ԿարևորՀասարակություն

Ցեղասպանության ճանաչումը՝ անվտանգության լրացուցիչ երաշխիք

«Հայոց ցեղասպանություն» եզրույթի արտասանումը շրջադարձային փոփոխություն է մտցնում ամերիկյան քաղաքական ուղեգծում՝ հարուցելով Անկարայի զայրույթը: Ինչպիսի՞ դրսևորումներ կունենա այդ զայրույթը՝ ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ՝ քննարկվում են հենց ճանաչումից բխող հարցեր՝ ի՞նչ ռիսկեր է պարունակում Բայդենի՝ ապրիլի 24-ի ուղերձը, ի՞նչ ակնկալել դրանից և, վերջապես, ի՞նչ սպասել Թուրքիայից։

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն արտասանեց Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ առաջ բերելով մի շարք հարցեր։ Օրինակ՝ ինչպե՞ս է անդրադառնալու  Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության խնդրի վրա։ Կոնֆլիկտաբան Արսեն Խառատյան․

«Ասենք թե՝ հայտարարեց Բայդենը և, ի վերջո, գործադիրը ընդունեց, որ սա ցեղասպանություն է. արձանագրեցինք։ Վաղը ի՞նչ է լինելու։ Ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս է սա անդրադառնալու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, ինչպե՞ս է սա անդրադառնալու Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա։ Մի բան ակնհայտ տեսել ենք և տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության, անգամ 30 երկրների կողմից տարբեր մակարդակներով ճանաչումը՝ չխանգարեց, որ Թուրքիան Ադրբեջանի հետ այս ագրեսիայի մեջ մտնի։ Այս տեսանկյունից մենք որոշ եզրակացություններ եւ հետեւություններ ունե՞նք անելու»։

Արսեն Խառատյանի այս տարակուսանք-հարցի պատասխանը գտնում ենք  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի խոսքում։ Նա շեշտում է՝ վերջին 106 տարվա ընթացքում Թուրքիան անպատիժ է մնացել.

«Թուրքիան անպատիժ մնաց վերջին 106 տարվա ընթացքում և հանդգնություն ունեցավ այս տեսակի հարձակումներ ունենալ Հայաստանի և Արցախի դեմ։ Անխոս, ամերիկյան կառավարության խոսքն հստակորեն բացակայում էր 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հիմա ժամանակն է՝ նոր կառավարության գլխավորությամբ փոխել քաղաքականությունը այդ տարածաշրջանում»։    

Այդ փոփոխությունն սկսվել էր տարբեր քայլերով և հստակ հիմնավորվեց Ցեղասպանության ճանաչմամբ։ Ի վերջո, եթե չի տրվում արդար պատասխան Թուրքիայի ոճրագործությանը, հետևանքը լինում է այն, ինչ տեսնում ենք այսօր՝ շեշտում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը. «Ավելի հանդուգն մի Թուրքիա, որը կարծում է, թե այդ տարածաշրջանում կարող է լուծել իր խնդիրները ռազմական միջոցներով»։

Գերմանաբնակ ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանի գնահատմամբ՝ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանին չի տա շոշափելի ոչինչ։ ԱՄՆ-ի նպատակը պարզապես Էրդողանին կարգի հրավիրելն է․

«Ճանաչելու նպատակը մեր խնդիրները լուծելը չէր։ Ամերիկաթուրքական հարաբերություններում կան խնդիրներ, տարաձայնություններ, և Ամերիկան այս պահին փորձում է որպես ճնշման միջոց օգտագործել հայերի վիշտը, որպեսզի  կարգի հրավիրի Թուրքիային, նրա ղեկավար Էրդողանին, որը փորձում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, և դա չի թաքցնում»։

Այո՛, դա գործիք է Թուրքիային ճնշելու, զսպելու համար, և դա պիտի ընդունել որպես «ռեալ պոլիտիկի» մաս՝ ասում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։ Նա, սակայն, համոզված է, որ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունք է փոխվել, ինչը կարող է մեզ համար լինել լրացուցիչ անվտանգության երաշխիք, գործիք. «Ես կարծում եմ՝ հիմա անհրաժեշտ է, որ այդ հայտարարությունը դառնա ռեալ քաղաքական գործոն,  նպաստի նաև ՀՀ-ի և Արցախի անվտանգության երաշխավորմանը՝ դառնա երաշխիք, գործոն գործիք»։ Բայց դրա համար պետք է համապատասխան քաղաքականություն տարվի, լինի պետական մոտեցում՝ ասում է թուրքագետը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նույնպես ճանաչումը պայմանավորում է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ Թուրքիային պատժելու։ Ոմանք Հայոց ցեղասպանության ճանաչումը կապում են Սյունիքի հետ՝ հարցադրմամբ, թե՝ ինչու՞ հիմա։ Սուրեն Սարգսյանը մտահոգությունները արդարացված է համարում, բայց հնարավոր զարգացումները նա Բայդենի ուղերձի հետ չի կապում։  Ամերիկագետի համոզմամբ՝ այդ ճանաչումը ոչ թե արվել է մեզանից ինչ-որ բան տանելու համար, այլ որովհետև ինչ-որ բան  արդեն տարել են: 30 տարի Ամերիկան պնդել է, որ ԼՂ հարցում ռազմական լուծում չկա, մինչդեռ Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանը գնաց ռազմական լուծման՝ նկատում է քաղաքագետը: Հետևաբար, տեսակետը, թե ԱՄՆ նախագահի քայլն արվել է Հայաստանից էլի ինչ-որ բան պոկելու նպատակով, Սուրեն Սարգսյանը չի կիսում։    

«Ճանաչման փաստի ուժով չեմ կարծում, որ Սյունիքում ինչ-որ գործընթացներ լինեն, մանավանդ որ այս տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, առավելապես գտնվում է ռուսական և թուրքական ազդեցության տակ։ ԱՄՆ-ն բավականին հեռու է մեր տարածաշրջանից, բնականաբար՝ ունի ազդեցության լծակներ, հնարավորություններ, բայց  Հարավային Կովկասում  առավելապես ազդեցիկ են Ռուսաստանը, որովհետեւ Հայաստանի անվտանգության երաշխավորն է՝ նաև այդ առումով, և նաեւ Թուրքիան, որովհետև Թուրքիան էլ Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է»։  

Հնարավո՞ր է, որ այս փուլում Թուրքիան ընդգծված ագրեսիվ քայլեր կատարի։ Սուրեն Սարգսյանն ասում է, որը Թուրքիան դա կարող է անել միշտ, սակայն, տվյալ դեպքում  ճանաչումն ԱՄՆ նախագահի խոստումն էր իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին, և Հայաստանի Հանրապետությունն այստեղ կապ չունի:  Նա նկատում է, որ ամերիկացիներն արեցին ամեն բան, որ որոշումը Թուրքիայի համար շnկային չլինի. նախ եղավ արտահոսք, հետո ուղիղ զգուշացում Էրդողանին, որ   ապրիլի 24-ին Ցեղասպանություն եզրույթը հնչելու է։

Կարդացեք նաև

Back to top button