ԿարևորՀասարակություն

Վանաձորի քաղաքապետը՝ Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում․պատճառը չվճարված գույքահարկն է

2018 թվականին գրվեց  ու, թվում էր՝ մոռացվեց պատմությունն այն մասին, թե ինչպես են Ղազախստանի ու ՌԴ քաղաքացիները  գրանցվել Հայաստանում,  մեքենա ներկրել, վաճառել ու հեռացել՝ չվճարելով գույքահարկի գումարները: 3 տարի առաջ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չէր պատկերացնի, որ այս խնդրով մի օր կհայտնվի Հաշվեքննիչ պալատի խոշորացույցի տակ: Խնդրի կարգավորումը, քաղաքապետի կարծիքով, միջպետական մակարդակում է. ինքն ամեն ինչ արել է օրենքով:

Քաղաքապետը մամուլից է իմացել, որ կրկին հանրային ուշադրության կենտրոնում է: Իմացել է ու արձանագրում է՝  առիթն իր համար բացահայտումների շարքից չէ:

Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների վերաբերյալ այս շաբաթ մի քանի հրապարակում եղավ: Դրանք անդրադառնում էին Վանաձորի  քաղաքապետարանի 2019թ.-ի ֆինանսական գործունեությանը: Մասնավորապես, նշվում էր 2019թ.-ից  գույքահարկի գծով Վանաձոր համայնքին ունեցած մեծ պարտքերի մասին: Մամիկոն Ասլանյանը նախ զարմացել է, որ սյունիքյան դեպքերի խառը օրերին մամուլը հիշել է իրեն: Նա սակայն, դրանից շատ չի վրդովվել: Բացատրում է, թե ինչու.   

«Դա ԵԱՏՄ կանոնակարգերով կարգավորվող հարաբերություն է եղել: ԵԱՏՄ երկրներից, հաշվի առնելով ավտոշուկայի տարբերությունները, Հայաստանից ահագին մեքենաներ են գնել 2018-2019 թթ-ին:  Է՜հ, լավ են արել, գնել էն: Մենք չէինք կարող թույլ չտալ, որ չգնեին, 2-րդը՝ մենք որևէ այլ մեխանիզմ չունենք, որ այդ քաղաքացիներին թույլ չտայինք էդ մեքենաները դուրս չտանեին, 3-րդը՝ մենք հետադարձ կապի մեխանիզմը չունենք այդ մարդկանցից, որ էդ մարդկանցից գնանք, գումարը ուզենք: Հո չե՞նք կարող քաղաքապետարանի աշխատակիցներին ուղարկել Ղազախստան, գնան, նստեն՝ գույքահարկ հավաքեն»:

Մարզպետարանին խնդրի մասին տեղեկացրել են դեռ 2018թ.-ին: Գրություններ են ուղարկել վարչապետին և նախարարություններ՝ գույքահարկի գծով համայնքի վրա կուտակվող հետագա պարտավորություններից  խուսափելու նպատակով:  Մամիկոն Ասլանյանը մանրամասնում է.

«5000-6000 մեքենայի մասին է խոսքը: Մոտ 120 մլն. դրամ է էդ տարիների ընթացքում կուտակվել: Վերնագիրը նայում եք, կարծես թե ստվերելու բան կա, նյութը բացում- կարդում ես, Ղազախստանի քաղաքացիներն այստեղ մեքենա են առել, էդ մեքենաների կուտակվող գույքահարկը մնացել ա քաղաքապետարանին, մենք նախորդ տարիներից, 10-ամյակներից էլ ունենք կուտակված պարքտեր»:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Վանաձորի բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի 2019թ.-ի բազայում Հաշվեքննիչ պալատը բացահայտել էր օտարերկրյա քաղաքացիների սեփականություն հանդիսացող  7000-ից ավելի ավտոմեքենա: ԵԱՏՄ երկրների, հիմնականում՝ Ղազախստանի քաղաքացիները, ժամանակավոր գրանցում ստանալով համայնքում, օտարերկրացու անունով որպես սեփականություն գրանցել են մեքենաներն ու տարել: Արդյունքում՝ 2019թ.-ի վերջի դրությամբ Վանաձորի քաղաքապետարանի նկատմամբ կուտակվել է 124 մլն. դրամ գույքահարկի պարտք: Համայնքի բյուջեի ընդհանուր  պարտքը գույքահարկի գծով շուրջ 152 մլն դրամ է: Ընդ որում՝ Հաշվեքննիչ պալատը համայնքի բյուջեի նկատմամբ պարտքն անհուսալի էր դասակարգել, հարկատուներին էլ՝ ռիսկային:

Մամուլի հրապարակումների վերնագրերում Մամիկոն Ասլանյանը   միտումնավորություն չի տեսնում, գիտի, որ լրագրողական տեխնիկա է՝ վերնագիրն ընտրվում է ըստ նպատակի: Հաշվեքննիչ պալատի ուշադրության կենտրոնում հայտնվելն էլ քաղաքապետին շատ չի հուզել. ի վերջո, այս տարի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, ու  2021-ին ՏԻՄ նոր ընտրորւթյուններ են լինելու: Ինքն առաջադրվելու է՝ անկախ իշխանությունների  ցանկությունից: Ասում է. 

«Ես, ճիշտն ասած, չգիտեմ, ում համար ով է ցանկալի, ով չի ցանկալի, հիմա ժամանակներն էնքան խառն ու դժնդակ են: Վանաձորի ժողովուրդը  պիտի որոշի,  թե իր համար որ քաղաքապետն է ցանկալի կամ անցանկալի: Կատարած աշխատանքը, անցած ճանապարհը ի մի բերելով է, որ ես մտածում եմ, կարելի է առաջադրվել և ժողովրդի դատին ներկայանալ: Ում համար ով է ցանկալի, ով չի ցանկալի. էսօր ցանկալիների ու անցանկալիների անուններն էնքա՜ն արագ են փոխվում»:

Խնդրի կարգավորումը, ինչպես Մամիկոն Ասլանյանն է պնդում, ավելի բարձր՝ ԵԱՏՄ նախարարների կամ փոխվարչապետերի մակարդակում է: Առայժմ չկա  գործուն մեխանիզմ, որը հայաստանյան գրանցում ունեցող և այսօր Ղազախստանում կամ Դաղստանում երթևեկող մեքենաների տերերին կպարտադրի մարել գույքահարկի գծով Վանաձորի քաղաքապետարանին ունեցած պարտավորությունները: Հաշվեքննիչի ուսումնասիրության վերջնական արդյունքներն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն հունիսին և կներկայացվեն Վանաձորի ավագանու նիստում:

Կարդացեք նաև

Back to top button