
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել գրականագետ, ավստրալահայ հետազոտող Արա Քեթիբյանի հեղինակած «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և հետգրություն: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները» գրքի շնորհանդեսը:
Ցեղասպանությանը նախորդած և հաջորդած տարիներին ամերիկյան հեղինակավոր պարբերականում հրապարակված հոդվածներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում, արխիվային կարևոր նյութեր են, որոնք կարող են օգնել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է հեղինակը, նշել, որ աշխատանքը մի քանի հատորներում է ամփոփվում, այն ամբողջացնելու համար շուրջ 14 տարի է ծախսվել։
«Հավաքածուն միայն ցեղասպանության մասին չէ, թեպետ վերնագիրը հենց դրա մասին է խոսում։ Սա ամբողջական պատմություն է հայկական հարցի վերաբերյալ։ Օսմանյան կայսրության փլուզման տարիների քաղաքականության մասին է, եվրոպայի հետ ուենցող կապերի, շատ ընդարձակ է և արժեքավոր նյութեր է պարունակում։ Հատորները հասել են Քեմբրիջի, Օքսվորդի, Բոստոնի համալսարաններ, մեծ քաղաքների գրադարաններում կան, Կանադա են հասել, անգամ նոր Զելանդիա։ Արձագանքները գալիք մի քանի տարիների ընթացքում կլսենք»։
Երկու հատորներից յուրաքանչյուրը շուրջ 900 էջ ծավալ ունի։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտ Հայկ Մկրտչյանը հասցրել է ընթերցել միայն առաջին հատորը։ Նրա գնահատմամբ՝ գրքում ֆանտաստիկ արխիվային նյութեր կան, փաստեր, ապացույցներ Հայոց ցեղասպանության, ջարդերի, հայկական հարցի վերաբերյալ։
«Հարկային քաղաքականության մասին շատ հետաքրքիր հոդվածներ կան։ Օսմանյան կայսրության հայ ընտանիրքը վճարում էր հարկ տղա երեխա ունենալու համար և ամեն երեխայի հետ հարկերն աճում էին և սա սոցիալական շատ բարդությունների առաջ էր կանգնացնում հայ ընտանիքներին»։




