
Որակավորման քննություն հանձնող վարորդների հերթերը նոսրացնելու, գործընթացը կանոնակարգելու և արդյունավետ կառավարելու համար կփոփոխվի այն նվազագույն ժամկետը, որից hետո վարորդներին թույլ կտրվի վերահանձնել քննությունը։ Նախագիծը կառավարության վերջին նիստի չզեկուցվող հարցերից էր։ Դրանով փոփոխություններ են նախատեսվում վարորդական իրավունքի համար քննություն հանձնելու կարգում:
Տեսական քննությունից դրական չստացած վարորդը կարող է նորից քննություն հանձնել նվազագույնը 7 օր անց։ Եթե դրական չէ նաև երկրորդ փորձի արդյունքը, հաջորդ տեսական քննությանը կարելի է մասնակցել վերջին քննության օրվանից նվազագույնը 1 ամիս անց:
Նույն ժամկետներն են գործում նաև գործնական քննության դեպքում։
Երևան քաղաքի հաշվառման-քննական ստորաբաժանումում գործնական և տեսական քննություն հանձնելու համար օրական դիմում է 110 թեկնածու։ Դիմողների միայն 40%-ն է դրական արդյունք ունենում։
Այսօրվա կարգավորումներով՝ քննությունը չհանձնածների մեծ մասը վերահանձնելու են գալիս հենց հաջորդ օրը՝ մեծացնելով տվյալ օրը քննություն հանձնողների հերթերը։ Այս հավելումների հետևանքով այսօր միայն մայրաքաղաքում քննություն հանձնել ցանկացողների թիվը 1400-ից չի նվազում։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ գործնական քննություն հանձնելու համար հերթերը ավելի մեծ են լինում․
«Դիմորդների պակաս չկա, լավ նորություն էլ ունենք․ երրորդ մեքենա են ավելացրել Երևանում, և ավելի շատ դիմորդներ կարող են քննություն հանձնել։ Հերթերի շատ գոյացումներ չկա տեսական քննության համար․ մեկ-երկու օրվա ընթացքում հանձնում են, բայց գործնականում 20-25 օրվա ընթացքում է հերթը հասնում։ Դա կախված է նրանից, որ դիմորդները միանգամից, առանց պատրաստվելու ուզում են քննությանը մասնակցել, իսկ դա հերթերի պատճառ է դառնում»։
Սերգեյ Ղահրամանյանի դիտարկմամբ՝ վկայական ստանալու համար դիմողների թիվը մի քիչ նվազել է պատերազմի ու համավարակի հետևանքով, իսկ կարգում, ժամկետներից բացի, առանցքային այլ փոփոխություններ չեն եղել։
Ասում է․ «Ընդհանուր առմամբ՝ ոչինչ չի փոխվել, բացի հերթերի կանոնակարգումից։ Դիմորդները պետք է ոչ թե շտապեն, որ շուտ հանձնեն կամ վերահանձնեն քննությունը, այլ պետք է պարապեն, սովորեն, որ քիչ սխալներ անեն։ Այդպես և՛ իրենց համար արդյունավետ կլինի, և՛ ուրիշների»։

«Ֆասթ Դրայվ» ավտոդպրոցի տեսական դասընթացների դասախոս Արտակ Շաքարյանը կարծում է, որ փոփոխությունները կարգում՝ ավելի արդյունավետ կդարձնեն իրենց աշխատանքը․
«Արդյունավետություն, բնականաբար, կա։ Առաջվա տարբերակով ծանոթներ ման չեն գալիս, ոստիկանի հետ անմիջապես կոնտակտի մեջ չեն մտնում։ Ուսանողները, ինչպես նախկինում էր, անմիջապես ավտոդպրոցից գնում են և վարորդական վկայական ստանում։ Ամեն սպասվող փոփոխությունից հետո ընդունելության հոսքը շատանում է, բայց հիմա բավականին վարորդական իրավունքի համար դիմող մարդկանց թիվը նվազել է»։
Մասնագետի տեղեկացմամբ՝ առաջիկայում կավելանան հարցերը քննական հարցաշարում։ Նրա կարծիքով՝ դա կնպաստի, որ ուսանողը լիարժեք տիրապետի երթևեկության կանոններին, եթե, իհարկե, հարցերի մեծ թվից չվախենա․ քննություն հանձնող վարորդների օգնող varord.am-ից տեղեկանում ենք, որ հարցաշարը կազմված է 32 թեստից, թեստերից յուրաքանչյուրը՝ 20 հարցից. անցողիկ է 18 ճիշտ պատասխանը։




