ԿարևորՀասարակություն

Երևանյան գիշերները կլուսավորվեն արևային էներգիայով

100-ից ավելի բազմաբնակարան շենքերի բակեր կլուսավորվեն ոչ թե մինչև կեսգիշեր, այլ մինչև լուսաբաց: Սա կարվի շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելու և ստացված էներգիան օգտագործելու միջոցով: Քաղաքապետարանից հայտնում են՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Եվրոպական միությունը՝ Երևանի համար․ արևային համայնք» ծրագրից կօգտվի շուրջ 26000 երևանցի: Արդյունքում,  77%–ով կնվազի էլեկտրաէներգիայի սպառումը ընդհանուր օգտագործման տարածքներում։

Երևանը կօգտագործի արևի էներգիան։ Մայրաքաղաքի 21 բազմաբնակարան շենքերի տանիքներին արդեն արևային վահանակներ են տեղադրվել: Այդպես լուսավորվելու են բակերը, շենքերի մուտքերը և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ, կրճատվելու է էներգիայի ծախսը:  Ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նանա Աբելյանը։

«Ծրագիրը դրամաշնորհային է։ Հաստատել է Երևանի ավագանին 2018թ-ին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 միլիոն 250 հազար եվրո, որից 250 հազար եվրոն համաֆինանսավորել է քաղաքապետարանը»։

Ծրագրով նախատեսվում է Երևանի շուրջ 100 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային էներգիայի համակարգեր։ Շենքերը ընտրվել ու ընտրվելու են տարածքային զարգացման համաչափության սկզբունքով՝ ընդգրկելով բոլոր վարչական շրջանները։ Կարևոր նախապայմաններից է, որ շենքն ունենա 9-14 հարկ, հարթ և արևկող տանիք։

«Նշված շենքերում ծրագրի ավարտից հետո ակնկալվում է, տարեկան կտրվածքով, մոտ 930 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի  արտադրում՝ արևային կայանների միջոցով, 300 տոննա CO2 գազի արտանետման նվազում, իսկ լուսավորության համակարգի փոփոխության արդյունքում կունենանք մոտ  395 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի սպառման նվազում»,– ասում է Նանա Աբելյանը։

Արդյունքում, շուրջ 77%-ով կնվազի ընդհանուր օգտագործման տարածքներում էլեկտրաէներգիայի սպառումը, 50%–ով էլ կնվազի վճարումն էլեկտրաէներգիայի դիմաց, ինչն անում են բնակիչները։

«Եթե հիմա վերելակի հոսանքի համար մի բնակարան ամսական վճարում է 1000 դրամ, իր վճարած գումարը 50%-ով կնվազի․ այսինքն, ինքը կվճարի 500 դրամ։ Դրա հետ մեկտեղ կստանա ամբողջ շենքում լուսավորություն և գիշերային լուսավորություն՝ բակում»,- պարզաբանում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Խնայված միջոցները կկուտակվեն շենքի համար ստեղծված նպատակային բանկային հաշվում և կուղղվեն համակարգերի սպասարկմանը,- ասում է քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նանա Աբելյանի խոսքով՝ բնակիչները կորոշեն՝ կուտակված միջոցներով փոխեն մուտքերի դռնե՞րը,  թե՞ պատուհանները:

«Ծրագիրը նախատեսում ենք իրականացնել 2 փուլով։ 1-ին փուլի աշխատանքները արդեն մեկնարկել են։ 21 շենքում ունենք տեղադրված արևային վահանակներ ու լուսավորության համակարգեր, հուսանք, որ ծրագիրը կլինի շարունակական»։

Առաջին փուլում արևային վահանակներ կտեղադրվեն ևս 27 շենքերի տանիքներին,  այդ շենքերում հիմա նախապատրաստական աշխատանքներ են արվում: Երկրորդ փուլում արևային էներգիա «արտադրող» սարքով կապահովվեն ևս 52 շենքեր։

«Հիմա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն այդ 21 շենքերում հաշվիչներն է փոխում, դրանից հետո արդեն համակարգի հանձնում-ընդունում կանենք և կսկսենք շահագործել»,- ասում է Քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության բաժնի պետ Նանա Աբելյանը։

Քաղաքապետարանում հույս ունեն, որ տեղադրված համակարգերը առաջիկա 10 օրվա ընթացքում կշահագործեն: Էներգիա արտադրելու և խնայելու միջոցով շենքերի բակերը կլուսավորվեն ոչ թե մինչև կեսգիշեր, այլ մինչև լուսաբաց:

Կարդացեք նաև

Back to top button