ԿարևորՀասարակություն

Խնդրահարույց հարցերից է անհետ կորած զինծառայողների որոնումը. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) մարդասիրական արձագանքման ստորաբաժանման Քաղաքացիների ընդունելության կենտրոնը շարունակում է իր աշխատանքները: Այնտեղ գործում է նաև «թեժ գիծ» անհայտ կորած զինծառայողների որոնման, մարդասիրական օգնություն ցուցաբերելու, աշխատանքի տեղավորման հարցում օժանդակելու և այլ խնդրահարույց թեմաներով տեղեկատվություն հավաքելու նպատակով, ասվում է ՌԴ ՊՆ կայքում տարածված հաղորդագրությանում:

«Այսօր մեզ դիմել է Արցախի 10 քաղաքացի: Հիմնական խնդրահարույց հարցերը մնում են անհետ կորած զինծառայողների որոնումը և գնդակոծությունների ժամանակ ավերված տների վերականգնումը: Եվ երկու ֆերմեր էլ խնդրեցին պայթուցիկ առարկաներից մաքրել իրենց այգեգործական հողամասերը»,- ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Սերովը:

Ընդհանուր առմամբ, մոտ 3600 մարդ դիմել է ընդունարան օգնություն ստանալու համար: Թեժ գծի միջոցով ստացվել է ավելի քան 800 զանգ:

Հեռախոսի միջոցով հաղորդած կամ անձամբ ներկայացած քաղաքացիների  դիմումները ստացող հերթապահ սպաները պետք է հստակեցնեն խնդրի բնույթը, հարազատներից պարզեն զինվորի անհայտ կորելու հավանական տարածքի մասին տեղեկությունները և գրանցեն նրանց կոնտակտային տվյալները: Բոլոր դիմումները մուտքագրվում են տվյալների բազա և ուղարկվում են համատեղ որոնման խմբին:

Հետագայում անհայտ կորածների որոնման աշխատանքներն իրականացնում են ՌԽԶ զինծառայողները` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button