ԿարևորՀասարակություն

Վրաստանի օրենքները և դրանց հասանելիությունը ազգային փոքրամասնություններին

Վրաստանի օրենսդրությունը մայրենի լեզվով հասանելի չէ առնվազն երկրի երկու խոշոր էթնիկ համայնքներին։ Թեև բազմազգ Վրաստանում ժամանակ առ ժամանակ թարգմանվել են օրենսդրական ակտերը, սակայն այս պահին «օրենսդրական տեղեկատու» կայքում միայն երեք օրենք է հասանելի հայերենով։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամենամյա տարեկան զեկույցում շարունակում է արձանագրել ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցով առկա մարտահրավերները։ Հայաբնակ Սամցխե-Ջավախեթիիում Օմբուդսմենի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանը «Ռադոիոլուրին» ասում է՝ խնդիրների թվում է նաև օրենքների անհասանելիությունը․

«Ամեն տարի Օմբուդսմենը հաշվետվություն է ներկայացնում խորհրդարանին, դրանում  հատուկ գլուխ է հատկացված ազգային փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին։ Նշվում է նաև ազգային փոքրամասնություններին հասանելի լեզվով օրենքների, այլ պաշտոնական հայտարարությունների անհասանելիությունը, ըստ այդմ պետական կառույցներին խորհուրդ է տրվում համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»։

Բաղդասարյանի խոսքով, դա չի նշանակում, թե օրինակ շրջանում տեղյակ չեն երկրի օրենքներին։ Տարբեր ժամանակներում, եթե նույնիսկ օրենքներն ամբողջությամբ չեն թարգմանվել հայերեն, այդուհանդերձ պատկան մարմինները, եվրոպական կառույցներն ու  լրատվամիջոցներն առանձնացրել են ազգային փոքրամասնություններին վերաբերող, նրանց առավել շատ հետաքրքրող կետերը։ Իսկ պաշտպանի գրասենյակն արդեն գործարկել է կայքէջի հայերեն տարբերակը, Ախալքալաքի շրջանային գրասենյակն էլ քաղաքացիներին տեղեկատվություն է տրամադրում, դիմումներ ընդունում իրենց նախընտրելի լեզվով․

Այսպիսով հազարավոր օրենքներից մի քանի կարևորներ են թարգմանվել հայերեն և ադրբեջաներեն։ Իսկ այս պահին միայն երեք կարևոր օրենք (Վրաստանի Սահմանադրությունը https://bit.ly/2ZQyISe, «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրենքը http://bit.ly/3pR3d4T և «Կանանց նկատմամբ բռնության և/կամ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերին պաշտպանելու եւ օգնելու մասին» օրենքը http://bit.ly/3aUa6ON) կա, որոնց վերջնական, փոփոխված տարբերակը թարգմանված և տեղադրված է Վրաստանի «օրենսդրական տեղեկատու» կայքում։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» փաստաբան Անդրանիկ Մինասյանն ասում է․ «Վրաստանն ուղիղ պարտավորություն չունի փոքրամասնությունների համար հասանելի լեզվով թարգմանել օրենսդրական ակտերը։ «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիան ասում է, որ պետությունը պետք է ապահովի, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք խտրականության չենթարկվեն լրատվամիջոցների հասանելիության առումով, ինչը կարելի է մեկնաբանել որպես փոքրամասնություններին հասանելի լեզվով տեղեկատվություն մատուցելու պարտավորություն»։

Մինասյանի խոսքով, հաշվի առնելով փաստը, որ հատկապես ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված շրջաններում դեռևս լիովին չեն տիրապետում պետական լեզվին, օրենքի չիմացության հավանականությունն այստեղ ավելի մեծ է, ինչը կարող է խնդիրներ առաջացնել։ Օրենքների թարգմանությունը, ըստ նրա, Վրաստանի նման բազմազգ երկրում իհարկե ցանկալի է, սակայն, երկրում հաճախ փոփոխվող բազմաթիվ օրենքների թարգմանությունը հսկայական ռեսուրսներ է պահանջում

«Կարևոր է, որ փոքրամասնությունների լեզվով թարգմանվեն նաև Վրաստանի Քրեական ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերը, որոնք ցավոք շատ հաճախ են փոփոխության ենթարկվում»։

Համավարակի տարում Վրաստանի կառավարությունը որոշ ծառայությունների մատուցումն սկսեց իրականացնել նաև փոքրամասնությունների լեզվով։ Կորոնավիրուսի մասին տեղեկատվական բրոշուրները հասանելի լեզուներով ակտիվորեն տարածվեցին ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված շրջաններում։ Այդպիսով բոլորն այսօր տեղյակ են, թե վերջին փոփոխություններով Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը որքան տուգանք է ենթադրում դիմակ չկրելու, պարետային ժամը եւ մյուս սահմանափակումների խախտելու դեպքում։ 

Փաստաբանը նաև ընդգծում է՝ որոշ կարևոր օրենսդրական ակտերի թարգմանությունն ամենեւին չի վնասի պետական լեզվի տիրապետման գործին։ Այս հարցով պետությունը պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի երկրի յուրաքանչյուր քաղաքացի շահագրգռված լինի սովորել վրացերեն։

Կարդացեք նաև

Back to top button