ԿարևորՀասարակություն

Ամուսնությունը գրանցելիս պետտուրք չի գանձվի

Արմատական փոփոխություններ՝ միտված քաղաքացիներին բյուրոկրատական քաշքշուկից զերծ պահելուն եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն․  արդարադատության նախարարությունն ավարտին է հասցրել հանրային ծառայությունների ոլորտում բարեփոխումների առաջին փուլը։

Երկու նոր օրենքների ընդունմամբ եւ 8 օրենքներում փոփոխություններով համակարգային բարեփոխումների են ենթարկվել քաղաքացիական ակտերի գրանցման, ինչպես նաեւ պետռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները։ Մայիսի 16-ից այդ փոփոխությունների հիմնական մասն ուժի մեջ են մտել։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի որոշ ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետները՝ կրճատվել։ Հանրային ծառայությունների ոլորտում քաղաքացիների համար կարեւոր փոփոխությունները մանրամասնում է արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը.

«Պետական տուրքից ազատվում են կենսաթոշակառուները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հաշմանդամ երեխաները։ Մենք նաեւ այլ կատեգորիա ենք ավելացրել՝ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում  ներառված անձանց, ինչպես նաեւ՝ ռազմական գործողությունների մասնակիցներին, կամ ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, մահացած ճանաչված քաղաքացիների ամուսինը, զավակը կամ ծնողը։ Այդ անձիք ազատվում են ՔԿԱԳ բոլոր ծառայությունների համար պետական տուրքերից»։

Որոշ տուրքեր ընդհանրապես հանվել են։ Օրինակ, ՔԿԱԳ ցանկացած տեղեկանք ստանալու համար երեկվանից չի գանձվում երկու հազար դրամ սահմանված տուրքը։ Փոփոխությունն, ըստ արդարադատության փոխնախարարի, տարեկան կտրվածքով վերաբերում է շուրջ13 հազար քաղաքացու։ Պետական տուրք չի գանձվում նաեւ ամուսնությունը գրանցելիս։ ԱՆ վիճակագրության համաձայն՝ սա էլ տարեկան շուրջ 15 հազար զույգի վերաբերող փոփոխություն է։

Բարեփոխումներով խրախուսվում է անհատ ձեռնարկատիրությունն առցանց գրանցելը։ Այս դեպքում նույնպես պետական տուրք չի գանձվի։ Մինչև այս փոփոխությունը ծառայության  համար 3000 դրամ պետական տուրքէր սահմանված։

Փոփոխություններից պետբյուջեն որոշակի կորուստներ կունենա, բայց  դրանք կլրացվեն այլ միջոցներով՝ ասում է Վահե Դանիելյանը։ Օրինակ, եթե նախկին 4 ամսվա փոխարեն որեւէ ծառայության համար 15–օրյա ժամկետ է սահմանվել, ապա դրանից շուտ այդ ծառայությունը ստանալ ցանկացողներն արդեն կվճարեն արագության  համար։  

Կրճատվել են նաեւ մատուցվող գրեթե բոլոր ծառայությունների ժամկետները։

«Մասնավորապես, օրինակ, անվան փոփոխության համար մինչեւ 5 ամիս տեւող ժամկետը կրճատվել է՝ դառնալով մինչեւ 15 աշխատանքային օր։ Ընդ որում՝ նախատեսում ենք սա էլ ավելի կրճատել։ Ուղղման, փոփոխության, վերականգնման համար 4 ամիս ժամկետը կրճատվել է՝ 15 օր։ Արվել են նմանատիպ բազմաթիվ փոփոխություններ»։

Վահե Դանիելյանի փոխանցմամբ՝ ծառայությունների հիմնական մասի դեպքում  նախատեսվում է անցում   թվային համակարգի։ Քաղաքացիներին չեն տրվի թղթային տարբերակներ, գրանցված ակտը կուղարկվի էլեկտրոնային հասցեով՝ ժամանակակից QR կոդով, ինչը հնարավորություն կտա դրա վավերականությունը հաստատել ԱՆ պաշտոնական կայքի միջոցով։

Այս փոփոխությունները, ըստ փոխնախարարի,  նվազեցնում են կոռուպցիոն ռիսկերը։ Դիմում ընդունողը եւ որոշում կայացնողը նույն անձը չեն լինելու, ինչպես նախկինում՝ ասում է Վահե Դանիելյանը։  Հետեւաբար՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների հնարավորություն էլ չի լինի, հատկապես՝ որոշում կայացնելու կրճատված ժամկետներն էլ այդպիսի հնարավորություն չեն տալու։

Այս բարեփոխումներն արմատական բնութագրել փաստաբան Գեւորգ Գյոզալյանը չի շտապում։ Բայց մի շարք ծառայությունների դեպքում պետտուրքից հրաժարվելն ու  ժամկետները կրճատելը  դրական է համարում։

«Տեղյակ եմ փոփոխությունների այն մասին, որը մամուլում հրապարակվել է։ Այդ մասով  փոփոխությունները ողջունելի են»։  

ՔԿԱԳ ոլորտում արմատական բարեփոխումներից մեկն էլ  այն է, որ առաջին անգամ հնարավորութուն է տրվում այլ երկրներում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկներին գրանցել ՀՀ-ում օտարերկրացու կողմից բիզնես կամ բաժնեմաս ձեռք բերելը։

 «Մեր կարծիքով՝ լավ գործիք է օտարերկրյա ներդրումների համար։ Թե որքանով կօգտագործվի, ժամանակը ցույց կտա, բայց որքան տեղյակ եմ, այլ երկրներ անգամ համանման փորձ չունեն»։  

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը կարծում է, որ այս փոփոխությունը պետք է լուրջ ուսումնասիրության առարկա դառնա։ Ռիսկեր, ենթադրում է , հնարավոր է լինեն։

«Կարծում եմ, որ այդ մասը պետք է խորը ուսումնասիրության առարկա դարձվի։ Պետք է նայվի, թե օրենքն  առհասարակ ինչ կարգավորումներ է ունենում եւ արդյոք կան զսպող ու հակակշռող մեխանիզմներ։ Քանի դեռ այդ մասով ծանոթ չեմ, ցավոք, չեմ կարող այս առումով կարծիք հայտնել»։  

ՀՀ հյուպատոսական մարմիններում բիզնես գրանցելու հնարավորությունը ուժի մեջ կմտնի որոշակի ժամանակ անց միայն։ Ըստ փոխնախարարի՝  երեք ամսում օրենսդրական ակտեր կընդունվեն, որից հետո այն կկիրառվի։  Մյուս փոփոխություններն ուժի մեջ են մայիսի 16-ից։

Կարդացեք նաև

Back to top button