ստանալուց հետո կիսվել եմ հարազատ մարդկանց հետ»։

Ընկերների հետ կիսվել ու  առանց երկմտելու տվել է համատեղ կյանք կառուցելու հավանությունը։ Արան ամեն ինչ արեց,որ պատերազմը ոչ միայն վատ, այլ նաև դրական հիշողություններով առանձնանա իմ կյանքում, ասում է լեյտենանտ կինը։  

«Պատերազմը ցույց տվեց, որ ոչ միայն  խլում է վատ հիշողություններով է ինքը, կարող է այնպես լինել, որ պատերազմի դաշտից կարող են լավ հիշողություններ էլ մնան։ Բոլորը ողջունեցին մեր որոշումը»։ 

Որոշումը կայացրին, առաջին օրհնությունը դիրքերում ստացան, հետո ամուսնությունը հաստատեցին Սուրբ Աննա եկեղեցում։ Արդեն երկու ամիս է զինվորական զույգի առավոտներն այսպես են սկսվում։

Համատեղ կյանքը ստացված է, փաստում են ամուսինները։ Թեև ամուսնության  որոշումը հապճեպ են կայացրել, սակայն մի րոպե անգամ դրանում չեն փոշմանել։ Զինվորական կարգապահությամբ, բայց միմյանց նկատմամբ մեծ հոգատարությամբ ամուսինները համատեղ երկու ամսվա ընթացքում ավելի են ջերմացել միմյանց նկատմամբ։ Մի քանի օրվա մեջ կայացրած որոշման հարցում չեն փոշմանել։

«Իմ սիրո առաջարկությունն արել եմ և չեմ փոշմանել։  Մոտ երկու ամսվա համատեղ կյանք ունենք։ Դեռևս չի եղել մի իրավիճակ, որ մտածեմ ընտրությունս սխալ է։ Օր օրի ավելի շատ ենք իրար սիրում»։

Ծառայության մեջ խիստ, սակայն առօրյա կյանքում արդեն  հոգատար կին։ Այսպես է կնոջը բնութագրում Արան։ Արդյո՞ք հեշտ է զինվորական կին ունենալու մեր հարցին՝ Արան հումորով է պատասխանում;

«Տանը ես իր հրամաններն եմ կատարում, զորամասում ինքը՝ իմը»։

Զինվորական կյանքին կտրվի անմնացորդ, սակայն հայրենիքին երեխաներ էլ են պետք։ Դեռ չի որոշել քանի, բայց որ իր ձևակերպմամբ, ճժերը պիտի շատ լինեն, հաստատ է, ասում է։  

Կարդացեք նաև

Back to top button