
44–օրյա պատերազմում անմահացած հերոսների սխրանքը հավերժացնող հուշաքարը պետք է լինի խոնարհումի խորհրդանիշ։ Արարատի մարզի Մասիս Գյուղի միջնակարգ դպրոցի բակում բացվել է կրթօջախի զոհված տղաներին նվիրված հուշաքար։ Միջոցառումը սկսվել է հայրենիք, ժողովուրդ, հավատ և հավերժություն խորհրդանշող հուշարձանի բացմամբ։
Հայկ Հակոբյան։ 24 տարեկան հետախույզը Վազգեն Սարգսյանի ակադեմիայում սպայական դասընթացների էր, երբ լսեց պատերազմի լուրն ու միանգամից մեկնեց ճակատ։ Պաշտպանել է Մեխակավանի՝ Ջաբրայիլի դիրքերը։ Մարտական ընկերների խոսքով՝ փրկել է շատ տղաների կյանքեր։ Հոկտեմբերին զոհվել է վիրավոր ընկերներին մարտի դաշտից դուրս բերելիս՝ հակառակորդի մեկ փամփուշտից։ Մայրը՝ Սիրանուշ Նալբանդյանը, որդուց մարտին ստացած նամակի տողերն է հիշում։
«Մա՛մ ջան, մեզ պես խելացի ու խիզախ մարդիկ, անկախ մեր կամքից, հայտնվում են այնտեղ, որտեղից հետ գալու հավանականությունը հավասար է 0–ի։ Մա՛մ ջան, ես իմ ընտրությունը վաղուց արել եմ։ Մայրս կների, բայց հայրենիքս՝ ոչ։ Մենք մինչև Նախիջևան հաստատ հասնելու ենք»։

Զոհված տղաների երազանքը կիսատ թողնելու իրավունք չունենք՝ որդու խոսքերը շարունակում է Սիրանուշը։ Գագիկ Կարապետյան։ Ժամկետային ծառայությունն անցկացրել է Արցախի հյուսիս-արևելքում։ 19-ամյա Գագիկը մինչև նոյեմբերի 9-ը պատերազմել է Արցախում։ Վիրավորվելուց հետո հրաժարվել է հոսպիտալացվել, տղաներին հաց ու փամփուշտ պետք է հասցներ․ պատմում է մայրը՝ Սոնյա Մանուկյանը։
«Նոյեմբերի 9–ին զանգեց՝ ուրախ, զվարթ։ Մա՛մ ջան, լավ եմ, մի մտջածի ու կողքից լուրերի մի հավատա»։

Գարիկ Դավթյան։ Ռազմական կրթություն ստանալուց հետո սպայի կոչումով ծառայության է անցել Հադրութում։ Մինչև հոկտեմբերի 9-ը խոսել է ծնողների հետ, ոգևորել հաղթանակի հասնելու լուրերով։ Յուրաքանչյուր զանգն ավարտվել է « մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու» խոսքերով։ Հոկտեմբերի 9–ից մոր զանգերն անպատասխան են մնացել։
«Ոնց որ սիրտս վկայեր։ Չէի ուրախանում, որ էդ օրը զանգում էր։ Կուրախանայի, որ պատերազմից հետո զանգեր»։
Անդրանիկ Ավետիսյան․ քառօրյայի մասնակիցը ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո որպես հրետանավոր մեկնել է պատերազմ․ պատմում է մայրը։ Նա էլ մյուս տղաների նման մարտի դաշտից միայն ոգևորության խոսքեր է ասել մորը։ 23 տարեկան հրետանավորը մոր հետ խոսել է հոկտեմբերի 22–ին։ Մայրը հավատում էր՝ որդին իր ոտքով է գալու տուն։ Փետրվարի 6-ին ստացան Անդրանիկի զոհվելու լուրը։

«Բոլոր բարեկամների ու հարևանների հետ խոսել է, իմ հետ։ Ասել է, որ ամեն ինչ շատ լավ է մամ ջան։ Մի երկու օրից կգանք»։
Նարեկ Միրզոյան․ Արարատի մարզի Մասիս գյուղի մյուս անմահ հերոսը 24–ամյա Նարեկն է։ Մայրը որդուն աստվածատուր է բնորոշում։ Կամավոր ռազմաճակատ մեկնած Նարեկի երազանքները շատ էին։ Պատերազմից վերադառնալուն պես պետք է ընտանիք կազմեր։ Մայրը հիշում է որդու հետ վերջին զրույցը։
«Մենք չէինք էլ պատկերացնում, որ դա վերջին զանգն էր։ Էնքան ուրախ էր, որ հարսիս հետ միասին էինք խոսում, մենակ ասեց, մամ ջան, ամեն ինչ լավ է, մենակ իմանամ, դուք լավ եք»։
Այս տղաների սխրանքն անմահացնող հուշարձանը հավերժ խոնարհումի տեղ կդառնա Մասիսի միջնակարգ դպրոցի բակում։ Դպրոցում, որտեղ սովորել են անմահ հերսոները, սաները փոքրիկ երեկույթ էին կազմակերպել՝ ի հիշատակ դպրոցի տված հայրենանվեր տղաների։ Տնօրեն Ռուզաննա Խաչատրյանը հերոսածին մայրերին շնորհակալ է երկրին այսպիսի որդիներ տալու համար։ Նրանք այն տղաներն էին, որոնք կատարեցին անկարելին. փակեցին թշնամու մուտքը հայրենիք։

«Նրանք հավերժ են։ Մենք երբեք նրանց բացակա չենք դնի։ Միշտ մեզ հետ են բոլոր դասերին, բոլոր միջոցառումներին։ Նրանք ունեն նաև իրենց անկյունը դպրոցի ներսում։ Շնորհակալ ենք, որ դուք մեզ տվել եք նման տղաներ»։
Հայկի, Գագիկի, Անդրանիկի, Գարիկի ու Նարեկի հուշաքարը բացեցին նրանց մայրերը լուռ հպարտությամբ։




