ԿարևորՀասարակություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննում է ՄԻՊ-ի դիմումը, բայց չեն ասում՝ տրվե՞լ է դրան ընթացք, թե՞ ոչ

Օրերս Մարդու իրավունքների պաշտպան ԱրմանԹաթոյանը դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքը քննարկելու հարցով: Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք սոցցանցերում հայհոյանք ու վիրավորանք են գրում, արդարացնում ու խրախուսում նման գրառումները: Այս հարցերով օմբուդսմենը դիմել էր նաև իրավապահ մարմիններին։

Այսօր  «Ռադիոլուր»-ը փորձեց Հանձնաժողովից ճշտել, թե  ի՞նչ ընթացք է ստացել ՄԻՊ-ի դիմումը։ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը տեղեկացրեց, որ Պաշտպանի դիմումին հանձնաժողովը 30-օրվա ընթացքում կարձագանքի հրապարակային։ Հետաքրքրվեցինք՝ այսինքն, ընթացք տրվե՞լ է, կլինի՞ արձագա՞նք, կամ՝ կոնկրետ ե՞րբ  սպասել այդ արձագանքին։ 

«Մենք 30-օրյա  սկզբունքով դրան կանդրադառնանք։ Այսօր-վաղը կլինի համապատասխան արձագանքը։ Ես չասեցի, թե ընթացք է տրվել։ Հենց այդ հրապարակմանը և արդեն դրանից բխող գործողությունների նկատմամբ է, որ Հանձնաժողովն արդեն հրապարակային այդ ծանուցումը կիրականացվի»,-ասաց Հայկուհի Հարությունյանը:

Հակակոռուպցիոն հանձնաժաղովին ուղղած դիմումում Արման Թաթոյանը շեշտել էր, որ Հանձնաժողով ուղարկվել են նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ: Ֆեյսբուքում Պաշտպանը գրել էր.

«Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը։ Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»։

Այս հարցերով օմբուդսմենը վերջերս դիմել էր նաև իրավապահ մարմիններին, այդ թվում` Դատախազություն։ Վիրավորանքն ու հայհոյանքը օրենքով քրեականացված չեն։ Հետեւաբար, այդ առումով իրավապահ մարմինները չունեն որևէ լծակ, և ՄԻՊ-ն էլ իրավապահ մարմիններին դիմելու հիմք չունի։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ այդ մասով լուրջ խնդիր կա։

«Կոնկրետ այդ մասով մենք ունենք լուրջ խնդիր, և այդ խնդիրը կապված է նրա հետ, որ հայհոյանքը քրեականացված չէ, այսինքն՝ քաղաքացիաիրավական դաշտի խնդիր է»։ 

Դատախազությունում կարծում են՝ վաղուց ժամանակն է, որ այդ արարքը քրեականացվի. վիրավորանքն ու զրպարտանքը Հայաստանն ապաքրեականացրել է 2010 թվականին։ Հարցին օրերս խորհրդարանական հանձնաժողովում անդրադարձել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով իր տարեկան հաշվետվությունը։ Վիրավորանքի, ատելության խոսքը մեր երկրում 2020 թվականին բավական աճել է։ Դրանք լուրջ ռիսկեր են ստեղծում հանցագործությունների աճի համար,- նկատել էր գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ հրապարակային հայհոյանքին գործող օրենսդրությամբ համարժեք արձագանքելու մեխանիզմ չկա։

Նա ասել էր.

«Այսինքն, մենք ունենք արարք, որը հակասում է մեր բարոյական կանոններին, էական բացասական ազդեցություն է ունենում համապատասխան հանցածին իրավիճակի վրա, և դրան չունենք համապատասխան արձագանք։ Հաջորդը՝ քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց արդեն հատել է կարմիր գիծը մեր երկրում։ Մենք հիմա չենք քննադատում, մենք հաճախ ուղիղ խուլիգանական հայհոյանք ենք տալիս, և սա չի կարող չունենալ համապատասխան հետևանքներ»։

Դատախազը պատգամավորներին առաջարկում է մտածել վիրավորական խոսքը՝ հայհոյանքը քրեականացնելու մասին։ Առաջարկը նաև ներկայացվել էր Արդարադատության նախարարությանը։ Վերջինս, սակայն, չի կիսել դատախազության հիմնավորումները։

Իշխող կուսակցությունը փորձեց խնդիրը լուծել  քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագծով, որով փոփոխություններ կատարվեցին Քաղաքացիական օրենսգրքում,  վիրավորանքի համար  սահմանվում է մինչև 3 մլն դրամի տուգանք, իսկ զրպարտանքի համար՝ մինչև 6 մլն։ Այս փոփոխությունը քննադատեց ԲՀԿ-ական, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը.

«Սա ուղղակի «պրեսինգ» է ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների, ընդդիմադիր քաղաքացիների վրա, որպեսզի կաշկանդվեն մտահոգություններ հայտնելիս»։

Ի դեպ, Հանրապետության նախագահը, մամուլի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ հանդիպումից հետո օրենքը չի ստորագրել և ուղարկել է Սահմանադրական դատարան: Մինչևդեռ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հորդորում է խուլիգանական հայհոյանքը ազատ խոսքի հետ կապ չխառնել և դրա քրեկանացումը համարում է ոչ թե հետընթաց քայլ, այլ խիստ անհրաժեշտություն՝ միջազգային  իրավական հիմնավորումներով։

Կարդացեք նաև

Back to top button