ԿարևորՀասարակություն

Կամավորը խրախուսելի է․ ատեստավորված ուսուցիչը կստանա հավելավճար

Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն աշնանը կավարտվի։ 80 և ավելի միավոր հավաքածները կստանան հավելավճար` աշխատավարձի 30-50 տոկոսի չափով: 60-79 միավորի արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած։ Նրանց աշխատավարձը կպահպանվի, բայց հավելավճար չեն ստանա: Մինչև 59 միավորի դեպքում ուսուցչին  կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում մեկ տարի անց՝ աշխատավարձի պահպանմամբ։  Ծրագրի նպատակը որևէ մեկին պատժելը չէ։ Նախարարությունն ուզում է այսպես խրախուսել լավ պատրաստված ուսուցիչներին։

Հանրապետությունում ավելի քան 1500 ուսուցիչ, աշխատավարձից բացի,  կարող է հավելավճար ստանալ։ Պետք է պարզապես անցնել համապատասխան վերապատրաստում և մասնակցել կամավոր ատեստավորմանը։

Ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի հայտագրման փուլը մեկնարկել է մայիսի 3-ից։ Ծրագիրը փորձնական է։ ԿԳՄՍ նախարարությունն առայժմ օրական հազիվ տասը դիմում է ստանում, թեև Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է, որ մինչև դիմումների ներկայացման ավարտը այս թիվը կմեծանա։ Փոխնախարարի խոսքով՝ քննությունների ժամանակացույցը կկազմվի մինչեւ օգոստոսի 20-ը, քննությունները կանցկացվեն սեպտեմբերին, իսկ նոյեմբերից ուսուցիչները կստանան հավելավճարներ:

«Դիմելու գործընթացը մենք բավականին հեշտացրել ենք, ավելորդ փաստաթղեր չեն պահանջվում։  Ընդամենը պետք է ներկայացնել դիմում, տեղեկանք դպրոցից, որով կհավաստվի, որ տվյալ ուսուցիչը տվյալ դասարանի տվյալ առարկայի ուսուցիչ է, դիպլոմի պատճեն։ Դիմումները ընդունվելու են մինչև մայիսի 31-ը ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։ Մինչև օգոստոսի 20-ը կհրապարակվեն գիտելիքների ստուգման օրերը»։

Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորումը կանցկացվի աշնանը: Գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան հավելավճար` աշխատավարձի 30-50 տոկոսի չափով: 60-79 միավոր հավաքածների աշխատավարձը կպահպանվի, հավելավճար չի տրվի, ուսուցիչը կհամարվի ատեստավորված։ Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին զուգահեռ՝ շարունակվելու է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը։ Դա «Հանրակրթության մասին» օրենքի պահանջ է: Այս դեպքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը պաշտոնին։ Աշխատավարձի բարձրացում և հավելավճար չեն նախատեսվում:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ողջունում է մանկավարժի աշխատանքը խրախուսող ցանկացած քայլ, բայց սա, ասում է, այդ դեպքը չէ։ Ուսուցչի կամավոր ատեստավորումն ու ըստ այդմ՝ աշխատավարձի բարձրացումը, դեռ չի նշանակում, որ աշակերտը դրանից ավելի շատ  գիտելիք է ստանալու։ Մանկավարժը, որը ստացած գումարով է չափում իր տված գիտելիքը, առհասարակ չպետք է աշխատի դպրոցում, -կարծում է փորձագետը․  

«Եթե ուսուցիչը անցնի կամավոր ատեստավորումը, և իր աշխատավարձը բարձրանա, դեռ չի նշանակում, որ  սովորողների գիտելիքները ավելի շատ են լինելու։ Ես կտրուկ բան եմ ասում, որը միշտ ասել եմ  նաև դպրոցում աշխատելիս։ Դժգոհ ես, դուրս արի։ Այսքանն է պետության տվածը։ Ինչ գումար եմ ստանում, որ ինչու աշխատեմ ինքս իմ մասնագիտական կարողությունները զարգացնելու վրաայդպես մտածող ոչ միայն ուսուցիչը, այլև ցանկացած մեկը, շատ վտանգավոր  մարդիկ են դրանք»։

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ ատեստավորումն ընդհանրապես պետք է լինի պարտադիր․

«Կամավոր ատեստավորման գործընթացը չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը։ Դա պետք է լինի պարտադիր,  5 տարին մեկ և վերապատրաստվելուց հետո յուրաքանչյուր ուսուցչին տրամադրվող  ատեստավորման փաստաթղթում պետք է նշվի՝ համապատասխանում է պաշտոնին, թե՝ոչ։ Դա պետք է դառնա անցաթուղթ դեպի դպրոց,  որովհետև օրենքի մեջ գրված է, որ չատեստավորված ուղուցիչները այլևս չեն  կարող աշխատել դպրոցում»։

2011 թ․ ընդունված 2011-2015թթ. Կրթության զարգացման պետական  ծրագրում նշվում է, որ շարունակվելու է դպրոցը որակյալ կադրերով ապահովելու գործընթացը, իսկ ուսուցչի աշխատանքի ընդունման գործընթացն ավելի թափանցիկ կդառնա։ Ուսուցչի թափուր աշխատատեղի առկայության պարագայում դպրոցը պարտավոր է հայտարարություն տալ և մրցույթ անցկացնել։ Այդուհանդերձ, մրցույթը դեռևս  երաշխիք չէ, որ դպրոցում կլինեն միայն որակյալ կադրեր։   Մրցույթին տրվող 100 հարցերը չեն պարունակում ուսուցչին ներկայացվող 12 գործառույթները․ դրանք սահմանված են   կառավարության  ընդունած մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկով։

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածում նշված է․ «Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. կամ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին»։

Ի տարբերություն օրենքի վերոնշյալ հոդվածի և կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի մեկնաբանության՝ նախարարությունը հակված է ավելի հանդուրժող լինել․մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի աշխատավարձը կպահպանվի, մեկ տարի անց նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում: Նախարարությունից պարզաբանում են․մեր նպատակը ոչ թե պատժելն է, այլ ուսուցիչների ներուժը գնահատելը։

Կարդացեք նաև

Back to top button