
Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե Վարդենիսի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացման արդյունքում հայկական երկու դիրք մնացել է շրջափակման մեջ։
«Նման տեղեկություն չկա։ Ես դիրքերում եմ։ Այստեղ է նաեւ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Այս պահին ոնց կան, այդպես կանգնած են։ Իհարկե շատ տհաճ իրավիճակ է, փաստում եմ դա, բայց ոնց կան, այդպես կանգնած են»,- «Ռադիոլուրին» տեղեկացրել է Արամ Մելքոնյանը և մանրամասնել . «Ուղղակի ռելիեֆը զիգզագաձեւ է, դիրքային պայմաններն այնպիսին են, որ մեկը մյուսի թիկունքում է. մի տեղ մերոնք են թիկունքում, մի տեղ՝ իրենք»։

Հարցին, թե ինչ-որ քայլեր, բանակցություններ տարվո՞ւմ են ադրբեջանական կողմի հետ, Արամ Մելքոնյանը պատասխանել է, թե սպասում են ժամը 15։00-ին մեկնարկած բանակցությունների արդյունքներին։
Թե ադրբեջանցի քանի զինվորականի եւ ինչպիսի առաջխաղացման մասին է խոսքը, Մելքոնյանը հստակ չի պատասխանել՝ շեշտելով, որ հայկական կողմը տիրապետում է բոլոր թվերին։




