
Մինչև սեպտեմբերի 27-ը Հայաստանի արևելյան հատվածը սահմանակից չէր Ադրբեջանին, իսկ սահմանագիծը ադրբեջանական դիրքերից հեռու էր ավելի քան 100 կմ։ Այսօր ադրբեջանական դիրքերն ու Սյունիքի կամ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքները բաժանվում են մի քանի հարյուր մետրերով։ Պատերազմից հետո սահմանային նոր իրավիճակ ու նոր խնդիրներ ունենք։ Հրատապ է առաջնագծի ինժեներական, ամրաշինական աշխատանքներին ինտենսիվ բնույթ հաղորդելու խնդիրը՝ պնդում են փորձագետները։
Մայիսի 3–ին, խոսելով պատերազմից հետո առաջնագծում ընթացող ամրաշինական աշխատանքների մասին, երկրի ամենաբարձր ամբիոնից վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց․ «Տեսանելի և կանխատեսելի առաջնագիծը վատ առաջնագիծ է։ Փառք Աստծո, ոչ դուք, ոչ էլ ադրբեջանցիները չեք կարող տեսնել, ինչի համար ուրախ եմ»,-ասաց Փաշինյանը ՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
Փաշինյան– Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի։ Խնդրում եմ հաջորդ անգամ քարտեզներով հրապարակեք, օրինակ՝ կոորդինատ էսինչից էսինչը չունենք խրամատներ, այստեղ մի քիչ ուժեղ ենք, այստեղ չարժի հարձակվել: Հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում ընդհանրապես։
Թովմասյան–Ես ունեմ մտահոգություն և հարցը բարձրացնում եմ և գաղտնիք չեմ բացահայտում։ Ինչ որ տեղի է ունենում Վարդենիսում և Սյունիքում ադրբեջացանցիների աչքի առաջ է։
Փաշինյան–Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադբրեջանցիները, այլև Դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև հսկայական մեծամասնությունն արվում է
Այս հարց ու պատասխանին նախորդել էր Սյունիքում տեղի ունեցած սահմանային միջադեպը ադրբեջանցի զինծառայողների և հայ հովվի միջև։
ՊՆ պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, նույն միջադեպին անդրադառնալով, խորհրդարանում հայտարարեց, որ դեպքը տեղի է ունեցել, որովհետև հովիվն է մոտեցել ադրբեջանական դիրքերին և հավելեց․

«Միջադեպեր տեղի են ունենում նաև Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում. «Այն միջադեպն, ինչ որ Դուք ասում եք, տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին, և այնտեղ քաշքշուկ է եղել, որի արդյունքում հետո հարթվել է դա: Միջադեպերը լինում են Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում, իհարկե, այստեղ որպեսզի բացառվեր դա, դա համապատասխան մարմինները պետք է իրազեկեն քաղաքացիներին, աշխատանք տանեն, որ այս դիրքերին պետք չէ մոտենալ: Նույն միջադեպերը լինում են իրենց հետ և կարող է ավելի շատ: Սա բնական շփման գծի կյանքն է, որը գնում է»:
Այս հայտարարութուններից մի քանի օր անց ադրբեջանցիները, առանց հովվի մասնակցության, նաև առանց կրակոցների, մի քանի կմ խորությամբ հատել են շփման գիծը և տեղակայվել Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասում է, որ այսօր մեր սահմանն անպաշտպան է, և Ադրբեջանը սահմանային աշխատանքներում մեկնարկային առավելություն ունի, ինչը մեզ համար հետագայում լուրջ խնդիրներ է առաջացնելու։
«6 ամսվա ընթացքում պետք էր մոբիլիզացնել պետության ամբողջ ռեսուրսը սահմանները ամրացնելու, ռազմական ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Ըստ էության՝ Հայաստանի սահմանները պաշտպանվում էին Արցախով։ Կորցնելով այդ պաշտպանությունը՝ ՀՀ ցանկացած իշխանություն պարտավոր էր առաջին հերթին նոր բնագծերով վերականգնել այդ ամբողջ ենթակառուցվածքը՝ թե դիրքային ամրաշինական աշխատանքներով, թե մատակարարման ճանապարհներ, քանի որ որևէ դիրք առանց մատակարարման չի կարող մարտ վարել։ Ամբողջ ձմեռ, որտեղ էլ դիրքապահներ կային՝ ձյան վրա, վրաններում, ադրբեջանցիների աչքի առաջ էր այդ ամեն ինչը»։
ԱԽ քարտուղարը վերջին զարգացումների առիթով նշել է, թե ձմռան պատճառով հնարավոր չի եղել ամբողջ սահմանը կահավորել, և որ Արցախյան առաջին պատերազմից հետո էլ երկար ժամանակ պահանջվեց սահմանը ամրացնելու համար։ Ռազմական վերլուծաբանը հակադարձում է՝ այն ժամանակ մենք հաղթող էինք և մեզ կարող էինք նման շռայլություն թույլ տալ։
«Կարող է մեր սահմաններում է միայն ձյուն գալիս, իսկ իրանց կողմում չոր է, լավ է։ Այդպես չէ։ Ինչպե՞ս է լինում, որ իրենք օգտվում են, իսկ մենք միշտ արդարացումներ ենք գտնում։ Ադրբեջանցիները նույն կլիմայական պայմաններում, նույն ձյան մեջ բերում էին, իրենց մոդուլային կեցավայրերն էին սարքում։ Իսկ 1994 թվականին մենք հաղթել էինք, թշնամին ջախջախված էր, շոկի մեջ էր, և վտանգ չկար։ Այո, 1994–ին մենք կարող էինք մեզ ճոխություն թույլ տալ։ Իսկ այն թիմի պատճառով, որ այսօր պարտվեցինք, այդ թիմի մաս է նաև Արմեն Գրիգորյանը, մենք այլևս ժամանակ չունեինք, և նոյեմբերի 10–ից պետք է սկսվեին այդ աշխատանքները»։
ԱԽ քարտուղարի դիտարկումներն այսօր ակտիվորեն քննարկվում ու հակադարձվում էին սոցիալական ցանցերում։ Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումից մեկ հատված․ «Բարձրադիր հատվածներում եղանակային պայմաններով, սեզոնային բնույթով, ռելիեֆով պայմանավորված խնդիրներ միշտ էլ կարող են լինել, սակայն մի շարք պատճառներով դրանք առավել բարդ էին Ադրբեջանի դեպքում։ Իսկ եթե մեծ թվով տեխնիկական հարցեր ձմեռային ամիսներին դժվար էր իրականացնել, դեռ չի նշանակում, որ սահմանի այդ ուղղությամբ կամ դրա հարակից հատվածի բնակավայրերի պաշտպանությունը պետք է թողնել օդում կախված»։
Փորձագետները պնդում են՝ սահմանային հատվածում, ինժեներական, ամրաշինական աշխատանքներին ինտենսիվ բնույթ հաղորդելու խնդիր ունենք։ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ Սյունիք կատարած այցից հետո դարձյալ հաստատում է՝ Սյունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելը հրատապ անհրաժեշտություն է։







