ԿարևորՀասարակություն

Զբոսաշրջային ո՞ր ուղղություններն են Արցախում անվտանգ

Անուշ Ապրեսյան
«Արցախ» լրատվական

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ իրականացված ռազմական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով մեր երկիրը կորցրել է զբոսաշրջավայրերի շուրջ 80 տոկոսը: Այժմ Արցախի Հանրապետությունը կանգնած է զբոսաշրջային նոր արդյունքի ստեղծման ու քայլուղիների մշակման խնդրի առջև:

Ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախի զբոսաշրջավայրերի հանրահռչակման, դրանց անվտանգության ապահովման  և օտարերկրացիների մուտքի և կեցության խնդիրների լուծման ուղղությամբ՝ պարզաբանել են պատկան մարմինները։

Զբոսաշրջային հարուստ ներուժ ունեցող Արցախում վերջին մի քանի տարիներին օտարերկրացիների ակտիվ ներհոսք էր արձանագրվում։ Իրավիճակը շեշտակի փոխվեց արցախյան վերջին պատերազմից հետո։ Հիմնական զբոսաշրջավայրերի մոտ 80%-ը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։

Չնայած այս փաստին՝ «Արցախը այսօր զբոսաշրջային պոտենցիալը վերականգնելու հնարավորություն ունի»,-վստահեցնում է զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը՝ խոսելով ձեռնարկվող քայլերի մասին։

«Վարչության կողմից կազմակերպվել է ճանաչողական այցերի շարք, դեռևս իրականացվել է 40 %-ով։ Կկազմվի վերլուծություն, կընտրվեն վայրեր, որոնց վրա կդրվի շեշտը՝ հանրահռչակման, բարեկարգման, գծանշման, քայլուղիների մշակման, ճանապարհային տեղեկատվական ցուցանակների տեղադրման համար։ Tourist Bus ծրագիրն է վերաթողարկվելու այս տարի։ Ուղղությունը 4-ից դառնալու է 2 »:

Հետպատերազմյան Արցախում զբոսաշրջավայրերը անվտանգ դարձնելու նպատակով կատարվել են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ։ Հայտնի են արդեն իսկ անվտանգ զբոսաշրջային ուղղությունները։

«Շեշտը դրվելու է Վանք գյուղի, Ծաղկաշատ գյուղի, Պատարայի, Քոլատակի, Աստղաշեն, Տոնաշենում՝ Երիցմանկաց վանք, Ջրաբերդ, Սխտորաշեն, Տնջրի, Ամարաս, Այգեստանի, Բուվուրխանի, Գետավանի, Գտչավանքի ուղղությամբ»։

Արցախ մուտք գործելու ընթացակարգում կատարված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջացրել օտարերկրացիների համար։ Այսուհետ՝ զբոսաշրջիկը ոչ ուշ քան 5 օր առաջ  պետք է դիմի Հայաստանում Արցախի ներկայացուցչություն՝ նշելով, թե որ օրն է ցանկանում այցելել Արցախ։ «Պատասխանը պարզ կլինի հենց նույն օրը»,-նշեց վարչության պետը և հավելեց, որ մարտ ամսում գրանցվել է զբոսաշրջիկների թվի զգալի աճ։ Նրանց կեցությունն ապահովելու խնդիրը վարչության օրակարգում է։

«Տարածքային կառավարման նախարարությունը պայմանագիր է կնքել 36 հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ, 8 հյուրանոցային հյուր․ օբյեկտ մնացել է մեր վերահսկողությունից դուրս և մի 80% հյուր․ տնտ․ ընդունել է տեղահանված մարդկանց։ Հիմնական մեծ հյուրանոցները աշխատում են բնականոն հունով»։

Հանրային հարթակներում աշխատանքներ են տարվում Արցախի զբոսաշրջավայրերը ներկայացնելու և վերստին գրավիչ դարձնելու ուղղությամբ։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը, պարզաբանում է  Արցախի զբոսաշրջության զարգացման գործակալության ղեկավար Սերգեյ Շահվերդյանը։

Արցախի զբոսաշրջային բնագավառի առջև այսօր ծառացած հիմնական խնդիրը մեր թիրախային հիմնական շուկաներում՝ ՀՀ-ում և Ռուսաստանում պոտենցիալ այցելողների մոտ վստահության առաջացումն է, որի ուղղությամբ ծավալում ենք համապատասխան աշխատանքներ՝ հանրային լրատվամիջոցները օգտագործելով, ինչպես նաև կարևորագույն միջոցը ճանաչողական այցերի կազմակերպումն է։ Արդեն տեղի ունեցավ ՀՀ զբոսաշրջային օպերատոտների այցը ու մենք շատ շուտով կտեսնենք բավականին լայն քարոզչական ծրագիր, որը միտված է վերականգնելու Արցախ այցելող զբոսաշրջիկի մոտ վստահության, անվտանգության զգացումը։

Արցախի զբոսաշրջային հեռանկարը խոստումնալից է․ զբոսաշրջիկների թվի աճն է փաստում։ Հետպատերազմյան Արցախի համար սա ոչ միայն կարևոր իրողություն է, այլև հնարավորություն աշխարհի հետ խոսելու մեր դարավոր պատմության, մեր կյանքի ու պայքարի մասին։

Կարդացեք նաև

Back to top button