ԿարևորՀասարակություն

Ուրարտական նոր գտածոներ` Կարմիր բլուրում

Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ընթացքում ՝ Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարության ժամանակ,  շինարարները խեցեղեն իրեր ու բեկորներ են հայտնաբերել, ինչի մասին տեղեկացրել են Էրեբունի արգելոց-թանգարանի աշխատակիցներին:  Օրեր անց մասնագետները սկսել են պեղումներ իրականացնել։ Գտածոները ուրարտական շրջանից են:

«Կարող ենք փաստել, որ Կարմիր բլուրի ծայրամասում մենք ֆիքսել ենք մարդու գործունեություն։ Հայտնաբերել ենք նաև քարե կառույց, որը կարող է լինել պատ կամ դամբարան, այդ մասին, կարծում եմ, 1-2 օրից կարող ենք խոսել»,-ասում է թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Միքայել Բադալյանն ասում է՝ եթե համավարակը չխանգարի, աշնանը պեղումներ կիրականացնեն ավստրիացի հնագետների մասնակցությամբ, որոնց հետ դեռ 2019 թվականին հետազոտություններ են իրականացրել և սքանավորել Կարմիր բլուրի մի շարք հատվածներ՝ հողի տակ բազմաթիվ կառույցներ հայտնաբերելով․

«Պեղումներն իրականացնում ենք կամավորության սկզբունքով։ Ողջունելի է այն, որ ամեն օր նոր կամավորներ ենք ունենում։ Սա շատ կարևոր է, մարդիկ պետք է սիրեն հնագիտությունը, ճանաչեն իրենց մշակույթը, դառնան դրա կրողը և տարածողը»,-ասում է թանգարանի տնօրենը։

Թանգարանի տնօրենն ասում է՝ բազմաթիվ ծրագրեր ունեն, համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ, պատրաստվում են բարեկարգել Կարմիր բլուրի տարածքը, մասնավորապես՝ վերգետնյա ինֆո-կենտրոն բացել, լուսավորել շրջակայքը, անգամ գինու հնձան ունենալ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ուրարտական հագուստ կրել և մասնակցել գինու պատրաստմանը։ Միքայել Բադալյանն ասում է՝ բլուրի տարածքն անմխիթար վիճակում էր,  4,2 հեկտար տարածքը կամավորները դժվարությամբ են մաքրել  շինաղբից։  Սեփական մշակութային արժենքերի նկատմամբ այս վերաբերմունքը թուլացնում է մեզ՝ ասում է զրուցակիցս և Թուրքիայի օրինակը բերում՝ Վանում փորձում են ստեղծել  ուրարտական ամենամեծ հավաքածուն ունեցող թանգարանը։

«Ուրարտուի ժառանգը լինելու է նա, ով ամենալավն է պահելու ուրարտական ժառանգությունը, գրքեր է հրատարակելու դրա մասին, թանգարաններ է ունենալու։ Մենք ասում ենք, որ Ուրարտուի ժառանգներն ենք, բայց Կարմի բլուրը աղբի մեջ կորած էր տարիներով։ Հենց սա է, ինչից մեր թշնամիները լավ օգտվում են»,-նշում է Միքայել Բադալյանը։

Այս պահին գտնված խեցեղենը թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում լվացվում և մաքրվում է, որոշ բեկորներ ամրացվում են։ Թանգարանի տնօրենն ասում է՝ պեղումները  կավարտվեն ապրիլի 11-ին, դրանից հետո, ըստ սահմանված կարգի, եռամսյա ժամկետում նախարարությանը եզրակացություն կներկայացնեն։

Կարդացեք նաև

Back to top button