ԿարևորՏնտեսական

12 ջրամբար՝ 10-15 տարում․ Հայաստանի այլընտրանքը՝ Թուրքիայի լայնածավալ ջրամբարաշինությանը

Թուրքիան Արաքս գետի վրա լայնածավալ ջրամբարաշինական ծրագրեր է իրականացնում։ Փորձագետները մտավախություն ունեն, որ համարժեք գործողություններ չձեռնարկելու դեպքում Հայաստանում ջրային ռեսուրսների լուրջ խնդիրներ կառաջանան։ Խնդիրներ, սակայն, այսօր էլ կան՝ պայմանավորված, օրինակ, Ախուրյանի ջրամբարի լցվածությամբ։ Կառավարության՝ մարտի 18-ի նիստում Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է դրան։   

Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ջրերը մի առվով չեն հոսում, բայց տարեկան 5 մլրդ խորանարդ մետր ջուր է  Հայաստանից հասնում Ադրբեջան ու Թուրքիա՝ ոռոգելով ոչ միայն նրանց, այլև մեր մյուս հարևանների դաշտերն ու այգիները։ Ինչո՞ւ  և  ինչպե՞ս են հայկական ջրերը հասնում Թուրքիա  և Ադրբեջան։ Հիմնական պատճառը՝ ռելիեֆն է՝ աշխարհագրական դիրքը։  Հայաստանից ջրերը հոսում են Կուր-արաքսյան ավազան, Թուրքիան էլ առիթը բաց չի թողնում ու, արդեն մի քանի տարի՝ լայնածավալ ջրամբարաշինական ծրագրեր է իրականացնում Արաքս գետի վրա։

Մեծ ու փոքր բազմաթիվ ջրաբարներից բացի՝ այս երկիրը նաև  ՀԷԿ-եր է կառուցում, ինչն   առաջիկայում  կհանգեցնի Արաքսի ջրային հոսքերի զգալի կրճատման։  Հայաստանի ազգային  ագրարային  համալսարանի  ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  վարիչ  Գուրգեն Եղիազարյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում մեր երկրի համար միակ ելքը ջրամբարներ կառուցելն է․

«Առանց ջրամբարաշինարարության  մենք չենք կարող այս խնդիրը արմատապես լուծել։ Այժմ մի քանի խոշոր ծրագրեր իրականացվում են՝ Վեդու ջրամբարն է կառուցվում, Կապսի ջրամբարի հետ կապված որոշ աշխատանքներ են իրականացվում, Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցումն է օրակարգում»։

Հայաստանի ջրային կոմիտեում  ջրային ռեսուրսների նվազման ռիսկեր տեսնում են։ Վստահեցնում են, սակայն, որ դրանք հաշվի առնելով՝  արագացրել են ջրամբարների   կառուցման աշխատանքները։ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ Կապսի ջրամբարում տարվող աշխատանքները առաջիկայում կմտնեն գործնական փուլ։ Կսկսեն հարակից Ջրաձոր համայնքի բնակիչների տարհանման աշխատանքներից։ Կառավարությունը որոշումն ընդունել է պատերազմից  ուղիղ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի  27-ին․ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն ասում է․

«Իրականում, ռիսկերը գնահատելով ենք սկսել արագացնել Կապսի ջրամբարի կառուցումը։ Դա թույլ կտա որոշ չափով ռիսկերը մեղմել ։ Ջրամբարում կուտակված ջուրը  նախատեսել ենք ջրագծով տեղափոխել դեպի Արմավիր ու Թալինի մայր ջրանցք, որտեղից էլ կկարողանանք ջուրը հասցնել գյուղացուն։ Սա կմեղմի ռիսկերը»։

Կապսի ջրամբարի կառուցումը կլուծի Արարատյան դաշտավայրի ոռոգման ջրի խնդիրը,- ասում է Ագրարային  համալսարանի  ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի  վարիչ  Գուրգեն Եղիազարյանը։ Մանրամասնում է՝ այս ջրամբարի կառուցմամբ Արփի լճի մոտ 60 մլն խորանարդ  մետր  ազատ հոսքերը կկուտակեն։

Համավարակն ու պատերազմը խանգարեցին Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը։ Աշխատանքները, հավանաբար, կավարտվեն եկող՝ 2022թվականի առաջին կիսամյակում։   Մոտ ապագայում հազիվ թե առաջընթաց գրանցվի Եղվարդի ջրամբարի կառուցման  գործընթացում։

Առաջիկա 10-15 տարիներին, ընդհանուր առմամբ, 12 ջրամաբար կկառուցվի Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում՝ մակերևութային ջրերը ամբարելու նպատակով։ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանն արձանագրում է․

 «Այս պահին մենք փորձում ենք նախագծի կարևորությունը ներկայացնել, հետագայում կաշխատենք նաև ներդրողների ուղղությամբ։  Ամեն դեպքում՝ այս պահին կա քաղաքական որոշում, որ այդ ջրամբարները, միևնույնն է, պետք է կառուցվեն»։

Ջրային կոմիտեի նախագահը չի ընդունում դիտարկումները, թե ջրամբարաշինական   աշխատանքները դանդաղում են։ Հիշեցնում է՝ ջրամբարը բարդ հիդրոլոգիական  կառույց է։ Այս պահին ջրամբարների լցվածության խնդիր չկա՝ բացառությամբ՝ Ախուրյանի ջրամբարի, որը թերլցված է։ Պատճառը դարձյալ Թուրքիայի լայնածավալ ջրամբարաշինական աշխատանքներն են։ Ախուրյանի ջրավազանում մոտ 50-55 մլն խորանարդ մետր   ջրի դեֆիցիտ է կանխատեսվում։ Խնդիրը պատրաստվում են լուծել Արփի լճի ջրամբարի ջրի հաշվին։ Այս ջրամբարից ավելի շատ Հայաստանի՞ն, թե՞ Թուրքիային է ջուր  հասնում՝ Գուրգեն Եղիազարյանը.

«Ախուրյանի ջրամբարը 30-40 տոկոսով է լցվում։ Կուտակված ջուրը 50 տոկոս մասնաբաժնով ենք վերցնում։ Եթե կուտակվում է 200 մլն խորանարդ մետր ջուր, մենք վերցնում ենք 100 մլն խորանարդ մետրը։ Նախագծային ցուցանիշը  250 մլն խորանարդ մետրն է»։

Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում Արաքսի գետի վրա Թուրքիան կառուցում է Քարաքուրթի ջրամբարն ու ՀԷԿ-ը։ Ջրամբարում նախատեսվում է ամբարել 590․մլն  խորանարդ  մետր  ջուր։ Սա Ախուրյանի ջրամբարի համար ներքին հոսանքի խնդիրներ կառաջացնի, ասում է Գուրգեն Եղիազարյանը։

Ջրային ոլորտի փորձագետն ընդգծում է՝ ոչ միայն Արաքս գետի, այլ նաև վտակների վրա է Թուրքիան ջրամբարներ կառուցում։  Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը  դժվարանում է գնահատել՝ արդյո՞ ք համարժեք են Հայաստանի քայլերը։ Ընդգծում է՝ գնահատում են տեսանելի ռիսկերը։

Կարդացեք նաև

Back to top button