
Քաղաքագետներն ու վերլուծաբանները հավանական են համարում, որ այս տարի՝ Ցեղասպանության 106–րդ տարելիցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համարձակ կգտնվի և ոչ թե կմանևրի ձևակերպումների մեջ, այլ ի վերջո կարտասանի Ցեղասպանություն բառը։ Նման ազդակներ քաղաքագետները ստանում են նաև Պետդեպից։ Ցեղասպանության ճանաչման հավանականությունը ամերիկագետ Սուրեն Սարգսյանն առավել մեծ է համարում, քան երբևէ։
«Իհարկե, չի կարելի միանշանակորեն պնդել, որ Բայդենը կօգտագործի այդ եզրույթը, բայց միանշանակորեն կարելի է պնդել, որ որևէ վարչակազմ այդքան մոտ կանգնած չի եղել Ցեղասպանության եզրույթի կիրառմանը, որքան կանգնած է այս վարչակազմը»,-նշում է Սարգսյանը։
Նախորդ ապրիլի 24-ին և այս տարի դրա նախօրեին իրավիճակներն էականորեն տարբեր էին՝ Հայաստանը դեռ չէր կորցրել Արցախի մեծ մասը, իսկ Միացյալ նահանգներում այլ վարչակարգ էր իշխում։ Ինչպե՞ս է փոխվել ճանաչման ակնկալիքը, ի՞նչ կփոխի Ցեղասպանության ընդունումը մեր արտաքին քաղաքականության մեջ․ ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է մեկնաբանում․
«Նոր նախագահ է եկել՝ նոր քաղաքական թիմով և խոստում է տվել իր քաղաքացիներին, այսինքն՝ Միացյալ նահանգների ազգությամբ հայերին։ Բայդենի խոստումը տրված չէ Հայաստանին, տրված է իր քաղաքացիներին, սա շատ կարևոր առանձնահատկություն է, որ մենք պետք է հաշվի առնենք։ Ինչ կտա մեր արտաքին քաղաքականությանը՝ կախված է մեզնից։ Այս ճանաչումը որպես ճնշում կարող ենք անընդհատ օգտագործել Թուրքիայի նկատմամբ»,-նշում է ամերիկագետը։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը հիշեցնում է՝ Միացյալ նահանգները պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի ՝ պատերազմից հետո ձևավորված սահմանները չի ճանաչում, սա նշանակում է, որ Արցախյան հարցը Միացյալ նահանգները լուծված չի համարում․
«Ես, համենայնդեպս, հույս ունեմ, որ այս անգամ Ջոզեֆ Բայդենը կկատարի իր խոստումը, որովհետև այդ մասին նրա աշխատակազմից են ասել։ Միացյալ նահանգների նման լուրջ պետությունում Սպիտակ տան աշխատակազմի աշխատակիցը կամ պետքարտուղարը հենց այնպես հայտարարություն չեն անում։ Պարզապես ինձ անհանգստացնում է, որ մերոնք ջուր պղտորեն»։
Իսկ ջուրը, Չաքրյանի կարծիքով, կարող է պղտորվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր օրակարգի պատճառով։ Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման շուրջ ընթացող քննարկումներն իրարամերժ են և բևեռացված։ Արդյո՞ք այս գործընթացը կարող է ազդել Ցեղասպանության ճանաչման՝ Բայդենի վարչակազմի դիրքորոշման վրա։ Փորձագետների կարծիքներն այս հարցում գրեթե համընկնում են։

«Հայաստանի իշխանությունների կողմից հնչող հայտարարություններն առ այն, որ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունններ շտկել, օգտագործվում են թուրքական լոբբիստների և դիվանագիտության կողմից Վաշինգտոնում։ Նպատակ ունեն ստիպել Բայդենին չճանաչել Ցեղասպանությունը՝ ասելով, որ դա կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, այսինքն՝ այս աշխատանքը հստակ տարվում է։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները գնում են հենց այն սցենարով, որը տարիներ շարունակ փորձել է առաջ մղել Թուրքիան»,-ասում է Սարգսյանը։
«Այն, ինչ Փաշինյանն է ասում՝ ստեղծված նոր իրավիճակում պետք է համագործակցություն ապահովենք տարածաշրջանում հօգուտ Հայաստանի ու Արցախի, ճիշտ չէ, այդ համագործակցությունը հօգուտ Ռուսաստանի է։ Բայց Պուտինն իր հաշվարկներում կարծես թե սխալվել է, քանի որ Բայդենը Մյունխենյան վերջին կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ Միացյալ նահանգները վերադառնում է տարածաշրջան։ Այսինքն, եթե տարածաշրջան վերադառնա, թիկունքը դատարկ է մնում, ուրեմն պետք է վերականգնի ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի քաղաքական ներկայությունը Հարավային կովկասում»,-ասում է Հակոբ Չաքրյանը։
Նախագահական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ՝ 2019-ի սեպտեմբերին, դիմելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, թեկնածու Բայդենը 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները կոչել էր Ցեղասպանություն և հավելել՝ Ամերիկան պետք է մեկընդմիշտ հաստատի այդ հարցում իր դիրքորոշումը:




