ԿարևորՀասարակություն

Մարդու և տիեզերքի առաջին «հանդիպումից» անցել է 60 տարի

108 րոպե. այսքան է տևել մարդու առաջին ուղևորությունը տիեզերք։ Ուղիղ 60 տարի առաջ այս օրը  Խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը «Վոստոկ» տիեզերանավով  իրականացրեց առաջին ուղեծրային թռիչքը երկիր մոլորակի շուրջ։ Երևանում՝ «Մոսկվայի տան»-նն այսօր տոնում էին  տիեզերքի նվաճման 60-ամյակը։

Բյուրականի աստղադիտարանի և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված գիտահանրամատչելի կոնֆերանսին  ներկա էին երկիր մոլորակից՝ տիեզերքով հետաքրքրվող գիտնականներ։ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անվան մեդալով պարգևատրված միակ գիտնականն է Հայաստանում. ասում է՝ թեպետ հայազգի տիեզերագնաց չուևնենք, բայց ունենք հրաշալի գիտնականներ, որոնց ներդրումն անգնահատելի է.

«Տիեզերական առաջին աստղադիտակների՝ Օրիոնի և Օրիոն-2-ի նախագծողը, տիեզերք ուղարկված առաջին արբանյակի հեղինակը հայազգի ակադեմիկ Գրիգոր Գուրզադյանն է, որի որդին այսօր ներկա է կոնֆերանսին։ Այսինքն. դեռ այն ժամանակ Գուրզադյանը հասկացել էր, որ կարելի է նայել նաև վերևից՝ ներքև, տիեզերքից՝ երկիր մոլորակին, և սա ուներ նաև ռազմավարական նշանակություն»,-ասում է Ռադիկ Մարտիրոսյանը։

Խորհրդային տարիներին Հայաստանում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել տասնյակ տիեզերագնացներ։ Հայաստանը մեծ ներդրում ունի տիեզերագնացության զարգացման  գործում,-ասում է  Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը.

«Գիտությունը, տեխնիկան և անգամ քաղաքականությունը տեղափոխվում է տիեզերական դաշտ։ Իհարկե. այս ամենը դեռ շատ թանկ է, դա պետք է գիտակցնեք։ Ես ավելի զարգացած մարդ, քան տիեզերագնացը, իմ կյանքում չեմ հանդիպել, իսկ ես ունեմ 15 տիեզերագնաց ծանոթներ՝ տարբեր երկրներից. և նրանք հիանալի տիրապետում են աստղագիտությանը։ Ես պրոֆեսիոնալ աստղագետ եմ, բայց նրանք ինձ հետ զրուցում են հավասարը հավասարի նման։ Եվ առհասարակ, տիեզերագնացը ամենահազվադեպ հանդիպող մասնագիտությունն է»,-ասում է Արեգ Միքայելյանը:

Կոնֆերանսում ելույթներ ունեցան Հայաստանում Ռուսաստանի դաշնության  արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի տնօրեն  Վահրամ Կարապետյանը, այլոք։ Տեսակապով ՝ տիեզերք թռչելու 60- ամյակի առիթ շնորհավորանքներ հղեցին տիեզերագնաց Ֆյոդոր Յուրչիխինը, Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների  պատրաստման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Սալիժան Շարիպովը։ Միջազգային կոնֆերանսին զուգահեռ բացվեց «Առաջինը տիեզերքում՝ մեր Գագարինը» ցուցահանդեսը։

Կարդացեք նաև

Back to top button