
Լրագրողները, որոնք ստացել են այս կամ այն պաշտոնը, ավելի զգայուն են քննադատության հանդեպ։
«Մեր երկրում առաջին փորձը լրագրողների զանգվածային մուտքի խորհրդարան՝ եղել է 1995 թվականին, և այդ պահից ի վեր մեկ օրինաչափություն կարելի է տեսնել. մարդիկ, որոնք լրագրությամբ են զբաղվել մինչև խորհրդարան մտնելը, չեն հայտնվել խոսքի ազատության համար պայքարողների առաջին շարքերում»,-ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Օրենսդիր մարմնում հայտնվելով՝ նախկին լրագրողը փորձում է իրեն ծանոթ խնդիրները լուծել՝ լրագրողի իրավունքները սահմանափակելով կամ ռեպրեսիվ նախագծեր առաջարկելով: Դրանք, ոչ ուղղակի, բայց կաշկանդում են լրագրողին, մինչդեռ լուծումները այլ տեղում են»,-ասում է Նավասարդյանը.
«Խորհրդարանում հայտնված մեր գործընկներների հետ մենք պետք է ավելի սերտ համագործակցենք, նրանք էլ պետք է չմոռանան, որ շարունակում են լրագրող գործընկներներ ունենալ։ Մասնավորապես նախքան օրենսդրական նախագիծ ընդունելը պետք է լինեն քննարկումներ, որովհետև մեր խորհրդարանում շատ արագ են ծնվում գաղափարներ և դառնում օրենք։ Դա հակասում է միջազգային ստանդարտներին, որոնք ենթադրում են հանրային, քաղաքացիական ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախագծերի ընդունման հարցում, սա չէր կատարվում մինչև թավշյա հեղափոխությունը և առավել ևս չի կատարում հեղափոխությունից հետո»,-ասում է Բորիս Նավասարդյանը։

Վիրավորանքի դիմաց՝ մինչև 3 միլիոն, զրպարտության դիմաց՝ մինչև 6 միլիոն դրամ տուգանք. այս չակերտավոր բարեփոխումը կատարվեց, երբ երկրի ղեկավարը նախկին լրագրող է: Երևանի մամուլի ակումբի նախագահն այս օրենքը համարում է ռեպրեսիվ: Տեսակետը կիսում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Մամուլի դեմ ամենաշատ դատական հայցերը ներկայացվել են 2019 թվականին՝ շուրջ 100 հայց, այս տարվա առաջին եռամսյակում դեռ 12 հայց կա»,- ասում է Աշոտ Մելիքյանը, հայցերի ճնշող մեծամասնությունը վիրավորանքի և զրպարտության համար է։ Հաճախ պետական պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները չեն ընդունում լրագրողի քննադատությունը, համարում այն զրպարտության կամ վիրավորանքի, և սկսվում է երկարատև դատական գործընթացը, փոխարենը կարգավորող այլ միջոցներ կան,- ասում է Աշոտ Մելիքյանը.
«Տեղեկատվական դաշտում վեճերը պետք է լուծել հիմնականում արտադատական կարգով։ Դրա համա կան մեխանիզմներ՝ և՛ օրենքով նախատեսված պատասխանի ու հերքման իրավունքն է, և՛ մեզանում կամաց-կամաց առաջ գնացող ԶԼՄ-ների ինքնակարգավորման ինստիտուտը, երբ քաղաքացին կարող է դիմել այն մարմնին, որը հետևում է լրատվամիջոցի էթիկական նորմերի պահպանմանը, և այդ հարցը կարող է 1 ամսվա ընթացքում լուծվել, ոչ թե դատական կարգով տևել մի քանի տարի»,-ասում է Աշոտ Մելիքյանը։
Լրագրությունն ամենավտանգավոր մասնագիտություններից է, իսկ անհամաչափ տուգանք սահմանող օրենքների ոչ արդարացի կիրառումը լրատվամիջոցին ֆինանասական կոլապսի է ենթարկվում, -ասում է Աշոտ Մելիքյանը։ Ըստ նրա՝ սա խոչընդոտում է լրագրողի խոսքի ազատությունը։

«Ազատ խոսքը» շուրջ 30 տարեկան է։ Մամուլի համար այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորագիր է ընտրել՝ «տեղեկությունը որպես հանրային բարիք»։ Ըստ բանախոսներ Աշոտ Մելիքյանի և Բորիս Նավասարդյանի՝ խորագրի համատեքստում պատերազմի և որոշ չափով նաև կորոնավիրուսի ընթացքում ունեցել ենք թերացումներ։ Բանախոսների կարծիքով, որպեսզի տեղեկատվությունը դառնա հանրային բարիք, մանավանդ ապատեղեկատվության և ֆեյք լուրերի այս հոսքում, լրագրողը պետք է աշխատի ինքնուրույն՝ առանց ենթարկվելու նեղ շահերի, առանց սպասարկելու քաղաքական այս կամ այն շահը՝ լինելով օբյեկտիվ և համարելով սեփական նյութը հանրային բարիք։




