
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Երեկ Երևանում մեկնարկել է «Ատոմ 2013» հայ-ամերիկյկան եռօրյա շտաբային վարժանքը, որը կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ռազմաքաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման ծրագրի շրջանակներում:
Ըստ վարժանքի ծրագրի՝ Հայկական ԱԷԿ-ում տեղի է ունեցել վթար և վտանգավոր նյութի արտահոսք շրջակա միջավայր: Պատկան մարմինները շտապ կարգով համալիր միջոցառումներ են իրականացնում բնակչությանը լուրջ վտանգից պաշտպանության կազմակերպման ուղղությամբ:
Միջոցառման հիմնական նպատակներն են հղկել աղետներին արձագանքող ուժերի հմտությունները, ինչպես նաև կատարելագործել տեղական ու միջազգային կազմակերպությունների համագործակցությունը:
Աշխատաժողովին և վարժանքին մասնակցում են գրեթե բոլոր գերատեսչությունների, Շիրակի, Կոտայքի և Արմավիրի մարզերի, տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ դեսպանատան, Կանզասի ազգային գվարդիայի և ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի ներկայացուցիչները:
Նման միջոցառում մեր երկրում իրականցվում է արդեն 4-րդ անգամ։
Վարժանքի ընթացքին այսօր հետևել են արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նախարարը ներկայացրել է Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքները:
Ըստ նրա՝ 911 ծառայությունն օրական ստանում է մինչև 8 հազար զանգ և հաջողվում է ըստ անհրաժեշտության օպերատիվ կերպով արձագանքել տարբեր տեսակի արտակարգ պատահարներին:
Անդրադառնալով բուն վարժանքին՝ Արմեն Երիցյանը կարևորեց այն համատեղ ջանքերով իրականացումը:
Նա նշեց, որ զգալի աշխատանք է իրականացվում ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական բարձր պատրաստվածության ապահովման գործում: Այս առումով նա իր գոհունակությունը հայտնեց ամերիկյան կողմի հետ համագործակցությունից: Վարժանքի ընթացքից գոհ էր և ամերիկյան դեսպանը:




