
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի։
Ողջունելով Սենատի նախագահ Լարշեի ու սենատորների այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ իբրև վկայություն բերելով Հայոց ցեղասպանության տարիներին Եղեռնը վերապրած բազմաթիվ հայորդիներին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցությունը։
Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել Սենատի նախագահին և պատվիրակության անդամներին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրված ջանքերի համար։
Նորին Սրբությունը նաև հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Սենատի ներկայացուցիչներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերի համար։ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ հակառակ այդ ամենի, Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ սանձազերծեց պատերազմ, ինչն ունեցավ աղետալի հետևանքներ։ Նորին Սրբությունը նշել է, որ Եղեռնի վիշտը հայ ժողովուրդը նորովի վերապրեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իր սրտում ունենալով զոհված հայորդիների կորստի ցավը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ հաստատել է, որ այսօր էլ՝ հետպատերազմյան շրջանում, ադրբեջանական կողմը հանդես է գալիս ագրեսիվ կեցվածքով՝ շարունակելով սպառնալիքների իր հռետորաբանությունը և վտանգելով փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման և առկա հետևանքների հաղթահարման հարցում Նորին Սրբությունը կարևորել է միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը։
Զրույցի ընթացքում քննարկման առարկա է դարձել համատեղ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը Ադրբեջանի կողմից, մասնավորապես գերության մեջ հայտնված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։
Իր հերթին Սենատի նախագահ Լարշեն, անդրադառնալով այս օրերի այցելությանը, նշել է, որ իրենց նպատակը Հայաստանի հետ համերաշխության արտահայտումն է։ Խոսելով Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստանած հայերի մասին՝ պարոն Լարշեն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի համար դժվարին ժամանակաշրջանների հաղթահարման գործում նրանց մեծ ներդրում ունենալու համար։ Իր խոսքի ավարտին պրն․ Ժերար Լարշեն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իրենք հավատարիմ են Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ քսան տարի առաջ ստանձնած նախաձեռնությանը։
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ, ապա Սուրբ Գայանե վանքում ներկաէ գտնվել Սուրբ Պատարագի արարողությանը։




