ԿարևորՀասարակություն

Ապօրինի ծագում ունեցող գույքի գործերը պատրաստ են մտնել դատարան․ 200-ից ավելի անձ է «ուսումնասիրվում»

2020-ին  հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է , բայց զարմանալիորեն աճել են մարդկանց դեմ ուղղված հանցագործությունները՝ այսօր ԱԺ-ում ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով կառույցի գործունեության մասին 2020-ի հաղորդումը։

Դատախազությունում մտահոգիչ են համարում  սոցցանցերում և տարբեր հարթակներում վերջին շրջանում սովորական դարձած հայհոյանքը, սպառնալիքն ու ատելության խոսքը։ Համոզված են՝ դրանք բռնություն են գեներացնում։ Գլխավոր դատախազությունում օրենսդրական նախաձեռնություն է մշակվում, որով առաջարկվելու է քրեականացնել պաշտոնյաներին և հանրային ծառայողին ուղղված վիրավորանքն ու զրպարտությունը։ Գլխավոր դատախազն այսօր խոսել է ոչ միայն արդեն կատարված աշխատանքի, այլև՝ աղմկահարույց գործերի մասին։  

Մինչև հունիս կամ հուլիս դատարանները կստանան ապօրինի ծագում ունեցող գույքի հանցակազմով առաջին 5 գործերը։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի բացահայտում  ոչ քրեական գործերով անցնողների  անունները, ոչ գույքի տեսակը, ոչ էլ ծավալը։

«Շատ բարդ, ծանր աշխատանք է իրականացվում։ Նաև օրենքի պահանջ կա՝ շատ տեղեկություններ չտրամադրել։ Գործերի  մեծամասնությունը  երբևէ պետական պաշտոն զբաղեցրած անձանց է վերաբերում»։  

Այս հանցակազմով ընդհանուր առմամբ 210 գործ է քննվել նախորդ , ևս 20-30 -ը՝ այս տարվա ընթացքում։ Ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող  գործերի քննությունը  ուղեկցվում են տարբեր խնդիրներով և դժվարություններով։ Իրավական խութեր կան՝ ասում է դատախազը։ Այժմ օրենսդրական փաթեթ են մշակում՝ խնդիրները լուծելու համար։

Այդ գործերից այս փուլում մեծ ակնկալիքներ չունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Հոռետեսությունը հիմնավորում է դատական համակարգի վիճակով։

 «Ինչպիսի օրենքներ էլ գրենք, ինչպիսի փոփոխություն էլ անենք,  ակնհայտ է, որ դատարավորները հրաժարվում են դրանք կատարելուց։ Եթե մենք չենք իրականացնում վեթթինգը դատական համակարգում, ոչ մի արդյունքի էլ չենք հասնի»։  

Արդեն հաստատված կոռուպցիոն գործերով անցյալ տարի քրեական հետապնդման է ենթարկվել 1 356 անձ։ Կոռուպցիոն հանցագործություններով բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 227 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 14 միլիարդը։

Շուրջ մեկ տարի առաջ դատախազը խորհրդարանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացնում ։ Մեղադրանքն առնչվում էր ընտրակեծիքներին։ Նոր ընտրությունների նախաշեմին այդ գործը տեղից չի շարժվել, Գագիկ Ծառուկյանն էլ պատրաստվում է նոր ընտրությունների։  

 «Տեղից շատ է շարժվել։ Այդ քրեական գործով տասնյակներով քրեական հետապնդման ենթարկված անձինք կան։ Հազարավոր հարցաքննություններ է իրականացրել հետապնդման մարմինը։ Քննության տվյալները պետք է ամբողջականացվեն, հետո դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական»։

Ընտրություններին ակտիվորեն պատրաստվում է նաև «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դրան նպաստել է Սահմանադրական Դատարանի որոշումը և առաջին ատյանի դատարանի՝ դրա հիման վրա  կայացրած դատական ակտը։ Այն դատախազությունն արդեն վիճարկել է Վերաքննիչ դատարանում և դիմել Սահմանադրական դատարան։

 «Եթե մեզ հաջողվում է հասնել մեր դիմումի բավարարմանը ՍԴ-ում, մենք հնարավորություն ենք ստանում այդ գործով ամբաստանյալների արարքները վերաորակելու և, ըստ էության, գործի քննությունը շարունակելու, ապացույցները հետազոտելու, դրա արդյունքում համապատասխան դատական ակտ կայացնելու։ Իսկ եթե մեր դիմումը չի բավարարվում, ՍԴ-ն վերաորակման հնարավորություն չի տալու, ստացվում է, որ մենք իմ ասած իրավական ճանապարհով չենք կարողանալու գնալ»։

Բազմաթիվ նախկին և ներկա պաշտոնյաներ Գլխավոր դատախազության «խոշորացույցի» տակ են նաև պատերազմի հանցագործությունների գործերով։ Գլխավոր դատախազությունն այս պահին քննում է այդպիսի 1650 գործ։ Դրանք պայմանականորեն բաժանվել են 2 մասի։ Մեկն առնչվում է Ադրբեջանի կողմից կատարված, մյուսը՝ ներքին հանցագործություններին։

Այս պահին, այո, բազում գործերով հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված գործն է, որով ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններն ու արարքները՝  առանց որևէ բացառության։ Բոլոր անձանց արարքներին այդ գործով տրվելու են իրավական գնահատականներ։

Փաշինյանի վերաբերյալ գնահատական տրվելո՞ւ է։

Ասում եմ՝ բոլոր անձանց՝ առանց բացառության»։    

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տեղեկություններով՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների առնչությամբ գործեր կան ոչ միայն Հայաստանում։

«Ռազմական հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ։ Ադրբեջանի և  ռազմաքաղաքական ղեկավարության հրամանատարային պատասխանատվությանն ուղղված գործընթացներ, իմ տեղեկություններով, նախաձեռնել են Գերմանիայում, եթե չեմ սխալվում, Բելգիայում և Սկանդինավյան երկրներից մեկում։ Այսինքն՝ այդ անձինք, ովքեր կատարել են նման հանցագործություն, այդ թվում՝ հրամանատարները, սոսկ հրաման տալու համար կարող են ենթարկվել պատասխանատվության նաև Հայաստանից դուրս»։

Ադրբեջանի դեմ հարուցված գործերը առնչվում են ռազմական տարբեր հանցագործությունների՝ սպանություններից մինչև մշակութային արժեքների ոչնչացում։

Կարդացեք նաև

Back to top button