ԿարևորՀասարակություն

Զինե՞լ, թե՞ զինաթափել սյունեցիներին․ մինչ ԱԺ-ն առաջինն է քննարկում, մարզպետը երկրորդի հարցն է լուծում

Արմեն Դավթյան
Սյունիք

Ինչո՞ւ է Սյունիքի մարզպետի հանձնարարականով ոստիկանությունը ձեռնամուխ եղել Սյունիքում որոշ զենքերի հավաքագրմանը՝ այն դեպքում, երբ մյուս կողմից խորհրդարանը քննարկում է սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու նախագիծ։ ՄԻՊ-ն էլ շարունակ անհանգստանում է սյունեցիների անվտանգության համար, իսկ որոշ միջադեպեր դառնում են անհանգիստ քննարկումների թեմա։ «Ռադիոլուրն» այս ու այլ հարցերի շուրջ զրուցել է Սյունիքի պատկան մարմինների հետ, նաեւ արավուսցի հովվից պարզել՝ ինչպես ծագեց միջադեպը նրա եւ ադրբեջանցիների միջեւ։  

Սյունիքի սահմանամերձ  բնակավայրերում ապրողներն անորոշ սպասումների մեջ են։ Մի կողմից խորհրդարանում նախագիծ է ներկայացվում սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք պահելը թույլատրելու մասին, մյուս կողմից խոսք է գնում, այսպես ասած, զինաթափման մասին։ Նման որոշում կայացրել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, եւ ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել զենքերի հավաքագրմանը։ Ի՞նչ զենքերի մասին է խոսքը, եւ ինչո՞ւ են պահանջում հանձնել՝ «Ռադիոլուրը» փորձեց պարզել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից:

«Էն ժամանակ, որ անցել ենք Սյունիքի պաշտպանության, զենք էին տվել բազաներից։ Հիմա ովքեր մարտական գործողությունների են մասնակցել, դաշտերից գտել են, իմ խնդրանքն այն է, որ նման զենք-զինամթերքը հանձնեն։ Այն մարդիկ, որոնք այս պահին մարտական խնդիր չեն կատարում, մարտական հերթապահություն չեն կատարում, զենքերը տանը դրված են։ Իմաստը ո՞րն է, սահմանամերձ գյուղում մի բաժակ խմեն, կրակեն, ասեն թուրքն է կրակում։ Էդ էր իմ ասելիքը»,-ասում է մարզպետը։

Մինդեռ մյուս կողմից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է իր մտահոգությունները փոխանցում՝ կարևորելով Սյունիքի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հրատապ անհրաժեշտությունը եւ փաստի կապակցությամբ դիմել է միջազգային կառույցներին։ Այս թեման նաեւ հանրապետության նախագահի հետ է քննարկել։ Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ հայկական դիրքերից հանում են այսպես ասած ՄՈԲ-ի՝ մոբիլիզացիոն ռեսուրսի ծառայողներին, ապա Սյունիքի մարզպետի հավաստիացմամբ՝ ոչ թե հանում են դիրքեր հանձնելու նպատակով, այլ նախատեսվում է սահմանամերձ բնակավայրերում ապրողներին ընդունել ծառայության։ Մելիքսեթ Պողոսյան. «Ամեն ուժային կառույց իր գործն է անում։ Մենք էլ խնդրել ենք, որ գումարտակը մի հատված տա երկրապահին, որպեսզի հենց գյուղում ապրողը ծառայի, սահմանամերձ գյուղերում ապրողի պահանջը դա է։ 

Դիտարկմանը, թե զենքերը հավաքելով բնակիչներն արդյո՞ք չեն ունենա անվտանգության խնդիր, Սյունիքի մարզպետն արձագանքում է՝ բացառված է։  

«Էն զենքերը կմնան, որոնց մնալը կանոնակարգված է, Տեղ գյուղում՝ ասենք, կամ այնտեղ, որտես սահմանամերձ գոտի է։ Շվեյցարիայի օրինակով, ասենք, արուժեյկա, սիգնալիզացիա, զենքերը համարակալված, դրանք պահվում են։ Իսկ անօրինական ապօրինի զենքերն ի՞նչ գործ ունեն մնան տանը, իմաստը ո՞րն է»։

Սյունիքի սահմանների անվտանգության հարցը շարունակում է մնալ օրակարգային, մարզպետն ասում է՝ քայլեր են ձեռնարկում այս ուղղությամբ։ Չնայած սահմանից հնչող կրակոցների եւ առանձին միջադեպերի մասին անհանգստություններին՝ մարզպետն ասում է՝ այս պահին  մարզի սահմանային բնակավայրերում վիճակը հանգիստ է։

Կարդացեք նաև

Back to top button