
Արդյո՞ք արևմտամետ Թբիլիսին ստիպված կլինի ընտրություն կատարել Թուրքիայի և Արևմուտքի միջև։ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո թուրք-ամերիկյան աճող լարվածության ֆոնին հարևան Վրաստանում անհանգստանում են, բայց փորձելու են չկանգնել երկու դաշնակիցներից որևէ մեկի կողքին։
Վրաստանում մտահոգվում են թուրք-ամերիկյան աճող լարվածությամբ, որն էլ ավելի է խորացնում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Արդյոք Թբիլիսին կհետևի ռազմավարական գործընկեր Վաշինգտոնի քայլին՝ ճանաչելու 1915-ի դեպքերը որպես ցեղասպանություն։ Թբիլիսիի «Ռոնդելի» կենտրոնի հետազոտող, փորձագետ Զուրաբ Բատիշվիլին «Ռադոլուրի» հետ զրույցում ասում է, որ այս փուլում Վրաստանը չի փոխի դիրքորոշումը մի քանի պատճառներով․
«Առաջինը՝ Թուրքիան Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, տասնյակ հազարավոր Վրաստանի քաղաքացիներ են աշխատում և ապրում Թուրքիայում, երկրորդը՝ երկու երկրներին կապում են այնպիսի ռազմավարական նախագծեր, ինչպիսիք են գազատարը (նկատի ունի՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում), նավթամուղը (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան), երկաթգիծը (Բաքու-Թբիլիսի-Կարս) և մյուսները: Այնպես որ, այս փուլում իմ կարծիքով քիչ հավանական է, որ Վրաստանի կառավարությունը փոխի իր դիրքորոշումը»:
Վրաստանը կառավարական մակարդակով երբևէ չի անդրադարձել Հայոց ցեղասպանության հարցին։ Բատիշվիլին, սակայն, չի բացառում ընդհանրապես՝ նշելով, դա հնարվոր է, երբ ԱՄՆ-ին հետևեն բազմաթիվ երկրներ, իսկ Թուրքիայի համար հարցն այսչափ ցավոտ չլինի։
ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության նախկին պատվիրակ, «Արձագանք» համայնքային հարթակի ղեկավար Գիորգի Թումասյանը նշում է, որ Վրաստանը որպես ԱՄՆ-ի և Արևմուտքի դաշնակից առնվազն ամեն տարի ապրիլիքսանչոսյան ուղերձով պետք է հանդես գա՝ հաշվի առնելով, որ առաջիններից է զգացել ցեղասպանություն վերապրածների ցավը՝ անցյալ դարում ապաստան տալով բազմաթիվ հայերի․
«Վրաստանը կանգնելու է ընտրության առջև՝ ում դաշնակիցն է՝ Արևմուտքի՝ քաղաքակիրթ աշխարհի, ԱՄՆ-ի, թե Թուրքիայի․ այսօր այս երկու ուղղությունները խիստ տարբերվում են»: Քաղաքագետ Գիա Նոդիայիի խոսքով, Վրաստանը փորձում է խուսափել որևէ ընտրությունից՝ առավելագույն հարաբերություններ պահպանելով բոլորի հետ․
«Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերություններն արդեն տևական ժամանակ լարված են, բայց դա մինչ օրս չի ազդել վրաց-թուրքական հարաբերությունների վրա։ Կարծում եմ՝ ապագայում ևս փոփոխություն չի լինի, եթե Արևմուտք-Թուրքիա առավել մեծ ու բաց հակամարտություն տեղի չունենա», — ասում է Նոդիան՝ միևնույն ժամանակ նշելով, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը դրամատիկ հետեւանքների չի հանգեցնի, չի ունենա քաղաքական ուղիղ ազդեցություն․ ուղղակի, ըստ նրա, Բայդենը վերջակետ դրեց ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման հարցին։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից հետո Վրաստանի կողմից փաստի ընդունմանը, նա չի կարծում, թե դա տեղի կունենա․ «Վրաստանը հանդես կգա տարածաշրջանային հետաքրքրությունների տեսանկյունից»։





