
Ի՞նչ կլիներ, եթե անտառում մոլորված հեքիաթի հերոսուհին ունենար սմարթֆոն․ այս հարցի պատասխանը թվային մտավարժանք է նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների համար՝ ասում է «Մեդիագրագիտությունը նախադպրոցական կրթության մեջ» հետազոտության համահեղինակ Լուսինե Գրիգորյանը։ Հետազոտությունը իրականացվել է Հանրային լրագրության ակումբի «Ավելի անվտանգ առցանց միջավայր․նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում, ֆինանասավորվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։
Հետազատության համահեղինակ է նաև Վիգեն Շիրվանյանը, որի կարծիքով, համավարակը նպաստեց, որ երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնեն հեռախոսների ու համակարգիչների առաջ, իսկ ծնողները դրա նկատմամբ ավելի հանդուրժող լինեն։ Տեխնոլոգիաների ոչ նպատակային օգտագործումը ազդում է երեխայի հոգեբանության վրա՝ ասում են հեղինակները ու նշում, որ նման հետազատություն առաջին անգամ էր արվում․
«Միջազգային փորձն ենք ուսումնասիրել, մասնագետների հետ խորքային, ֆոկուս խմբային քննարկումներ են եղել, մոտ 156 մանկավարժների շրջանում առցանց հարցում է արվել և այս ամբողջը իրականցվել է 2020-ի դեկտեմբերից մինչև այս տարվա մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Հետազոտության հրապարակումը համընկավ նաև նոր չափորոշիչների հետ, որոնք քննարկման են ներկայացվել, պետք է համալրվեն ու փոփոխվեն»,-ասում է Վիգեն Շիրվանյանը։
Մեդիայի գործիքներին, մեդագրագիտության կանոններին լիարժեք տիրապետելու և հետևելու խնդիր ունեն նաև դասավանդողները․ չկա ամբողջական որևէ ձեռնարկ կամ ուղեցույց, մասնավորապես 4-6 տարեկան երեխաների տարիքային խմբում աշխատելու համար, մինչդեռ «մեդիակրթությունը սկսվում է մանկապարտեզից» արտահայտությունը շատ արդիական է՝ ասում է հետազոտության համահեղինակ Լուսինե Գրիգորյանը։ Նա ուսումնասիրել է միջազգային փորձը և եկել այն եզրակացության, որ զարգացած այն երկրներում, օրինակ Սկանդինավիայում, որտեղ ծնողները չեն արգելում, ընդհակառակը խրախուսում են ՆՈՒՀ-ում տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը, երեխան կախվածություն չի ունենում․ տեխնոլոգիայի գործնական կիրառումը դառնում է կրթության ակտիվ բաղադրիչ, այլ ոչ թե պասիվ միջավայր, երբ երեխան ոչ թե ուղղակի ժամերով նստում է համակարգչի առջև, այլ սովորում է դրա միջոցով․
«Մեդիագրագիտություն ասելով միայն թվային տեխնոլոգիաներ չենք հասկանում, մանավանդ մանկապարտեզների դեպքում սա պետք է ֆիքսել, որովհետև ծնողները շատ են անհանգստանում՝ մտածելով, որ երեխաները ողջ օրը էկրանի առջև են, բայց մեդիայի գործիքները նաև աուդիոգրքերն են, հեքիաթները, թերթերը, նկարները»,-ասում է Լուսինե Գրիգորյանը։
Հետազոտողների դիտարկումների հետ լիարժեք համաձայն չեն մանկավարժները․ քննարկմանը մասնակցող մեթոդաբանները շեշտեցին, որ երեխաների հետ աշխատելիս կիրառում են մեդիա գործիքներ․ դասավանդողները կազմակերպում են կինոդիտումներ, աուդիոհեքիաթներ են լսում, քննարկում։ Ըստ նրանց՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նախադպրոցական կրթության մեջ զարգացնում է երեխաների վերլուծական մտածողությունը։ Դասավանդողների մի մասն էլ կարծում է, որ մեդիագործիքների կիրառումը վաղ տարիքում, օրինակ՝ 3-4 տարեկանում ցանկալի չէ։ Եթե կարելի է որևէ բան տեսնել, լսել, շոշափել իրականում, ցանկալի չէ օգտվել հեշտ գործիքներից և երեխային համակարգչի առաջ թողնել։




