
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է իր հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը:
«Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է ՝ կրկին կանենք (կբնաջնջենք-խմբ.):
Դուք կրակեցի՞ք ու մենք չմահացա՞նք: Մահացանք: Սակայն նրանք, ովքեր մնացել են, չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և ինձնից հետո էլ չեն դադարեցնելու,- ասել է Փայլանը՝ շարունակելով, — Այս երկրի բարեխիղճ մեծամասնությունը ասպարեզը չի թողել քեզ նման ֆաշիստներին և չի էլ թողնելու…»:
Halkımı imha eden zihniyetin kalıntısı “yine yaparız” diyor.
— Garo Paylan — Կարօ Փայլան (@GaroPaylan) April 27, 2021
Siz vurdunuz da, biz ölmedik mi? Öldük. Ama geride kalanlar adalet mücadelesini hiç bırakmadı.
Benden sonra da bırakmazlar..
Bu ülkenin vicdanlı çoğunluğu, meydanı senin gibi faşistlere terk etmedi, yine terk etmezler.. https://t.co/EIb4spntxC
Հաջակցության Փայլանի՝ կուսակցական մի շարք գործիչներ Օզդաղին քննադատող հայտարարություններով են հանդես եկել:
Օզդաղը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով, վերջինիս Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ էր սպառնացել: Ազգայնամոլ գործիչը հետևյալ գրառումն էր արել. «Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:
Terbiyesiz tahrikçi adam. Çok memnun değilsen çek git cehennemin dibine. Talat Paşa vatansever Ermenileri değil senin gibi arkadan vuranları sürdü. Sen de zamanı gelince bir Talat Paşa deneyimi yaşayacaksın ve yaşamalısın. https://t.co/DicwpbvuAM
— Prof. Dr. Ümit Özdağ (@umitozdag) April 26, 2021
Ապրիլի 24-ին Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ սոցցանցում գրել էր. «106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալյաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալյաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է»:
Հայ պատգամավորը շարունակելով գրառումը, նշել էր. «Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:




