ԿարևորՀասարակություն

Բացօթյա բուսահամերգ Երևանում․ տոմսերն անվճար են

Երևանի կենտրոնում մի կանաչապատ անկյուն կա, այստեղ գիշեր-ցերեկ, ամառ թե ձմեռ հայկական ժողովրդական պարերը չեն դադարում։ Պարացանկը փոփոխվող է,  բեմադրություններն էլ ըստ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի, մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանի ու ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի են։ Բայց մշակութային այս դրվագի բացառիկ հատկությունն այն է, որ պարողները բույսեր են՝ շուրջ 200 տեսակի։ Վստահաբար, երևանցիներից քչերը գիտեն, որ Ալեք Մանուկյանի վրա՝ Սայաթ Նովա փողոցին մոտիկ, կարող են առանց տոմսի համերգի մասնակցել:

Պարտեզի պարացանկը փոփոխվող է, բույսերի աճի ու տարվա եղանակների հետ ամբողջովին այլ տեսք է ստանում, հնարավորություն տալիս ստեղծագործելու՝ պատմում է պարուսույց–ծաղկավաճառ Մոսո Մարությանը։ Նույնիսկ ձմռանը ձյան շերտի տակ էլ բույսերը շարունակում են, օրինակ, Քոչարի պարել։

Երևանի կանաչապատ «բեմերը» շուրջ 800 հեկտար են։ Կանաչապատման բույսերի 25-30%-ը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունն է ապահովում։ Ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանն ասում է՝ առաջիկա 2-3 տարում կարող են ապահովել Երևանի կանաչ զարդարանքի 45-50%-ը։ Մի քանի տարում կարող են մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման ողջ հարցն իրենց ուսերին վերցնել։

«Ոչ մի խնդիր չենք տեսնում ապագայում զարգացման համար։ Եթե հարկ լինի Երևան քաղաքի կարիքները հոգալուց հետո, կզբաղվենք նաև այլ քաղաքներով, կամ այլ մասնավոր սեկտորիների կանաչապատմամբ, եթե խոսքը գլոբալ կանաչապատման մասին է»,– ասում է ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանը։

Ջերմոցատնկարանային վարչությունում հաշվել են՝ վերջին մոտ մեկ տարում աճեցրել են շուրջ 30 000 բույս՝ ծառ ու թուփ, մշտադալար ծաղիկներ։ Մյուս տարի կրկնապատկելու են։ 

«Կառանձնացնեմ Կարմիր գրքում գրանցված տեսակները, որոնք շատ կարևոր են։ Ծառերից կառանձնացնեմ Սոսի արևելյանը, Պլատան Օրինտալիսը, որը Օպերայի հարակից տարածքի ծառերից է»։

Մինչև կանաչապատման գարնանային փուլը ջերմոցատնկարանում ասեղ գցելու տեղ չի լինում՝ ասում է Արթուր Խալաթյանը։ Ջերմատները չեն բավարարում։  

Երևանի ծաղկային դեմքն այս գարնանը զարդարվել է 6000 վարդով, տասնապատիկ ավելի թփով, նաև հազար ծառ է տնկվել։  Ջերմոցի աշխատակցուհի Հասմիկ Հովհաննիսյանի օրը տանը և աշխատավայրում  սկսվում ու ավարտվում է բույսերով, միայն թե տխրում է, երբ ջերմոցում իր խնամած ու քաղաք հասած բույսը դալկացած,   չխնամված է տեսնում։   

«Հաճախ քաղաքում տեսնում ենք մեր ծաղիկներն անբարենպաստ կամ անխնամ վայրում․ շատ մեծ ցավ ենք ապրում»,– ասում է ջերմոցի աշխատակցուհի Հասմիկ Հովհաննիսյանը։

Քաղաքի ծաղկաբուսային «դարբնոց» ջերմոցները Երևանում են, բայց տպավորություն է, թե քաղաքից շատ հեռու ենք՝ վարդաբույր օդում, որն անգամ  «դինոզավրերի հասակակից» ծառերն են շնչում։ Ծաղիկների «տիրակալ» Խալաթյանը հպարտանում է՝ խնամում են նաև երկրագնդի ամենահին ծառատեսակներից մեկը՝ Գինկգո Բիլոբան։

Երևանի կանաչ տարածքներն ավելացնելու առաջնահերթ անելիքը ոռոգման համակարգի հարցն է՝ ասում են քաղաքապետարանից։ 2020թ նորոգվել և կառուցվել է 15 000 գծամետր ոռոգման համակարգ։ Այս տարի նախատեսում են ևս 20 000 գծամետր ջրագիծ ստեղծել ու վերանորոգել։

Կարդացեք նաև

Back to top button