
1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի (Կիրովաբադում տեղակայված 23-րդ դիվիզիան) ստորաբաժանումների հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը: Այն իրականացվում էր հատուկ սխեմայով. հայկական գյուղերը բռնի տեղահանման պլանի իրագործման նպատակով հերթականությամբ շրջափակվում էին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի կողմից, այնուհետև օմօնականները «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով ներխուժում էին բնակավայրերը, կողոպտում, սպանում, ահաբեկում, ստիպում «ինքնակամ» լքել գյուղն ու հրաժարվել իրենց ունեցվածքից, բռնի տեղահանում բնակիչներին։
Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:
Գետաշենում և Մարտունաշենում սկիզբ առած «Օղակ» գործողությունը շարունակվեց նաև Արցախի ու Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում՝ հանգեցնելով դրանց ավերման, մեծ թվով մարդկային կորուստների ու Արցախի բազմաթիվ գյուղերի հայաթափման։ Գործողության արդյունքում Գետաշենում և Մարտունաշենում, ըստ տարբեր աղբյուրների, սպանվել է 37-41 մարդ, վիրավորվել շուրջ 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Իր դաժանությամբ ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Կոլցո» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:




