ԿարևորՄիջազգային

Բախումներ վրացիների և ադրբեջանցիների միջև Դմանիսիում․ իրավիճակը շարունակում է լարված մնալ

Դմանիսիում ադրբեջանցիների և վրացիների միջև իրավիճակը շարունակում է լարված մնալ  

Վրաստանի Դմանիսի քաղաքում ադրբեջանցիների ու վրացիների միջև երեկ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքից հետո իրավիճակն այսօր ևս շարունակում է լարված մնալ: Թեև տեղում կենտրոնացած ոստիկանական ուժերը պատ են կազմել կողմերի միջև, այդուհանդերձ  անկարգությունները շարունակվում են։

Վրացի որոշ փորձագետներ նշում են՝ Եթե իշխանություններն այսօր չկարողանա իրավիճակը վերահսկելի դարձնել Դմանիսիում, այն հնարավոր է վերաճի ազգամիջյան բախման:

Երեկ Դմանիսիում տեղացի ադրբեջանցիների ու վրացիների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասնակիցներն այսօր ոստիկանության շրջանային վարչությունում հարցաքննվում են, սակայն տեղում բախումները շարունակվում են նրանց հարազատների միջև։

Տեղի բնակիչների միջև ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ խանութի ադրբեջանցի վաճառողը մի խումբ վրացի երիտասարդների մերժել է պարտքով գարեջուր տալ։ Քաղաքի խանութներից մեկի տեսախցիկն արձանագրել է դրան հետևած վրացի և ադրբեջանցի երիտասարդների միջև ծեծկռտուքը՝ փայտե մահակներով, երկաթյա ձողերով ու քարերով։

Այսօր ոստիկանությունը դեռևս չի կարողանում կայունացնել իրավիճակը տեղում, երեկվա միջադեպի մասնակիցների հարազատները քաղաքի կենտրոնական փողոցներում են, ոմանք ասում են՝ ընդհարումն ազգային հողի վրա է տեղի ունեցել: Ազգությամբ ադրբեջանցիները սպառնացել են այրել սավանների տները։

«Ինչու են նրանք (նկատի ունի ադրբեջանցիներին, խմբ․) այստեղ, պատերազմ են ուզում․․»,-ասում է Սվանեթիից Դմանիսի տեղափոխված բնակիչներից մեկը։

Դմանիսիի քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլին վստահեցնում է՝ միջադեպն էթնիկ բնույթ չունի․

«Մենք այսօր արդեն հասնում էինք կողմերի հաշտեցմանը, սակայն գտնվեցին սադրիչներ, ովքեր կրկին իրավիճակը լարեցին։ Ամեն ինչ կանենք հարցը կարգավորելու համար»։   

Դմանիսիի շրջանի բնակչության 80 տոկոսը վրացիներ են, 20-ը՝ ադրբեջանցիներ, իսկ Քվեմո Քարթլին, որում ընդգրկված է Դմանիսիի շրջանը, հիմնականում ադրբեջանաբնակ է։

Այստեղ վրացիների մի ստվար հատվածը էկո միգրանտներն են՝ Սվանեթիից և Աջարիայից, ովքեր 80-ականնների վերջին են հաստատվել են Դմանիսիում։

Հետազոտող փորձագետ Ալեկսանդր Կվախաձեն ասում է, որ կենցաղային հողի վրա ծագող նման միջադեպեր 90-ականներից հետո ժամանակ առ ժամանակ լինում են ոչ միայն սվանների ու ադրբեջանցիների, այլև մյուս համայնքների միջև, սակայն ըստ նրա, կարևորը թույլ չտալ, որ դրանք վերածվեն ազգամիջյան բախումների․  

«Դա կախված է նրանից, թե իշխանություններն այսօր ինչպես կգործեն։ Եթե կարողանան արդյունավետ բանակցել ադրբեջանցիների և վրացիների հետ,  միջադեպը չի վերաճի ազգամիջյան բախումների, սակայն մենք տեսնում ենք, որ երկու կողմից էլ իրավիճակը սադրելու փորձեր կան՝ նպատակը հենց ազգամիջյան բախումներ հրահրելն է»։

ՆԳՆ-ը կողմերին կոչ է անում ենթարկվել օրենքի պահանջներին՝ կենցաղային հողի վրա ծագած հակամարտությունն արհեստականորեն չվերածել էթնիկ բախման։ Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։

Կարդացեք նաև

Back to top button