
Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերից շատերի պատմությունները հարուստ են դրվագներով, որոնք որքան էլ սպիանան, միևնույնն է, սերունդների մտապատկերում անջնջելի դրոշմ են թողել։ Այդ պատմություններից մեկն էլ Գրիգոր Գուսայի՝ Կահիրեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի ընտանիքի պատմությունն է։
Թուրքական ջարդերից փրկված հայերը, սփռվելով աշխարհով մեկ, արդեն հարյուր տարուց ավելի պայքարում են ինքնությունը, լեզուն ու կրոնը պահպանելու համար։ Եգիպտոս գաղթած հայերի բախտն այս հարցում մի քիչ ավելի է բերել, քանի որ անվանի եգիպտահայերի շնորհիվ երկրում արդեն հայկական կուռ համայնք կար՝ կրթօջախներով, եկեղեցիներով, կայացած կառույցներով։ Ի վերջո՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը հենց Կահիրեում է կազմավորվել։
Երկրից երկիր անցնելով՝ Եգիպտոսում է հաստատվել նաև Գրիգոր Գուսայի՝ Կահիրեի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի ընտանիքը։ Թե ինչու Գուսա, հենց ինքն է բացատրում։

«Մեր Հալեպի առաջնորդարանի տոմարներով մինչև 1891–ը մեզ Գուսան էին անվանում։ Երբ թուրքերը եկան Հալեպ, արգելեցին հայերեն խոսել, հայերեն թերթեր տպել և հայկական պատկանելության ինչ անուններ կային, սկսեցին փոխել։ Օրինակ՝ Գուսան Գուսա ըրին, որպեսզի մեր արմատներեն մեզի հանեն, մոռնանք մեր պատմությունը, մոռնանք մեր արմատները, բայց մենք հոգով, սրտով հայ ենք։
-Իսկ ձեր մեծ պապի գրած գուսանական երգերից պահպանվե՞լ են։
-Ափսոս, չեմ գիտեր»։
Գրիգոր Գուսայի նախնիները Կիլիկիայի մայրաքաղաքում՝ Սիսում են ապրել, երգասաց՝ գուսան են եղել։ Գրիգոր Գուսան հոգով ու սրտով պահպանել է հայությունը, բայց ոչ մեծ պապի գրած երգերը։ Այժմ էլ խաչի պահապանն է՝ մահիկի կողքին։ Կահիրեի կաթողիկե եկեղեցու հարևանությամբ մահմեդական եկեղեցին է․ նույն տեսարանում խաչն ու մահիկն են՝ կողք կողքի:
«Ծանոթ եք Եգիպտոսի ավանդություններուն ու մտայնության, պետք է եկեղեցին մոտ մզկիթ ըլլա, որպեսզի ըսեն, թե մենք եղբայրաբար կապրինք իրար հետ, և մենք, փառք Աստծոյ, իրարու հետ խնդիր չունենք։ Սուրբ ծնունդին ու զատկին կուգան ինձի կշնորհավորեն, ես էլ իրենց տոներուն կերթամ, կշնորհավորեմ»։
Ուշագրավ էր եկեղեցու ու առաջնորդարանի բակ մտնելը։ Նախապես թույլտվություն էինք ստացել, մեզ սպասարկող մեքենան էլ դիվանագիտական համարներով էր։ Բայց մուտքի մոտ մեզ զինված մարդիկ դիմավորեցին ՝ համազգեստով ու դիմակներով։ Վարորդն արաբերենով բացատրում էր, որ մեր այցը նախապես պլանավորված է, ես էլ փորձում էի հասկանալ, թե ինչի մեջ ենք կասկածվում, որ մեզ զենքով են դիմավորում։ Ավելի ուշ պարզվեց, որ համազգեստավոր զինված մահմեդականները մեր եկեղեցու անվտանգությունն են պահպանում։

«2011-ին, երբ հեղափոխություն եղավ, մեծաթիվ զինված երիտասարդներ հարձակվեցան եկեղեցիներու վրա։ Այդ օրեն ի վեր նախագահը հրամայեց, որ միշտ պահակներ, ոստիկաններ ըլլան եկեղեցիներու մոտ, որպեսզի մարդ չմտնի և չխանգարե։ Մենք համբերությամբ հետներնին հարաբերություն կպահենք, երբեմն-երբեմն նվերներ կուտանք, որ մեզի լավ նայեն։ Իրենք լավն են, բարի են, ընդհանրապես չեն խանգարե, այլ կօգնեն մեզի, մենք էլ լավ աչքով կնայենք իրանց»։
Կահիրեի Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվի մտահոգությունն այլ է․ տեղի հայ համայնքից էլ են հայերը գաղթում։
«Վերջին տարիներուն, երբ սկսան հեղափոխությունը և արաբական գարունը, շատերը կըսեին «ասիգա մեզի համար դժվար է, մեր մանուկներու ապագայի համար կմտածենք» և սկսեցին երթալ։ Այլուր կփնտրեին հայկական դպրոց, եկեղեցի և հայկական միջավայր։ Մեր համայնքեն գրեթե 43 ընտանիք 2012-17 թթ․–ին հեռացավ, որովհետև իրենց երեխաների ապագային համար կմտածե»։
Տարագիր հայերից շատերը մինչ օրս էլ ոչ թե հարստության կամ փառքի են ձգտում, այլ խաղաղ երկինք են ուզում, որ զավակներին մեծացնեն ու հայ մեծացնեն։




