ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու Վրաստանը կարևորում են զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշումը

Հայաստանն ու Վրաստանն ունեն դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ․ համատեղ հայտարարությամբ շեշտել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վրաստանի վարչապետը Հայաստան է ժամանել այսօր կեսօրից հետո։ Համատեղ հայտարարությունը հաջորդել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ դեմ առ դեմ հանդիպմանը։

Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ․վստահեցրեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման ընթացքում չեն շրջանցվել տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը կայունության ապահովման կարեւորագույն երաշխիքներից է՝ ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը։    

 «Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակներում եւ նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ես նաեւ վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով՝  կարեւորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշման պահպանումը»։

Պատերազմը Ղարաբաղում, իհարկե, նշանակալի դժվարության առաջ է կանգնեցրել ամբողջ տարածաշրջանը՝ նկատեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունը այլընտրանք չունեն»,– շեշտեց Վրաստանի ղեկավարը։

Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում՝ հավելեց Իրակլի Ղարիբաշվիլին։ Նշեց, որ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանային երկխոսությանը։

Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը կարեւոր է Վրաստանի եւ ողջ տարածաշրջանի համար՝ հայտարարեց Վրաստանի վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց ու թափանցիկ, և հայ ժողովուրդը եւս մեկ անգամ ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին։

Մինչև տարածաշրջանային անվտանգության հարցերին անդրադառնալը՝  հայ եւ վրացի գործընկերները ներկայացրել էին քննարկված օրակարգի լայն շրջանակը, խոսել երկու ժողովուրդների ամուր բարեկամության մասին։ Վրաստանի հայ համայնքն այն կամուրջն է, որն էլ ավելի ամուր է կապում երկու երկրներին՝ շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մենք պարոն Ղարիբաշվիլիի հետ հնարավորություն ունեցանք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը։ Մենք անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի եւ տնտեսության այլ կարեւոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին եւ զարգացման հեռանկարներին։ Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առեւտրի եւ տնտեսական կապերի զարգացման վրա»։

Հայկական կողմը կարևորում է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդոււղիների առավել արդյունավետ օգտագործման եւ տարածման ներուժի զարգացումը՝ փոխանցեց Նիկոլ Փաշինյանը։ Երկու երկրները բարձր տեխնոլոգիաների ոլորտում նույնպես համագործակցության ներուժ ունեն, որն անհրաժեշտ է օգտագործել։ Կողմերը համակարծիք են՝ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները եւ քննարկել նոր նախագծեր։ Համուզված են՝ երկկողմ հարաբերությունները զարգացման ներուժը մեծ է։

Կարդացեք նաև

Back to top button