
Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի նոր 2 հենակետ է հիմնվել: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ հենակետերի ստեղծումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի, նաև ՀՀ անվտանգությունն ապահովելու համար:
Իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը, խոսելով ՀՀ անվտանգության համակարգից, ընդգծել է, որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել:
«Այդ համակարգը հիմնված է եղել հայ-ռուսական համատեղ զորախումբ և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ ունենալու վրա»,–ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն տեսակետներին, թե մի շարք որոշումներ անվտանգության նոր սպառնալիք են ստեղծել օրինակ Սյունիքի մարզի համար: Վարչապետի թեկնածուի խոսքով՝ իրականում տեղի է ունեցել հակառակը:
«ՀՀ բոլոր սահմանների պաշտպանությունն ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով և ջանքերով: Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում մարտական դիրքեր պետք է դրված լինեն»:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անվտանգային համակարգը տարածվել է ՀՀ սահմանների վրա, իսկ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:




