ԿարևորՀասարակություն

Հերոսապատումը ողբերգության վերածելու իրավունք չունենք․ բացվել է լրագրող–ազատամարտիկների լսարան

93 թվականին Արցախյան պատերազմում զոհվեց Նորայր Մարությանը: Նա լրագրող էր, սովորել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում, շուտով պիտի դասախոսեր։ Նրա անունը կրող լսարանում ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը պատմում է.

«2006-ին, երբ լրանում էր Նորայրի 40 ամյակը, լսարան բացեցինք այն համոզումով, որ Նորայրը լինելու է միակը, որ այլևս իր կողքին այլ տղաների նկարներ չպիտի լինեն, բայց օրինակ պիտի լինի բոլոր տղաների համար»։

Այսօր՝ 15 տարի անց,Նորայրի լուսանկարի կողքին ավելացավ ևս 3 լուսանկար, անվան կողքին՝ ևս երեք անուն: Ֆակուլտետում բացվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված Վյաչեսլավ Բադալյանի,Վաչագան Մանուկյանի, Աշոտ Խաչատրյանի և առաջին պատերազմում զոհված Նորայր Մարությանի անվան լսարանը։ Բացումը կատարվեց Բագրատ Սրբազանի օրհնությամբ.

«Ես այստեղ եմ ոչ միայն որպես հոգևորական, սպասավոր, այլ նաև որպես Վաչագան Մանուկյանի հորեղբայր։ Ուզում եմ իր հոր բառերով մի երկու խոսք ասել՝ հերոսապատումը ողբերգության վերածելու իրավունք չունենք»։

«Հայրենիքը մարդիկ են, հայրենասիրությունը՝ քեզ տված առաքելությունը մեծ սիրով ու արժանապատվությամբ կատարելը»:

Սյավայի քույրը պատմում է, որ եղբայրը այս գաղափարով է առաջնորդվել։ Միշտ է սկսած գործը ավարտին հասցրել, անգամ վերջին պահին՝ անմահանալուց առաջ, թշնամու տանկ խոցելով։

Վաչագանն այս տարի կավարտեր մագիստրատուրան, Սլավան նախորդ տարի ավարտել էր բակալավրը։ Նրանց կողքին Աշոտի լուսանկարն է: ժուռնալիստիկայի ֆակուլտետում նա չհասցրեց սովորել անգամ մեկ օր. ընդունվեց ու զորակոչվեց բանակ.

«Ինքն ամեն խոսելուց երազում էր, թե երբ պիտի գա համալսարան, երազում էր ուղղակի»,–մայրը՝ Անժելա Սարգսյանը, հիշում է Աշոտի ևս մեկ անկատար երազանք. «Ես լավ եմ հիշում, որ ինքը երրորդ դասարանում ասել էր՝ երազում եմ, որ Մասիսը տեսի հակառակ կողմից»։

Լսարանը նորոգված ու տեխնիկապես ապահովված է. բարերարներ Վահե և Էլիզաբեթ Հակոբյաններն են աջակցել: Գաղափարը տղաների համալսարանական ընկերներինն է։ Սլավայի կուրսընկեր Էդգար Ղուշչյանը պատմում է,

«Մենք մեր մեղավորությունն ունեինք, զգում էինք, որ ինչ–որ բանով չէինք կարողացել օգել իրենց և Դավիթի՝ մեր համակուրսեցու հետ որոշեցինք, որ լսարան պիտի նորոգվի և իրենց անունով կոչվի։ Այս լսարանը այսուհետ ոչ միայն լսարան է, այլ սրբատեղի է մեզ համար, որովհետև պետք է էս լսարան մտնել խոնարհվելով, ինչպես մտնում ես ցանկացած սրբատեղի»:

Հարազատները, ընկերներն ու դասախոսները հուզված են. Սլավան ու  Աշոտը, Վաչիկն ու Նորայրը նորից Համալսարանում են: Բոլոր ներկաների հույսը նույնն է՝ ինչպես 15 տարի առաջ. լսարանում թող նոր լուսանկար չավելանա:

Կարդացեք նաև

Back to top button