
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր Լոռու մարզի Դեբեդ համայնքում գտնվող «Հայաստանի մանուկներ » հիմնադրամի (ՔՈԱՖ) Սմարթ կենտրոնում կազմակերպել էր «Խթանում ենք զբոսաշրջությունը Հայաստանում» խորագրով հանդիպում-քննարկում:
Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորին, ՔՈԱՖ- ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետություններրի դեսպաններ, ՏՏ և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շեշտել է՝ Լոռին պատմամշակութային հարուստ ժառանգություն, գեղատեսիլ ու գողտրիկ բնաշխարհ ունեցող անկյուններից մեկն է, և այս այս ուղղությունը զարգացնելը մարզային իշխանությունների առաջնահերթություններից է: Մարզպետը նշել է՝ խրախուսելի է ցանկացած ներդրում տուրիզմի զարգացման ոլորտում:
«Գնահատելի և ողջունելի են Եվրոպական միության կողմից Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տրամադրվող աջակցությունները: Ուրախ եմ, որ Լոռին ևս մաս է կազմում կազմակերպվող տարատեսակ միջոցառումների, այս ուղղությամբ մեր համագործակցությունը լինելու է շարունակական»,- ասել է մարզի ղեկավարը:
Հանդիպումը դարձել է տուրիզմի զարգացման նախադրյալների, հաջողված փորձի փոխանակման, նորարարության և ինֆորմացիայի փոխանակման հարթակ, իսկ միջոցառման անցկացման վայրը համահունչ էր խորագրին՝ Լոռվա ամենագրավիչ ու հեռանկարային անկյուններից մեկում ոլորտի առաջամարտիկները ներկայացրել են իրենց տեսլականը Հայաստանում և, հատկապես, Լոռու մարզում զբոսաշրջության տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ: Տեղի է ունեցել հարթակային քննարկում՝ հարցուպատասխանի միջոցով:




