
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին ընտրողի ձեռքին առնվազն 8 քվեաթերթիկ կլինի․ այդքան քաղաքական միավոր արդեն ընտրապայքարի հայտ է ներկայացրել: Թիվը կրկնապատկվելու, անգամ եռապատկվելու միտում ունի՝ հաշվի առնելով, թե քանի կուսակցություն է առաջիկա օրերին պատրաստվում համագումար հրավիրել:
ԿԸՀ ժամանակացույցի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը պետք է գրանցվեն մինչև մայիսի 26-ը: Քարոզարշավը հունիսի 7-ից18–ն է։ Բայց, մասնագետների կարծիքով, ընդհանուր պատկերն արդեն ուրվագծվել է։
Անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որոշել են արտահերթ այս ընտրություններում կրկին փորձել իրենց ուժերը․ նրանցից 3-ը իշխանությունից հեռացել են հրաժարականով:
4-ից մեկը՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հրաժարականից 3 տարի անց որոշում է կայացրել՝ վերադառնում է ոչ թե ինքը, այլ՝ իր ղեկավարած կուսակցությունը:
«Ես այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ: Ընդամենն իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում: Ունե՞մ այդպիսի իրավունք»:

Սերժ Սարգսյանը հերյուրանք է համարում լուրերը, թե անձամբ է կազմել նախընտրական ցուցակը: Ասում է՝ «Հայրենիք» կուսակցության հետ հավասար գործընկերներ են: «Հայրենիք»-«Հանրապետական» միավորումը ընտրողին ներկայանալու է «Պատիվ ունեմ» դաշինքով: Բոլոր ուժերից թերևս առայժմ միակն է, որի նախնական ցուցակն առավել հայտնի է: Առաջին տասնյակում նախկին պատգամավորներ չկան: ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնեն ցուցակի առաջին և երկրորդ հորիզոնականները:
Հայաստանի երկրորդ նախագահը փորձում է վերադառնալ «երկու կուսակցություն, մեկ անհատ» ձևաչափով: Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ռոբերտ Քոչարյանը, պաշտոնավարման շրջանում երկրորդ նախագահի կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը՝ ի դեմս Իշխան Սաղաթելյանի և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիրը։ Նախընտրական դաշինքի ցուցակը այստեղ դեռ չեն գաղտնազերծում: Բայց արդեն հայտնի է, որ դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի փաստաբան Արամ Վարդևանյանը: Ենթադրվում է, որ «Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի հենց Քոչարյանը: Չի բացառվում, որ ցուցակում հանդիպենք նաև Հանրապետական և ԲՀԿ-ական որոշ գործիչների:
«Ինչո՞ւ ես: Ունեմ կառավարման մեծ փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ և գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում, ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում»:

«Կովկասյան վագր» անվանումը միջազգային տարբեր զեկույցներում մեր երկիրը ստացավ հենց Քոչարյանի ղեկավարման տարիներին՝ 2002-ից 2007 թվականներին, ամեն տարի ՀՆԱ-ի երկնիշ աճ գրանցելու համար: Ավելի ուշ մասնագետները տնտեսության հաջորդ փուլերի խնդիրները կապում էին հենց Քոչարյանի շրջանում տնտեսական աճի որակի ու տնտեսության կառուցվածքի հետ:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ի հրաժարականից հետո առնվազն 5 անգամ անուղղակի աջակցություն է հայտնել գործող իշխանություններին՝ մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանին, երկուական անգամ՝ Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին:
Վերջինին աջակցությունը նախ հեղափոխությունից հետո էր, երկրորդ անգամ ՝ շուրջ մեկ տարի առաջ՝ համավարակի առաջին փուլում: «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի». Լևոն Տեր Պետրոսյանը սա ասել էր 2020-ի հունիսի 5-ին: Իսկ երեկ Հայ ազգային կոնգրեսի համագումարին նա հիմնավորում էր, թե ինչու կառաջադրվի, եթե կուսակցությունն այդպես որոշի.
«Նախ և առաջ՝ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրություն, ինչն ի դեպ, 100 տոկոսով լուծելի էր 3 նախագահների դաշինքի կայացման պարագայում: Բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը ևս լուծվում էր նույն պարագայում: Ի դեպ, վերջինի կողմից իմ առաջարկի մերժումից հետո ես նրան անկեղծորեն ասել եմ, նույն այդ հանդիպման ժամանակ, որի մասին բոլորդ գիտեք, որ ես այդ դեպքում ստիպված եմ լինելու պայքարել նույնքան կատաղի ոչ միայն Փաշինյանի, այլև իր՝ Քոչարյանի դեմ»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես չի շտապում հրապարակել իր նախընտրական ցուցակը: Հայտնի է միայն, որ առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ՝ «Ապագա կա» կարգախոսով: Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը միայն հստակեցրել է, որ ցուցակում նոր մարդիկ կլինեն: Ինչ վերաբերում է «հների» վերադառնալու ցանկությանը, ապա Փաշինյանը մեկ շաբաթ առաջ արդեն արձագանքել էր.
« Ավազակապետական հեղափոխությունը չի ստացվի»:
Ընտրություններին միայնակ պայքարելու մտադրության մասին արդեն հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ առանձին ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին դեռ մարտին հայտարարել էր կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Մինչև առաջադրումները դեռ կազմավորվում են նոր կուսակցություններ և դաշինքներ: Նոր դաշինքներից հայտնի է նաև երկուսը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ համագործակցելու հուշագիր է ստորագրել անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը: Մեկ այլ անկախ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, որոշել է իր կուսակցությունով համագործակցել քաղաքագետ Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հետ:




