
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: ԱԺ պատգամավորներ Գի Տեսիեն, Ֆրանսուա Պուպոնին, Քսավիե Բրետոն, սենատոր Վալերի Բուայեն ծանոթացել են պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացրել է կենտրոնի պատմությունը, առաքելությունը, աշխատանքները՝ նշելով, որ այստեղ առողջական խնդիրներից բացի իրականացվում են հայրենիքի պաշտպանների կրթության ապահովմանը և զբաղվածությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր:

Պատգամավորներին ներկայացվել է նաև օրերս բացված պրոթեզավորման կենտրոնը: Հյուրերը հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով՝ բարձր գնահատելով կենտրոնի կատարած աշխատանքները։
Հանդիպման ավարտին նրանք շեշտել են, որ զնիծառայողների խնդիրները կշարունակեն լինել իրենց ուշադրության կենտրոնում:





