
Հայաստանում վաղվանից մեկնարկում են պատվաստումները դեռ երկու՝ բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» և ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութերով։ Հանրապետությունը սպասում է նաեւ չինական «Սինովակ» պատվաստանյութին՝ որպես նվիրատվություն։ Իսկ այս ընթացքում առողջապահական գերատեսչությունը մեծ աղմուկ բարձրացրած «Աստրազենեկա» պատվաստանյութի կիրառման որոշակի սահմանափակումներ է մշակել․ դրանով կպատվաստվեն 55-ից բարձր տարիքային խմբերը։ Առողջապահության նախարարն այսօր խոսել է այս թեմայով ու պարզաբանել՝ որքանո՞վ է տրամաբանական ինչ-որ առումով կասկածելի պատվաստանյութով պատվաստել հենց ռիսկային խմբերին։
Հայաստանը սկսում է զանգվածային covid-պատվաստումներն «Աստրազենեկայով»․ թիրախը ռիսկի խմբերն են։ Օրեր անց պատվաստումներ կարվեն նաեւ «Սպուտնիկ V»-ով․ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է տեղեկացնում։ Հաշվի առնելով «Աստրազենեկայի» կիրառման ցուցումների որոշակի փոփոխությունները՝ Հայաստանն ապահովության և անվտանգության համար մշակել է տարիքային որոշ սահմանափակումներ։
«Որոշում կայացրինք, որ «Աստրազենեկայով» պատվաստման համար ևս կսահմանենք տարիքային շեմ։ 55 տարեկանից բարձր քաղաքացիներին կպատվաստենք «Աստրազենեկայով»։ Առաջին ռիսկի խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են։ Բուժաշխատողների համար արդեն կսահմանենք 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցների համար ևս 55-ից բարձր»։
«Սպուտնիկ V» պատվաստանյութի քանակը սահմանափակ է, դրա օգտագործման համար ևս նախարարությունը տարիքային շեմ է հստակեցրել։ Դրանով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները և սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները։

«Ժամանակի ընթացքում այս ցուցումները միանշանակ կվերանայվեն։ Երբ մենք ունենանք «Սպուտնիկ V»-ի հաջորդ խմբաքանակը, 65–ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն Սպուտնիկ V-ով»։
Տարիքային այս տարաբաժանման նպատակը, նախարար Ավանեսյանի խոսքով, բուժաշխատողների համար չափորոշիչների հստակեցումն է։ Բուժաշխատողը հստակ կիմանա՝ ում որ պատվաստանյութով պետք է պատվաստի։ Արդյո՞ք սրանով Հայաստանը պատվաստվողներին չի զրկում պատվաստանյութի ընտրության հնարավորությունից, և որքանո՞վ է տրամաբանական ինչ-որ առումով կասկածելի պատվաստանյութով՝ «Աստրազենեկայով», պատվաստել հենց ռիսկային խմբերին․ գերատեսչության ղեկավարը բացատրում է՝ այս պահին պատվաստանյութերը փոքրաթիվ են, այդ պատճառով էլ բաժանման այս մեխանիզմն են գծել։
«Քաղաքացին ստանում է զանգ տեղամասային բժշկից, այցելում է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, բժիշկը նրան կտեղեկացնի, թե ինչ պատվաստանյութով է պատվաստվում, կտրվի ամբողջական ինֆորմացիա, և նա կպատվաստվի առկա պատվաստանյութով, որը նրան կհասնի»։
Այս պահին արդեն շուրջ 600 քաղաքացի հերթագրվել է պատվաստման համար՝ ասում է ՀՎԿԱԿ փոխտնօրեն Գայանե Սահակյանը։ Հերթագրվում են միայն ցանկացողները։ Թե քաղաքացին որ պատվաստանյութն է ցանկանում ստանալ՝ ցանկություններ չեն ընդունվում։
«Եթե մարդիկ հստակ ասում են, որ ես «Սպուտնիկ» եմ ուզում, այդ պահին չենք հերթագրում։ Հիմնական անհանգստացողները ռիսկի խմբի անձինք են և տարեցները։ Բոլորին մենք բացատրում ենք, բոլորին ասում ենք, որ կոնկրետ որևէ պատվաստանյութի համար չենք հերթագրում։ Հետագայում, երբ նախարարությունը հստակ քաղաքականություն ունենա, այդ մարդկանց հետ կկապվենք։

Մամուլում շրջանառվող լուրերը, որ «Աստրազենեկայով» են պատվաստվելու նաև զինծառայողները, նախարարը հերքում է․ զինծառայողները ռիսկի խումբ չեն, և այս պահին որևէ պատվաստում նրանց շրջանում չի իրականացվելու։ Իսկ թե ինչպես են բարձրացնելու հանրության վստահությունն աշխարհում մեծ աղմուկ բարձրացրած «Աստրազենեկայի» վերաբերյալ՝ Ավանեսյանն ասաց՝ պատվաստումների ընթացքը ցույց կտա, թե որքան մարդ է ցանկանում պատվաստվել բրիտանաշվեդական պատվաստանյութով։
«Ես կարծում եմ առաջիկայում, երբ սկսվեն պատվաստումները, մենք ականատես կլինենք՝ արդյո՞ք քաղաքացիներն ուզում են, պատվաստվում են, ինչպե՞ս է ընթանում, և բոլորիս հարցի պատասխանը կլինի այդ ժամանակ»։
Այն, որ «Աստրազենեկայով» պատվաստումները դադարեցրին շատ երկրներ, փաստ է։ Սակայն համաճարակաբան, ԵՊԲՀ ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը կասկածամտության այս համատեքստում շեշտում է՝ ԵՄ-ն փաստացի թույլատրել է սրանով պատվաստումները;
«Փաստ է, որ ԵՄ–ում այն արտոնված է, փաստ է, որ 18.5 մլն մարդ միայն ԵՄ-ում պատվաստվել է դրանով։ Իսկ 18.5 մլն-ից շուրջ 30 բարդություն՝ ստացվում է,որ դա հազվադեպ հանդիպող բարդություն է»։
Ի դեպ՝ Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրություն սկսել։ Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում է հարցի շուրջ։ Առողջապահական համակարգի ղեկավարը հուսով է, որ դեղագործական ընկերությունները հետաքրքրված կլինեն համատեղ արտադրություն բացելու հարցում։




