
Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպում է ունեցել Բասկերի երկրի խորհրդարանի նախագահ Բակարչո Տեխերիայի հետ։
Հանդիպման սկզբում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր երախտագիտությունն է հայտնել Բասկերի երկրի խորհրդարանին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարելու և այդ մասին ինստիտուցիոնալ հայտարարություններ ընդունելու կապակցությամբ։ Կողմերը համակարծիք էին, որ Բասկերի երկրի և հայ ժողովրդի միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը ամուր հիմք են ստեղծում քաղաքական երկխոսության ծավալման համար։
Բակարչո Տեխերիան իր ափսոսանքն է հայտնել, որ համավարակի պայմաններում հնարավոր չի եղել այց իրականացնել Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում դեսպան Կարմիրշալյանն ու Բակարչո Տեխերիան քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նաև գրառում է կատարել խորհրդարանի պատվո հյուրերի գրքում։




