ԿարևորՏնտեսական

Մեկ հանք՝ երկու երկրի արանքում․մասնագետն առաջարկում է վերականգնել Սոթքի փակ հանքավայրը

Հայ-ադրբեջանական նոր սահմանագծին հայտնված Սոթքի հանքավայրի շահագործումը չի դադարեցվել։ Այն շարունակվում է ռուսական «Գեոպրոմայնինգ»-ի կողմից։ Հանքի ապագան, սակայն, հայտնի չէ։ Մասնագետները մտահոգ են՝ ինչպե՞ս կհաջողվի կազմակերպել հանքի համատեղ շահագործման գործընթացը, եթե դրա ներսում առկա են ոչ իրավաչափ հարցեր։ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը բացառում է՝ մեկ հանքը երկու երկիր շահագործել չի կարող։ Իսկ պատկան մարմինները վստահեցնում են՝ ամեն ինչ անում են, որ հանքի շահագործումը չդադարի։

Հայ–ադրբեջանական սահմանով բաժանված Սոթքի ոսկու հանքավայրը չի կարող  շահագործվել երկու տարբեր երկրի կողմից․ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանի դիտարկումն է։

«Իմ տեղեկություններով՝ հանքավայրը դեռ երկու մասի կիսված չէ։ Այս պահին ադրբեջանական կողմն այնտեղ շահագործում չի կատարում։ Ինչ վերաբերում է երկու տարբեր պետությունների կողմից հանքի շահագործմանը, ապա բաց հանքի դեպքում դա տեխնիկապես հնարավոր չէ»։

Անցած նոյեմբերին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների իրականացրած սահմանազատման աշխատանքների հետեւանքով ադրբեջանական կողմի ներկայացուցիչները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքավայր։ Հանքում այդպիսով ստեղծվել են աշխատողների անվտանգության խնդիրներ, իսկ հանքի շահագործման հետագան դարձել է խիստ անորոշ։ Դեռ խորհրդային տարիներից լայն թափով շահագործվող Սոթքը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի խոշորագույն հանքերից է։ Նախկին նախարարի խոսքով՝ ոսկու պաշարների մեծ քանակի մասին վկայում են և՛ կոնկրետ հաշվարկները, և՛ կանխատեսումները։

«Որոշ գիտնականներ այն տեսակետին էին, որ ինչքան Սոթքում խորանում ես, այդքան ոսկու պարունակությունը մեծանում է։ Հետագայում պարզվեց, որ այդ տեսությունը ճիշտ է»։

Հայաստանում ոսկու այլ հանքավայրեր ևս կան, հիմնականում՝ ոսկի-պղինձ-արծաթ-ցինկ բազմամետաղային հանքավայրեր, սակայն Սոթքի տնտեսական նշանակությունը երկրի համար ամենածանրակշիռն է։ 2020-ին ընկերությունը Հայաստանի 4-րդ ամենախոշոր հարկատուն էր, իսկ միայն 2019-ին շուրջ 13.7 միլիարդ դրամի հարկ էր վճարել։ Նախկինում հանքավայրը շահագործվել է փակ եղանակով, ներկայում՝ բաց։ Երկրագիտության ինտիտուտի ներկայացուցիչը հանքի հետագայի մասին իր պատկերացումն ունի։

«Արդեն ժամանակն է, որ մտածենք Սոթքի փակ հանքավայրը վերականգնելու մասին այն ընդերքում մի հսկա կառույց էր՝ իր ճանապարհներով, պահեստներով, օդի մղման տեխնիկական կենտրոններով, ջրահեռացման սարքերով։ Բացի այդ՝ փակ եղանակն ավելի քիչ է վնասում շրջակա միջավայրը»։

Ինչպես կընթանա հանքի հետագա շահագործումը՝ դեռ որոշակի չէ։ Սարգիս Շահազիզյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը համակարգող պետական գերատեսչությունը սահմանով երկու մասի բաժանված Սոթքին հատուկ ուշադրություն է դարձնում։ Նախորդիվ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ազգային ժողովում ներկայացրել էր հանքավայրի խնդրի շուրջ իրենց քայլերը։

«Առաջին իսկ օրերից մենք, որպես լիազոր մարմին, աշխատում ենք ռուսական կողմի հետ: Այս պահին ամեն ինչ արվել է և այսօր շարունակում է արվել՝ ամենշաբաթյա հանդիպումների և քննարկումների ինտենսիվությամբ: Այդ քննարկումներն իրականացվում են, աշխատանքները կազմակերպվում են, որ հանքի շահագործումը չդադարի, հանքավայրը շահագործվի նաեւ հետագայում, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»։

Այս ընթացքում հանքում աշխատողների անվտանգության խնդիրներին զուգահեռ մտահոգություններ են հնչում նաեւ աշխատողների՝ աշխատանքից զանգվածային ազատումների մասին։ Խորհրդարանում բարձրացվել էր հարց, որ հանքի շուրջ 300 աշխատողից մոտ 100-ն արդեն ազատվել է աշխատանքից։

Կարդացեք նաև

Back to top button