
Դեռևս 2019 թ.-ին Կապանը ճանաչվել է Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաք, սակայն համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է: Միջոցառումների պաշտոնական բացումը նախատեսվում է այսօր՝ մայիսի 1-ին:
Կապանի համայնքապետարահը տեղեկացնում է, որ 2021 թվականի մայիսի 1-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումների բացման պաշտոնական արարողությունը՝ Կապանի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում։
ժամը 15։00-ին գեղեցիկ համերգային ծրագրով հանդես կգա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի և պարի պետական անսամբլը և մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմը

ժամը 16։30–ին մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի նախասրահում կցուցադրվեն Կապանի երիտասարդ գեղանկարիչների աշխատանքները
Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ողջ տարվա ընթացքում։ ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք հասկացությունը կարգավիճակ է, որը համապատասխան մրցույթի արդյունքում մեկ տարի ժամկետով շնորհվում է համայնքի կարգավիճակ ունեցող կամ համայնքի կազմի մեջ մտած քաղաքին:
Ստանալով տվյալ տարվա Երիտասարդական մայրաքաղաք կարգավիճակը, ըստ բանախոսների, քաղաքային համայնքը հնարավորություն է ստանում աշխուժացնել համայնքային կյանքը, նպաստել երիտասարդների ներգրավմանը տվյալ համայնքի առաջընթացին, զարգացնել միջմարզային համագործակցությունը, ձեռք բերել նոր հմտություններ, բարձրաձայնել համայնքային նշանակության խնդիրների մասին և փնտրել համարժեք լուծումներ և այլն:




