ԿարևորՀասարակություն

Թերացո՞ւմ, թե՞ ռեսուրսի պակաս․ ինչո՞ւ քաղաքացին չի վստահում պոլիկլինիկային

Քաղաքացիները հիմնականում չեն վստահում պոլիկլինիկաներում աշխատող բժիշկներին, նախընտրում են դիմել բժշկական այլ հաստատություններ․ Մարդու իրավունքների գրասենյակի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Սյուզաննա Սարգսյանն է արձանագրում՝ հիմք ընդունելով քաղաքացիներից իրենց հասած բողոքներն ու կարծիքները։ Մարդու իրավունքների պաշտպանն  իր տարեկան հաղորդման մեջ հատուկ է շեշտել այս խնդիրը՝ քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց ՝ դա պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությամբ ու բուժօգնության անարդյունավետությամբ։  

«Վերջերս մի ահազանգ ունեցանք, պոլիկլինիկայում աշխատող բժիշկը հենց ինքն էր անվստահություն հայտնել պոլիկլինիկայում արված հետազոտության վերաբերյալ և հորդորել էր երկրորդ անգամ անցնել հետազոտություն՝ հասկանալու՝ կա՞ հոսպիտալացման կարիք, թե ոչ և դրա համար, բնականաբար, հիվանդը ստիպված է եղել վճարել»,-ասում է Սյուզաննա Սարգսյանը։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը առողջապահական առաջնային օղակին առնչվող մի քանի խնդիր է առանձնացնում՝ նյութատեխնիկական ոչ բավարար հագեցվածություն, բուժսարքավորումների պակաս պոլիկլինիկաներում և տեղեկացվածության պակասն արդեն քաղաքացիների շրջանում։ Նրանցից շատերն, ըստ մասնագետի, չգիտեն, թե ինչպիսի օգնություն է նախատեսված պոլիկլինիկական ծառայության շրջանակում, տեղեկացված չեն, որ պոլիկլինիկաներն ամբողջական բուժում չեն տրամադրում, ուղղորդում են տվյալ հիվանդությամբ մասնագիտացված բժշկական հաստատություններ կամ զբաղվում առաջնային խնդիրների կանխարգելմամբ։ Խնդիրներրով հանդերձ՝ այս օղակի դերը շատ կարեւոր է՝ ասում է Մելիք-Նուբարյանը։

«Ես ուզում եմ շեշտել, որ առանց առաջնային օղակի մեր առողջապահական համակարգը ուղղակի կփլուզվեր, որովհետև, եթե խոսենք թվերով, տարեկան 400  հազար հոսպիտալացում է լինում, բայց 12 միլիոն այց պոլիկլինիկաներ, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի առնվազն 4 անգամ տարվա մեջ օգտվում է պոլիկլինկաների ծառայություններից, թեպետ նրանցից շատերը տարեցներ են ու երեխաներ»,-ասում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղեկալի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Չարխիֆալաքյանը, չնայած հնչած դժգոհություններին, դրական է գնահատում պոլիկլինիկաների աշխատանքը։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ ամսական 40-45 հազար մարդ այցելում է առաջնային բուժհաստատություններ։ Դրանց արդիականացման, բարեկարգման քայլեր էլ են ձեռնարկվել՝ շինաշխատանքներ, բացակայող բժշկական սարքավորումների ձեռքբերում, պարբերաբար վերապատրաստվում են պոլիկլինիկաներում աշխատող մասնագետները։ Բայց խնդիրներն էլ քիչ չեն, մասնավորապես, նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների պակաս կա՝ արձանագրում է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

«Նեղ մասնագետներից հիմնականում ուռուցքաբանի խնդիր ենք ունենում, պետպատվերի շրջանակում կան ծառայություններ, որոնք պոլիկլինիկան չի կարողանում մատուցել հիվանդին, որովհետև տվյալ հաստիքով աշխատող բժիշկ չունի։ Տվյալ հիվանդները ուղեգրվում են այլ պոլիկլինիկա, որտեղ կա տվյալ մասնագետը»,-ասում է Անահիտ Չարխիֆալաքյանը։

Պոլիկլինիկաների խնդիրների մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքացիները, այլև հենց պոլիկլինիկաներում աշխատող բժիշկները։ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետ Զոփունյանն ասում է՝ ահազանգեր են ստանում հենց բժիշկներից, թե բժիշկների այսպես ասած «ուսերին դրված» փաստաթղթային ավելորդ քաշքշուկը խանգարում է արդյունավետ աշխատել։ Ամենալուրջ խնդիրներից է բուժաշխատողների ցածր աշխատավարձը։ ՀԿ նախագահը կարծում է՝  պատասխանատու պետական կառույցները, մասնավորապես, առողջապահության նախարարությունը պետք է լուրջ աշխատանք տանի․

«Առաջնային օղակի կարիքները գնահատելու խնդիր ունենք, միայն առանձին մասնագետների կամ ՀԿ-ների գնահատականները քիչ են, մանավանդ համավարակի շրջանում մենք չենք ունեցել նախադեպ»,-ասում է Վիոլետ Զոփունյանը։

Ի պատասխան՝ առողջապահության նախարարի ընտանեկան բժշկության հարցերով խորհրդատու Սամվել Հայրումյանը շեշտում է հակառակը՝ անցած տարի՝ մինչև համավարակը, ձևավորվել էր աշխատանքային խումբ՝ ներառելով պոլիկլինիկաների տնօրենների։ Նպատակն էր մշակել ռազմավարություն՝ բարելավելու պոլիկլինիկաների աշխատանքը։ Covid-ով պայմանավորված՝ խմբի աշխատանքները դադարեցվել էին, այժմ քննարկումները վերսկսվել են, առաջիկայում նախատեսում են հանգամանորեն անդրադառնալ այս խնդրին։

Կարդացեք նաև

Back to top button