
Համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակում բանկերը 119 մլրդ դրամ վարկ են տրամադրել տնտեսավարողներին։ Դրանց տոկոսադրույքները սուբսիդավորել է պետությունը։ Փորձագետները կարծում են, որ այս ծրագրերից բանկերն ավելի են շահել, քան տնտեսվարողները։ Բանկերի միությունում, սակայն, այլ կարծիքի են։
Ինչպե՞ս ազդեցին պատերազմն ու համավարակը բանկային համակարգի վրա։ Բանկերի միությունում ցուցանիշերի նվազում արձանագրել են․ այս տարվա առաջին եռամսյակում բանկերի շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է 16․9 տոկոսով։ Միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը «Ռադիոլուր»–ի հարցին ի պատասխան նշեց՝ 2021թ․ մարտի դրությամբ Հայաստանում ժամկետանց կամ չաշխատող վարկերը կազմել են ընդհանուրի 7.1 տոկոսը՝ նախորդ տարեվերջի 6․7 տոկոսի փոխարեն։ Չաշխատող վարկերի մասնաբաժնի ավելացումը Սեյրան Սարգսյանը պայմանավորում է 2020թ․ ընթացքում համավարակի հետևանքով վարկերի վճարումների ուշացման, պարտքերի ներման ու վարկային արձակուրդների հանգամանքով։
«Եթե ստանդարտ պատասխանեմ, կառավարելի շրջանակում են չաշխատող վարկերը։ Թեև չաշխատող վարկերի թվաքանակն ավելացել է, բայց ՀՀ–ում այդ ցուցանիշն այլ երկրների համեմատ մնում է ցածր։ Քանի որ մեր բանկային համակարգը շատ պահպանողական է, ու վարկերին շատ զգուշորեն է մոտենում, ապա այդ ծավալը միշտ պատմականորեն ցածր է եղել»։
Բանկերի միության տվյալներով՝ 2020թ․–ին վճարման հետաձգում է տրամադրվել վարկերի շուրջ 30 տոկոսին կամ շուրջ 550 000 անհատ վարկառուի ու 17 000 ընկերության: Հետաձգումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1.3 տրիլիոն դրամ կամ բանկային համակարգի բոլոր վարկերի շուրջ մեկ երրորդը: Վարկառուներին 2.5 մլրդ դրամի պարտք էլ ներվել է։
Սրանք սահմանափակումների հետևանքով բանկային համակարգի կրած վնասներն են, բայց կան նաև օգուտներ։ Համավարակով պայմանավորված՝ աջակցության ծրագրերի շրջանակում բանկերը 119 մլրդ դրամի վարկ են տրամադրել տնտեսավարողներին։ Դրանց տոկոսադրույքները սուբսիդավորել է կառավարությունը։ Տնտեսագետ Արա Քառյան կարծում է, որ բանկերն աջակցության այդ ծրագրերից գերշահույթ են ստացել։
Բացատրում է՝
«Կառավարությունն ասում է, որ իր վրա է վերցնում արտարժութային, ապահովագրության ու տոկոսադրույքի ռիսկերը։ Սա բանկերի համար շահավետ, եկամտաբեր է ակտիվ է։ Դրա համար եմ պնդում, որ այս շղթայի վերջնական շահառուն բանկերն են»։
Սեյրան Սարգսյանն այս կարծիքը չի կիսում։ Պարզաբանում է՝ պետությունը վարկավորման ռիսկը չի երաշխավորել, միայն սուբսիդավորել է։
«Վարկի վերադարձելիության ռիսկը միշտ բանկի վրա է։ Եթե վարկը դառնա չաշխատող, նախ սուբսիդավորումն է դադարում, հետևաբար՝ ամբողջական ռիսկը մնում է բանկի վրա»։
Բանկերի միության գործադիր տնօրենն ընդգծում է՝ առանձին ճյուղերի վարկավորումն ուղղակիորեն կախված է այդ ոլորտների զարգացման դինամիկայից։ Օրինակ՝ շինարարության ու գյուղատնտեսության ոլորտում վարկավորումն ավելացել է 2 տոկոսով, հիպոթեքայինում՝ 7 տոկոսով։ Սրան հակառակ նվազել են արդյունաբերության, տրանսպորտի ու կապի ոլորտի վարկավորման ծավալները։ Այսինքն՝ առանձին ճյուղերի ակտիվությունն ու դրանց վարկավորման միտումները փոխկապակցված են՝ ասում է Բանկերի միության գործադիր տնօրենը։ Նա առաջիկայում վարկերի տոկոսադրույքների նկատելի բարձրացում չի կանխատեսում՝ նշելով, որ որոշ ուղղություններում այդ բարձրացումն արդեն եղել է։
«Ըստ վարկավորման տեսակների՝ համավարակով պայմանավորված բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում վարկերի տոկոսադրույքները բարձրացել են, քանի որ այդ ոլորտներում անորոշությունն է մեծացել։ Իսկ այն ոլորտներում, որտեղ այդ խնդիրը չկա, վարկավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ»։
Հայաստանում վարկային ամբողջ պորտֆելի շուրջ 49 տոկոսը տրամադրվել է տնտեսությանը, 41 տոկոսը՝ ֆիզիկական անձանց։ 10 տոկոսն էլ միջբանկային վարկերն ու ավանդներն են։





