
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը վստահեցրել է, որ ամռանը կայանալիք Տոկիոյի Օլիմպիական խաղերին նա լավ մարզավիճակ ձեռք կբերի, «պատրաստ կլինի 200 տոկոսով»:
«Չեմ արդարանում, պարզապես չստացվեց այն, ինչի համար մեկնել էի առաջնությանը: Վնասվածքիս պատճառով չէի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել, բայց չեմ հուսահատվում: Գիտենք այս անհաջողության պատճառը և շարժվում ենք դեպի Տոկիոյի Օլիմպիական խաղեր, որին արդեն 200%-անոց մարզավիճակով ենք մասնակցելու»,- Զվարթնոց օդանավակայանում ասել է մարզիկը:
Սիմոն Մարտիրոսյանն այս առաջնության պոկում վարժությունում առաջին արդյունքը գրանցեց, իսկ հրումում 0 ստացավ։ Պատճառը, Մարտիրոսյանի խոսքով, վնասվածքն է, որը ստացել է Քարվաճառում խաչքարերը տեղափոխելու ժամանակ:
Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները երկամարտում նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն են դարձել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Գոռ Մինասյանը (+109 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ)՝ բրոնզե:




