
Եվրամիությունը ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով մտահոգիչ զարգացումներին, ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոսեպ Բորելի հայտարարության մեջ:
«Իմ անունից արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի դիմել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, իսկ ուրբաթ օրը ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ՝ երկու կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն և իրավիճակի ապաէսկալացիա։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նույնպես շփումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ։
Սահմանազատման աշխատանքները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ի շահ տեղի բնակչության անվտանգության: Մենք ողջունում ենք շարունակական շփումները տեխնիկական մակարդակով երկու կողմերի միջև։
ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և կոչ է անում երկու երկրներին գտնել խաղաղ լուծումներ, որոնք կպահպանեն կայունությունը տարածաշրջանում»,- ասված է հայտարարության մեջ:




