ԿարևորՎերլուծական

Որո՞նք են Բաքվի քողարկված նպատակները, և ինչ սցենարով կգործի ՀԱՊԿ-ը

Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները դեռ գտնվում են ՀՀ տարածքում: Զինվորականների եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան բանակցությունները առայժմ արդյունք չեն տալիս:  Պաշտոնական Երևանը հաղորդում է ադրբեջանական զինուժի՝ Հայաստանի տարածք ներխուժման, առնվազն երեք ուղղությամբ առաջխաղացման  և Հայաստանի առաջ քաշած կոշտ պայմանների մասին։ Բաքուն, մինչդեռ, պնդում է՝ ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը» և ցույց է տալիս ինչ-որ քարտեզներ: 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, ինչպես նաև ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանգամանալից տեղեկատվությամբ նամակներ հղել է ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին: 

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար հիմք են ընդունվում Խորհրդային միության ռազմական քարտեզները` պնդում է հայկական կողմը, մինչդեռ Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականներն իրենց մոտ ունենում են բոլորովին այլ քարտեզներ` ասում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը. «Ադրբեջանական կողմը ցույց է տալիս անհայտ ծագման քարտեզներ, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ: Փաստացի, կարելի է ասել, այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել»

Բանակցում են բացառապես զինվորականները, բայց իշխող քաղաքական վերնախավի մի մասը նույնպես Սյունիքում է: Աժ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի տեղեկություններով՝ բանակցությունների թեման միայն Սև լճի տարածքը չէ. «Իհարկե, միայն Սև լճի վերաբերյալ չէ: Ընդհանուր այն վայրերում, որտեղ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մուտք են գործել ՀՀ պետական, վարչական տարածք ամբողջ բանակցությունները վերաբերում են այդ ամբողջ գործընթացին»:

Սահմանային լարումների դեպքում Հայաստանը մշտապես խուսափել է ՀԱՊԿ-ին դիմելուց, այս անգամ որոշումը կայացվեց: Թեև ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի ներկայացմամբ՝ Հայաստանի դիմումը կառույցում դեռ չեն ստացել, բայց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատարը պնդում է՝ այն ուղարկվել է. «Այո, եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին, կարծում եմ, ՊՆ-ն և ԱԳՆ-ն տեղյակ կպահեն»:

Ոչ թե «պետության վրա հարձակման», այլ «հարձակման վտանգի ու սպառնալիքի» հոդվածով է դիմել Հայաստանը ՀԱՊԿ-ին: Ավինյանի նշած եռօրյա ժամկետը սահմանված է կառույցի կանոնակարգով, որտեղ ասված է.

«ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը անվտանգության խորհրդների քարտուղարների խորհրդի հետ համատեղ պարտավոր են 3-օրյա ժամկետում անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացնել գործողությունների պլան հետևյալի մասին.

  • ուժի գործադրման պատրաստակամության ցուցադրման նպատակով ուժերի բացազատում անդամ-պետության տարածքում,
  • անդամ-պետության կայունությանը, անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող զինված հարձակման    կանխարգելում կամ ետմղում,
  • անդամ-պետության տարածքում բռնի գործողությունների կանխարգելում, դադարեցում և հակազդում,
  • այլ վտանգների, մարտահրավերների ու արտակարգ իրավիճակների հակազդում:

Սրանք այն հոդվածով նախատեսված գործողություններն են, որոնց ռիսկը տեսնելով Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին: Իսկ եթե դիմեր 4-րդ հոդվածով, ապա դրա համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի հարձակման, ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։

Ինչո՞ւ ընտրվեց երկրորդ հոդվածը՝ պարզաբանում է Տիգրան Ավինյանը․ «Մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է: Ճգնաժամի կառավարման կետով ենք դիմել՝ հետագա հնարավոր խորացումից խուսափելու և այդ խորացումը կանխելու համար:  Կարծում եմ, որ յուրաքանչյուր իրավիճակում շատ կարևոր է ադեկվատ ռեակցիա տալ և մի փոքր նաև չչափազանցնել իրողությունը: Յուրաքանչյուր իրավիճակին մեր մոտեցումը և մեր արձագանքը պետք է լինի համարժեք: Մենք մինչ այս պահը մեր գործողություններում եղել են միանշանակ համարժեք»:

Կա նաև տեսակետ, որ բացի ՀԱՊԿ-ից՝ Հայաստանը պետք է դիմի նաև ՄԱԿ-ին՝ անվտանգության խորհրդի բանաձևի հասնելու համար: Հայաստանը ՄԱԿ-ին դիմել էր 2020-ի պատերազմի ժամանակ, և հոկտեմբերի 19-ին կայացել էր Անվտանգության խորհրդի նիստը։ Սակայն այն ժամանակ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտնել էր, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկն արգելափակել էր բանաձևը, որը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում և միջազգային խաղաղապահների տեղակայում։

Ի վերջո, ի՞նչ խնդիր է մի քանի կիլոմետրով լուծում Ադրբեջանը: Ռազմաքաղաքական խնդիրները մի կողմ դնելով՝ իրավիճակը բացառապես քաղաքագիտության տեսանկյունից է վերլուծում «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը հաջողությամբ փոխում է հակամարտության հարացույցը: Մենք վաղուց խոսում ենք ոչ թե Արցախի, այլ Սյունիքի անվտանգության մասին: Այդ քայլերով Ադրբեջանը ներքաղաքական օրակարգ է թելադրում Հայաստանի համար: Իսկանդարյանը վերլուծում է, որ պաշտոնական Բաքվին ձեռնտու է  Հայաստանում անդադար քաղաքական անկայությունը:

Նույն միտումների մասին խոսում է նաև վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Հայաստանին «մաշում»է և օրակարգ է բերում նորանոր խնդիրներ, մենք սկսում ենք մոռանալ այն գլխավոր մարտահրավերների մասին, որ կային ասենք 5 օր առաջ, 5 շաբաթ առաջ, 5 ամիս առաջ: Հիմա ինչի՞ մասին ենք գերազանցապես խոսում: Ես չեմ ասում՝ մենք մոռացանք մեր գերիների հարցը, բայց այս պահին մղվեց երկրորդական պլան, երրորդական պլան մղվեց Արցախի կարգավիճակի հարցը, չորրորդական պլան մղվեց մեկ այլ բան: Սա հստակ ռազմավարություն է, որ կիրառում է Ադրբեջանը»:

Վերլուծաբանները ենթադրում են, որ ՀԱՊԿ-ն այս փուլում Ադրբեջանին ճնշելու իր ամբողջ լծակը չի օգտագործի, կփորձի հասնել փոխզիջումների: Իսկ փոխզիջումը կարող է լինել, ասենք՝ երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ տրամաբանության մեջ: Եթե այդ տրամաբանությունը գործի այսօր, Ադրբեջանը այն կկիրառի նաև վաղը, կարծում են վերլուծաբանները: Այդ տրամաբանությամբ անգամ չեզոք գոտի ստեղծելու տարբերակին է դեմ պաշտոնական Երևանը, որը հայտարարել է իր կոշտ պայմանների մասին:

Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ընդհանրապես չեզոք գոտին շատ արդյունավետ միջոց է հակամարտող կողմերի միջև հրադադարը պահպանելու համար, բայց չեզոք գոտին չպետք է լինի միայն ՀՀ հողերի հաշվին: Դա միանշանակ ընդունելի չէ: Եթե ստեղծվի չեզոք գոտի կամ անվտանգության գոտի, դա, իհարկե, պետք է իրականացվի նաև Ադրբեջանի տարածքի հաշվին:

Մինչ բանակցություններն ընթացքի մեջ են, խորհրդարանում փորձում են հասկանալ՝ ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, ինչ թերություններ են եղել պաշտպանական գոտում, և ինչ նոր քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել: ԱԺ-ի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնող պատգամավորներից մեկն արդեն հայտարարել է, որ հիմնական պատասխանատու է համարում Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: 

Կարդացեք նաև

Back to top button